Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում երեկ տեղի է ունեցել «Եվրատեսիլ-2017»-ում Հայաստանը ներկայացնող Արծվիկի երկրորդ փորձը, որից հետո սկսված քվեարկության արդյունքներով նրա ելույթը ճանաչվել է լավագույնը:
Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ստեղծագործական խմբի որոշմամբ` այս տարվա բեմականացման ընթացքում լեդային էկրանների վրա կներկայացվեն հայկական զարդարվեստն ու թռչնապատկերները` ժամանակակից կատարմամբ, հին զարդանախշերը, որոնք բացառիկ իրավունքով տրամադրել է «Հայկական դրոշմազարդ կտավ» և «Հայկական զարդարվեստ » գրքերի հեղինակ Արմեն Քյուրքչյանը:
«Հայկական ժառանգության բացառիկ նմուշները կներկայացվեն նորաձև գունային լուծումներով` խորհրդանշելով Արծվիկի անվան նշանակությունն ու մրցութային երգի վերնագիրը, որը թարգմանաբար նշանակում է «Ճախրիր ինձ հետ»: Հայկական զարդարվեստը հայի ազգային ինքնության ամենավառ արտահայտություններից մեկն է: Լինելով արևմուտքի և արևելքի միջև դարեր շարունակ ընթացող երկխոսության վկան՝ հայկական զարդարվեստը այդ երկու մեծ մշակույթների կրողն է և կներկայացվի եվրատեսիլյան բեմից», – փոխանցեցին նրանք: