Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում մեկնարկել է «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Այսօր մրցող երկրների թվում ելույթ կունենա նաև Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը:
Արծվիկը ելույթ կունենա 16 համարի ներքո: Մրցույթն այս տարի կմեկնաբանեն Առաջին ալիքի հաղորդավարներ Ավետ Բարսեղյանն ու Գոհար Գասպարյանը, իսկ ահա հայաստանյան միավորները կհայտարարի «Եվրատեսիլ 2016»-ի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը:
Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ` այս տարվա բեմականացման ընթացքում լեդային էկրանների վրա կներկայացվի հայկական զարդարվեստն ու խորհրդանշական թռչնապատկերները:
Հայկական ժառանգության բացառիկ նմուշները «Հայկական դրոշմազարդ կտավ» եւ «Հայկական զարդարվեստ» ձեռնարկներից են: Հին զարդանախշերի գեղարվեստական մշակումները բացառիկ իրավունքով տրամադրել է նշված ձեռնարկների հեղինակ Արմեն Քյուրքչյանը:
Արծվիկի հետ բեմում կլինեն երկու պարուհիներ, ովքեր պարային բեմականցման ընթացքում կկրեն հայկական արծաթյա զարդեր եւ ձեռքերի յուրահատուկ շարժմամբ կփորձեն ներկայացնել թռչնի շարժում: Արծվիկի հետ նույն բեմում կլինեն նաեւ երեք բեք-վոկալիստներ: