Հայաստանում օրերս բացվել է մասոնական նոր օթյակ: Այդ նպատակով Երեւան էր ժամանել Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական կազմակերպության ղեկավար, մեծ վարպետ Քրիստոֆ Աբբասը: Վերջինս հանդիպել է նաեւ ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:
Ինչպես հայտնի է՝ մասոների նկատմամբ մեր հասարակությունը ոչ միանշանակ վերաբերմունք ունի: Դեռեւս տարիներ առաջ լուրեր էին շրջանառվում, որ այդ կազմակերպության անդամ է համարվում նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, սակայն առաջին նախագահի թիմակիցներն էլ հայտարարում էին, որ դա սուտ է, եւ այդպիսի ապատեղեկատվությունը շրջանառության մեջ է դրվում Վազգեն Մանուկյանի թեթեւ ձեռքով: Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթը Վազգեն Մանուկյանից հետաքրքրվել է, թե ինչո՞վ էր պայմանավորված իր հանդիպումը Աբբասի հետ:
-Պարո՛ն Մանուկյան, ինչո՞վ էր պայմանավորված Ձեր հանդիպումը Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական կազմակերպության ղեկավար, մեծ վարպետ Քրիստոֆ Աբբասի հետ:
-Ուզեցել են հանդիպել, եկել են հանդիպել ենք, ինչն է պրոբլեմը, իրենց ուղեկցող սփյուռքահայերից մեկը զանգեց, խնդրեց, որ հանդիպենք, հանդիպեցի, ոչ մի պրոբլեմ չկա այդտեղ:
-Համենայն դեպս, պաշտոնական հանդիպում է եղել, ի՞նչ հարցերի շուրջ եք խոսել:
-Ո՛չ, պաշտոնական հարցերը որո՞նք են, ինչ որ լրատվականներին տվել է մեր մամուլի պատասխանատուն, դրանից ավել բան չի եղել:
-Հայաստանում ոչ միանշանակ վերաբերմունք կա այդ կազմակերպության նկատմամբ: Դա չի՞ մտահոգել Ձեզ:
-Ես գիտեմ, բայց ինձ համար դա նշանակություն չունի: Ես կարծում եմ, որ բոլոր ուժերի հետ, որոնք քիչ թե շատ դերակատարություն ունեն աշխարհում, պետք է հանդիպել, խոսել, ես այդտեղ ոչ մի պրոբլեմ չեմ տեսնում:
-Այդ կազմակերպությունը շատ փակ, գաղտնի եւ խորհրդավոր կազմակերպություն է…
-Ցանկացած ժողովրդի մեջ մի ինչ-որ հատված կա գավառական, որը ուրիշ ձեւով է նայում այդ բաներին, պետք չէ հարմարվել իրենց: Կառույց է, որը որ նշանակություն ունի աշխարհում, եւ եթե իրենք ուզում են հանդիպել, բնական է, որ պետք է հանդիպել, եւ ցանկացած կառույցի հետ որ խոսում ես, պետք է քո պետական, ազգային հարցերը փորձես առաջ տանել:
-Իսկ ինչո՞ւ են հենց Ձեզ հետ ցանկացել հանդիպել:
-Դա արդեն իրենց հարցրեք, ինձ մի հարցրեք:
-Հայաստանում բացվել է «Մեծ Արեւելքի» մասոնական օթյակ: Ի՞նչ ընկալում դա կունենա:
-Այդ բաները ես չեմ իմանում, ճիշտն ասած: Իրենց տեխնիկական կազմակերպական հարցերի հետ գործ չունեմ, դրա համար ինձ այդպիսի հարցեր մի տվեք, տեղյակ չեմ ուղղակի:
-Նորմա՞լ եք վերաբերվում այդ փաստին:
-Ինչն է բանը, եթե պետական օրենքների խախտում չկա, թող բացեն: Հազարավոր կազմակերպություններ հիմա ստեղ բացել են, հիմա ամեն մի կազմակերպության համար նստենք, առանձին քննարկե՞նք:
-Ճանաչու՞մ եք մարդկանց՝ ՀՀ իշխանության ներսում, որոնք այդ կազմակերպության անդամ են:
-Ես չեմ ճանաչում, ինչու իշխանություններից, ցանկացած մարդ էլ կարող է, բայց ես չեմ ճանաչում, այնպես որ, իմը չէ այդ հարցը:
-Գուցե Դո՞ւք էլ որոշեք անդամակցել այդ օթյակին:
-Ես ավել բան չունեմ ասելու: Դուք հիմա ինձ հետ խոսեցիք ավելի շատ, քան տեւեց հանդիպումը:
Վահագն Հակոբյան