Հարց քաղաքացիներից` քաղաքացին ի՞նչ թղթեր պետք է ներկայացնի, որպեսզի տեղափոխվի և ապրի ծերանոցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ տեղափոխվել ծերանոց: Ոչ ոք չկա, որ ինձ օգնի: Խնդրում եմ ասեք՝ ես ո՞ւր կարող եմ դիմել, ի՞նչ թղթեր պետք է ներկայացնեմ, որպեսզի տեղափոխվեմ եւ ապրեմ ծերանոցում: Նշեմ, որ ունեմ մեկ տղա:

Մանուկ Հայրապետյան (75 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշման՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունները (տուն-ինտերնատները) շուրջօրյա լրիվ խնամքով ապահովում են տարեց (65 տարին լրացած) եւ (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց:
Տուն-ինտերնատ ընդունվելու համար քաղաքացին կամ նրա ներկայացուցիչը պետք է դիմի իր փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային մարմին՝ ներկայացնելով հետեւյալ փաստաթղթերը.
1. անձնագիր կամ նույնականացման քարտ.
2. հաշմանդամության վերաբերյալ տեղեկանքը՝ տրված բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մարմնի կողմից, եթե անձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է որպես հաշմանդամություն ունեցող անձ.
3. անձի բժշկական քարտը՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի ու Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համատեղ հրամանով հաստատված ձեւին համապատասխան (բլանկը տրամադրվում է սոցիալական աջակցության տարածքային մարմնի կողմից):

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի եկավար Ա. Գրիգորյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ անհրաժեշտ ձեւերը լրացվելուց հետո քաղաքացին այդ փաստաթղթերը պետք է ներկայացնի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն հաշվառման եւ ապա տուն-ինտերնատում տեղավորման համար: Ի դեպ, բնակարանի առկայությունը տուն-ինտերնատ ընդունվելու համար խոչընդոտ չէ: Տուն-ինտերնատում խնամվողները ստանում են իրենց կենսաթոշակի ապահովագրական մասը:




Լրահոս