Որտեղ են կորչում բանակի փողերը. ՊՆ-ն ընդդեմ Տարոն Մարգարյանի ընկերության. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն օրերս դիմել է դատարան՝ պահանջելով «Դանինի» ՍՊԸ-ից բռնագանձել 51 մլն դրամ՝ ավելի քան 105 հազար դոլար: Հայցի համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ «Դանինի» ՍՊԸ-ն չի կատարել ՊՆ հանդեպ պարտավորությունները եւ փորձել «քցել» պետությանը:

Նկատենք, որ «Դանինի» ՍՊԸ-ն տարիներ շարունակ եղել է բյուջետային տարբեր կազմակերպությունների կարիքների համար պետական գնումների մրցույթները հաղթողների արտոնյալ շարքում: Սակայն ՍՊԸ-ն գրեթե միշտ մրցույթները շահել է անազնիվ եղանակով. 2013թ. ՎՊ-ն բացահայտեց, որ պետական գնումների մրցույթում հաղթած «Դանինի» ՍՊԸ-ն ապրանքները մատակարարել է շուկայականից շատ ավելի թանկ գներով, եւ այդպես բյուջեից մեծ գումարներ էին վատնվել:

Բայց այս պատմության մեջ ուշագրավ է մեկ այլ փաստ. «Դանինի» ՍՊԸ-ն, շրջանառվող լուրերի համաձայն, սերտ առնչություն ունի Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ (Դեռ 2013թ. «Հայկական ժամանակն» էր գրել, որ ըստ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության՝ «Դանինի» ընկերության հիմնադիրը Շավարշ Դանիելյանն է, որը «Ավան» ունիվերսամի տնօրեն Աղասի Դանիելյանի ազգականն է, եւ այդ ՍՊԸ հեռախոսահամարներն էլ «Ավան» ունիվերսամի հասցեում են գրանցված, իսկ ունիվերսամը պատկանում է Տարոն Մարգարյանին. նրա հայտարարագրում էլ ունեցած անշարժ գույքի մեջ նշված է նաեւ 820 քմ տարածքով «Ավան» առեւտրի կենտրոնը): Ահա թե ինչի հետեւանքով է այս ընկերությունը մշտապես շահել պետական գնումների մրցույթները: Ու հիմա Տարոն Մարգարյանի հետ առնչություն ունեցող այս «Դանինի» ՍՊԸ-ն պարզապես «քցում է» պետությանը, պաշտպանության նախարարությանը, ընդ որում՝ բավական մեծ գումարներ: Թե ո՞վ է այս ամենի անմիջական պատասխանատուն, ինքներդ կարող եք գուշակել. երբեք բանակում չծառայած, բայց եւ հարմար պահի կամուֆլյաժով սելֆիներ անող Տարոն Մարգարյանն ու իր թիմակիցները, որոնք, փաստորեն, հրաժարվում են պետբյուջեին վճարել այդ 105 հազար դոլարը:

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություն ստանալու համար երեկ դիմեց քաղաքապետարան, որտեղից պատճառաբանելով, որ քաղաքապետը զբաղված է քարոզարշավով, հրաժարվեցին մեր հարցին պատասխանելուց: Ենթադրում ենք՝ Տարոն Մարգարյանն այսօր կշտապի հերքել իր առնչությունը «Դանինի» ՍՊԸ-ի հետ: Բայց ինքներդ եք հասկանում՝ նման դեպքերում ամենաճիշտ պաշտպանությունը «սուխոյ ատկազն է»: Հետո՞ ինչ, որ հրապարակված փաստերը ՀՀԿ-ականների դեմ են խոսում: Գլխավորը ընտրություններում քվեներ գնելն է, առանց փամփուշտ մնացած զինվորները դեռ կսպասեն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս