Ինչպես հայտնի է` երբ ԿԸՀ-ն հրապարակեց պատգամավորական մանդատից հրաժարավելու դիմում ներկայացրած թեկնածուների ցանկը, «Ծառուկյան» դաշինքի թեկնածուներից մի քանիսը հայտարարեցին, թե իրենք ինքնաբացարկի մասին որևէ դիմում չեն ներկայացրել: Արդեն երեկ ԿԸՀ նիստում «Ծառուկյան» դաշինքի 23 թեկնածուներից 12-ը ԿԸՀ-ում հայտարարեցին, որ չեն հրաժարվում իրենց մանդատից:
Նիստի ընթացքում որոշվեց, որ մանդատ ստանա 8 թեկնածու՝ Արարատ Զուրաբյանը, Սերգեյ Բագրատյանը, Արթուր Մանուկյանը, Նապոլեոն Ազիզյանը, Խաչիկ Մանուկյանը, Արտյոմ Ծառուկյանը, Հարություն Ղարագյոզյանը եւ Վահան Կարապետյանը: Մյուս չորս թեկնածուների՝ Մուշեղ Սաղաթելյանի, Ալիկ Եղիկյանի, Մանուկ Սուքիասյանի եւ Հրանտ Դավթյանի ինքնաբացարկի դիմումները չեղյալ համարվեցին, քանի որ նրանք անցողիկ տեղերում չէին, ձայների հաշվարկի արդյունքում մանդատ այնուամենայնիվ չստացան:
Այժմ ներկայացնենք, թե ապրիլի երկուսին կայացած խորհրդարանական ընտրություններին այս տասներկու թեկնածուներն ինչպիսի արդյունք էին ապահովել:
Թեև Արարատ Զուրաբյանը գտնվել է դաշինքի անցողիկ տեղում`վեցերորդ հորիզոնականում, սակայն առաջադրված է եղել նաև վարկանիշային ընտրակարգով և թիվ չորս ընտրատարածքում ստացել էր 1870 ձայն, որը ութերորդ ցուցանիշն է:
Այս ընտրատարածքում առաջադրված էր նաև Նապոլեոն Ազիզյանը. հենց նա էր այս ընտրատարածքի առաջատարը` 4348 ձայն: Հիշեցնենք, որ նրա ինքնաբացարկի դիմումը մամուլում դեռ շատ վաղուց էր հայտնվել և սկանդալի առիթ հանդիսացել:
Մանդատ ստացավ նաև Սերգեյ Բագրատյանը, ով առաջադրված էր թիվ 12 ընտրատարածքում, որն ընդգրկում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը: Այստեղ նա ստացել էր 4033 ձայն և չորորդ ցուցանիշն էր: Նա մանդատը ստացել է համամասնական ցուցակով:
Խաչիկ Մանուկյանն իր ընտրատարածքում ևս առաջատարն էր. նա Արագածոտնի մարզն ընդգրկող ընտրատարածքից ստացել էր 5675 ձայն: Բողոքարկման շնորհիվ նա ևս մանդատ ստացավ:
Իսկ ահա Վահան Կարապետյանը 8728 ձայն էր ստացել թիվ երկու ընտրատարածքում՝ Աջափնյակ, Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններ:
Երեկ վերջին րոպեներին պատգամավորական մանդատը փրկեց նաև Հարություն Ղարագյոզյանը, ով առաջդրված էր թիվ երեք ընտրատարածքում: Նա այստեղ ստացել էր 8483 ձայն և կրկին առաջատարն էր:
Չնայած Արտյոմ Ծառուկյանը թիվ մեկ ընտրատարածքում առաջատար չէր, սակայն Արթուր Մամոյանի ինքնաբացարկի և հենց իր բողոքարկման շնորհիվ մանդատ ստացավ: Նա այս ընտրատարածքում ստացել էր 5104 ձայն՝ երկրորդ ցուցանիշ: