Այդ թատրոնները պետությունը պահում է, որ հազարավոր մարդկանց սովի չմատնի. Արա Խզմալյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհում քիչ երկրներ կան, որոնք, ինչպես Հայաստանը, շուրջ երկու տասնյակ պետական թատրոն ունենալու «ճոխություն» են իրենց թույլ տալիս: Թատերագետ Արա Խզմալյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատել է` այդ թատրոնները պետությունը պահում է մի նպատակով` որ հազարավոր մարդկանց սոցիալական կարիքները որոշ չափով բավարարի: Նրա համար անհասկանալի է, թե այս պայմաններում ինչպես է հնարավոր խոսել մշակույթի կապիտալիզացիայից:

-Պարո՛ն Խզմալյան, հաճախ է խոսվում այն մասին, որ այսօրվա թատրոններից շատերը հանդիսատեսի պահանջը հասկանալու խնդիր ունեն, սոցիալական առումով չեն զգում ժամանակը: Սա ինչի՞ հետ է կապված:

-Ռեժիսորների մասնագիտական էգոցենտրիզմի: Նրանք, տարվելով սեփական մտահղացումներով, հաճախ անտեսում են այն հանգամանքը, որ թատրոնը գնահատվում է հանդիսատեսի արձագանքի շնորհիվ: Ճաշակից եւ էսթետիզմից բացի` թատրոնն իր պատմության ընթացքում ձգտել է նաեւ բավարարել տարբեր խավերի մարդկանց` մտավորականի, բանվորի, առեւտրականի պահանջը: Վերջերս, օրինակ, ներկա էի վավերագրական թատրոնի կանոններով բեմադրված մի ներկայացման (ռեժիսոր, դերասանուհի Նարինե Գրիգորյան, պիեսի հեղինակ` Սառա Նալբանդյան), որի շրջանակում արծարծվող թեմաները այնքան սրտամոտ էին հանդիսատեսին, որ հանդիսատեսի հետ հաղորդակցություն հաստատելու համար մեծ ջանք չպահանջվեց:

-Մյուս կողմից էլ մեր թատրոններին սպառնում է բազմակենտրոն մտածողությամբ դրամատուրգների պակասը:

-Այո՛, թատրոնն ու դրամատուրգիան, եթե համեմատենք արվեստի մյուս ճյուղերի հետ, ամենաշատն են արտացոլում իրական կյանքը, պարզապես սնվում են կյանքի ազդակներից: Իսկ հայ դրամատուրգների լոկալ մտածողության երկու հիմնական պատճառ կա. նախ` մենք չենք սիրում տարակարծություն. այդ է պատճառը, որ հասարակական քննարկումների ընթացքում մարդիկ հեշտությամբ անցնում են անձնական վիրավորանքների: Սա ազգային խառնվածքի խնդիր է: Եվ երկրորդ` մեր դրամատուրգները շատ լայն աշխարհայացք չունեն, նրանց մտածողությունը նեղ է, այնինչ՝ դրամատուրգիան ինքնին աշխարհայացք է: Կյանքը փոխել ձգտելու, հրապարակախոսական երանգներով տեքստեր գրելու կարիք ամենեւին չկա: Իրականում կա կյանքը ընկալելու, ոչ թե փոխելու խնդիր: Հիշենք Չեխովին, որը փոքր երեւույթների մեջ տեսնում էր մեծ բաներ, իսկ մերոնք հաճախ մեծ երեւույթները մանրացնում են:

-ՀՀ վարչապետի կողմից շրջանառության մեջ մտած «մշակույթի կապիտալիզացիայի» գործընթացը, ըստ Ձեզ, ինչպե՞ս կարելի է իրականացնել հայ թատրոնի պարագայում:

-Նախ` եկեք մշակույթի կապիտալիզացիա հասկացությունը չտեղափոխենք տնտեսական ոլորտ, դրա իրականացումը չհասկանանք ռեստորաններ, սրճարաններ բացելով (դա մշակութային տարածքի կապիտալիզացիան է): Մշակույթի կապիտալիզացիա նշանակում է ստեղծել վաճառքի ենթակա մշակութային արդյունք, ապահովել, օրինակ, ներկայացման եկամտաբերությունը: Իսկ մենք այսօր քանի՞ ներկայացում ունենք, որը կարող է իր վրա ծախսված գումարները հետ բերել: Պետք է հասկանանք, որ պետական միջոցներով հարկավոր է ստեղծել գեղարվեստական արդյունք եւ գրագետ կազմակերպման հետեւանքով մեծացնել դրա հանդեպ հասարակական հետաքրքրությունը: Աշխարհում քիչ երկրներ կան, որոնք շուրջ երկու տասնյակ պետական թատրոն ունեն, ինչպես Հայաստանը:

Մենք մեզ թույլ ենք տալիս այդ ճոխությունը` իմանալով, որ թատրոններից շատերը գեղարվեստական արդյունք չեն տալիս, դրանք դուրս են երկրի մշակութային պրոցեսներից: Այդ թատրոնները պետությունը պահում է մի նպատակով. որ հազարավոր մարդկանց սովի չմատնի: Այսինքն` պետությունը նպաստ է տալիս տվյալ կառույցներին մարդկանց պահելու համար: Սա ակնհայտ սոցիալական քաղաքականություն է, եւ դեռ հարց է, թե ինչպես է այս պայմաններում հնարավոր խոսել մշակույթի կապիտալիզացիայից: Հակասական իրավիճակներ կան, եւ չգիտեմ, թե ինչպես պետք է նշյալ խնդիրները լուծվեն:

Աննա Բաբաջանյան




Լրահոս