ՀԱՐՑ. Տղաս սովորում է Երեւանի տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի ապահովագրական գործ բաժնի 2-րդ կուրսում: 1-ին կուրսը ավարտելուց հետո զորակոչվեց Հայոց բանակ: Զորացրվելուց հետո հիմա շարունակում է ուսումը: Ծառայել է Հադրութի շրջանում: Վարձը կազմում է 550 հազար դրամ:
Ուզում եմ իմանալ՝ նրան վարձավճարի զեղչ հասնո՞ւմ է, թե՞ ոչ: Եթե ոչ, խնդրում եմ պարզաբանել, ինչո՞ւ: Նշեմ, որ նրա զինվորական գրքույկում գրված է, որ մասնակցել է մարտական հերթապահության, մինդեռ նա համարվում է պատերազմի մասնակից: Ի դեպ, 1-ին կիսամյակում վարձից 30 տոկոս զեղչ է արվել, իսկ հիմա պատճառաբանում են, թե բալերը բավարար չէ:
Արտակ Մխիթարյան (43 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Այս հարցը կարգավորվում է «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4.1 մասով՝ բարձրագույն ուսումնական հաստատությունը վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն տասը տոկոսին՝ ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն յոթ տոկոսի չափով իր միջոցների հաշվին՝ հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը եւ սոցիալական խումբը, իրականացնում է ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցում՝ հետեւյալ կարգավիճակ ունեցող ուսանողներին.
-մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողներին առնվազն 30 տոկոս:
Ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցումից ուսանողը կարող է օգտվել բարձրագույն ուսումանական հաստատությունների կողմից բակալավրի եւ մագիստրոսի համար սահմանված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը հաղթահարելու դեպքում:
Ինչ վերաբերում է 2016թ. սպրիլի 2-6 ընկած ժամանակահատվածում մարտական գործողությունների մասնակցած ուսանողներին, ապա համաձայն ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 2016թ. սեպտեմբերի 1-ի թիվ 01/06-2/10525-16 գրության, զինվորական գրքույկներում համապատասխան նշման առկայության պարագայում նրանց տրամադրվում է ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում (50 տոկոս եւ ավելի):
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ուսման վճարը մասնակի փոխհատուցող ուսանողական նպաստների չափը սահմանում է եւ այն տրամադրելու գործառույթներն իրականացնում է բուհը:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Նաիրա Հարությունյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ տնտեսագիտական համալսարանում 2014-2015 ուսումնական տարում զեղչվել է թվով 632 ուսանողի ուսման վարձ: Այս բուհում վճարովի հիմունքներով սովորողների թիվը 6 հազար 300 է: