ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հանձնարարությամբ` առողջապահության նախարարության մասնագիտական խումբն այսօր շրջայց է կատարել Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն, «Մուրացան» հիվանդանոցային համալիր, «Էրեբունի» և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ` երեկ ծնված հնգյակի առողջական վիճակի մասին տեղեկանալու, անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Յուրաքանչյուր բժշկական կազմակերպությունում առանձին գնահատվել է նորածինների առողջական վիճակը, քննարկվել են խնամքին ու բուժմանն առնչվող հարցերը:
Մասնագետների գնահատմամբ` երեխաներից 3-ի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, 2-ինը` ծայրահեղ ծանր։ Մասնագետները գտնում են, որ խորը անհասության պարագայում վիճակի զարգացումների հետագա ընթացքի վերաբերյալ կանխատեսումներ անել դեռևս վաղ է:
Մասնագիտական խումբը հանդիպել է նաև նորածինների հարազատներին, ներկայացրել իրավիճակը բժշկական տեսանկյունից, պարզաբանել հարցերը:
Նշենք, որ նորածինների բուժման ընթացքը գտնվում է նախարարության և անձամբ նախարարի ուշադրության ներքո։Մասնագետների այցերը կլինեն շարունակական։