«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը երեկ կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել: Թվում է, թե շատ կարեւոր գործ է անում ՀՀԿ առաջնորդը, սակայն իրականում քննարկված հարցերը լուրջ տարակուսանքի տեղիք են տալիս: Իշխանությունները մտադիր են նախորդ տարվա դեկտեմբերին ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խմբին առանձին կարգավիճակ տալ, բյուջեից ֆինանսավորել:
«Սերժ Սարգսյանին, մասնավորապես, ներկայացվել են հակակոռուպցիոն նոր մարմնի կարգավիճակին, դրա կազմավորմանը եւ գործառույթներին, անկախության երաշխիքներին, ինչպես նաեւ բյուջետային ֆինանսավորմանը վերաբերող մի շարք հարցեր»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Իսկ ինչն է տարակուսելին. նախաձեռնությունը, մեղմ ասած, անհարմար դրության մեջ է դնում այն մարմիններին, որոնց գործառույթների մեջ է մտնում նաեւ կոռուպցիայի դեմ պայքարը։ Հիշեցնենք, որ ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը, ԱԱԾ-ն կոռուպցիայի դեմ պայքարի առանձին ստորաբաժանումներ ունեն, ու այս քայլով Սերժ Սարգսյանը ցույց է տալիս, որ այդ կառույցները վատ են աշխատում:
Իսկ եթե ստեղծվելիք նոր մարմնի գործառույթների մեջ մտնելու է միայն կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում օրենսդրական մեխանիզմների մշակումը, ապա այդպես էլ անհարմար վիճակում են հայտնվում ԱԺ-ն ու կառավարությունը. ի վերջո, օրենք գրելու գործառույթները Սահմանադրությամբ վերապահված են հենց այս երկու պետական մարմիններին: Ամեն դեպքում պետք է նկատենք, որ Սերժ Սարգսյանի իշխանությունն այս տարիներին հետեւողականորեն վարկաբեկել է պետական կառույցներն ու թուլացրել դրանք: Հերթական փորձը երեկ էր»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: