Հայաստանի ուղղությամբ ճնշո՞ւմ. հայկական կողմը ի՞նչ կարող է սպասել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սկսված զորավարժություններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 1-ից Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը համատեղ ռազմա-տակտիկական զորավարժություններ են սկսել, որոնց ընթացքում կօգտագործվեն հրետանային տեխնիկա, զրահապատ տրանսպորտային միջոցներ, ականանետեր, մարտական և տրանսպորտային ուղղաթիռներ, ինչպես նաև կմասնակցեն հակաօդային պաշտպանության և զենիթահրթիռային ստորաբաժանումներ:

Հայկական կողմը ինչ կարող է սպասել այս զորավարժություններից, որևէ կերպ այն կազդի՞ սահմանային լարվածության աճին, ArmLur.am-ը փորձեց պարզել քաղաքագետ Լևոն Շիրինյանից:

-Պարո′ն Շիրինյան, այսօր Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը համատեղ ռազմա-տակտիկական զորավարժություններ են սկսել: Ինչի՞ մասին կարող է խոսել սա:

-Համատեղ գործողություններ են, որոնց նպատակը պարզ է. զինվորական ուժի հնարավորությունների ցուցադրումն է կամ մշակումը, բայց դա կարելի է դիտել նաև Հայաստանի ուղղությամբ ճնշում: Նաև մի ուրիշ բան կա. Ռուսաստանի հանդեպ ճնշման ցուցադրություն, կարող է Իրանի հանդեպ, պարզ է, որ հետսովետական տարիներին թուրքերը ռիսկ չէին անում մտնել այդպիսի զինավարժությունների մեջ: Ճնշումը Հայաստանի վրա միշտ է լինելու, մինչև Արցախի հարցով այդ խաղաղության պայմանագիր կոչվածը չլինի: Մանավանդ ճնշումը կմեծանա այնքան ժամանակ, ինչքան մենք ավելի հետամնաց կդառնանք, չենք զարգանա:

-Զորավարժություններից բացի, ապրիլի 28-ին Մոսկվայում, ռուսական կողմի նախաձեռնությամբ, կայացավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Ձեր կարծիքով այն դրական արդյունք կապահովի հայկական կողմի համար:

-Ադրբեջանի հետ ցանկացած հանդիպում հիմա անիմաստ է: Մինչև Ադրբեջանը չկատարի Վիեննայի և Մոսկվայի հանդիպումների որոշումները, սահմանային գոտում լարվածություն կլինի, այդ դուդուկահարներ և այլն… Գնում են ի՞չ անեն, իմաստ չունի, ապացույցն այն է, որ ոչ մի արդյունք չի եղել այսքան ժամանակ: Եթե սահմանային գոտում գյուղերի վրա հարձակումներ ես գործում, հանդիպում ենք ի՞նչ անենք:

Հայկական կողմը պետք է դնի նախապայման, բայց դրա համար կազմակերպված պետություն է պետք: Այդ պետությունը ուժեղ պետք է լինի չէ՞, իսկ հիմա զբաղված են ընտրություններով, կառավարության մեջ տեղեր են բաժանում, ով է ինչ դառնալու, հողը փորեցին պատգամավոր դառան, հիմա էլ հող են փորում, որ նախարար, նախարարի տեղակալ դառնա՞ն:

Արփինե Թովմասյան




Լրահոս