Մայիսի 17-ին Երևանում տեղի կունենա համաժողով, որին կմասնակցեն օրգանական գյուղատնտեսական արտադրանք թողարկող ՓՄՁ-ները և ոլորտով հետաքրքրված այլ անձիք:
Համաժողով-քննարկումը նախաձեռնվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) կողմից համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագրի շրջանակում:
Մասնակիցներին օրգանական արտադրանքի արտադրման կարևորագույն փուլերի, միջազգային փորձի, օրգանական արտադրանքի իրացման եվրոպական շուկայի և Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ համաժողովի ընթացքում նյութ կներկայացնի և նրանց հուզող հարցերին կպատասխանի Գերմանիայի Դաշնությունից հրավիրված պրոֆեսոր Շտեֆան Դրեեսմանը: Ինչպես նաև մայիսի 18-20-ը ՓՄՁ-ներին օրգանական հումք մատակարարող ֆերմերների համար սեմինար–քննարկումներ կիրականացվեն Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում:
Համաժողովին մասնակցելու համար ոլորտի ՓՄՁ ներկայացուցիչները կարող են մինչև մայիսի 12-ը գրանցվել՝ իրենց կոնտակտային տվյալները ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին կամ զանգահարելով 093420062:
Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը խթանելու և ոլորտի արտադրողներին օժանդակելու նպատակով 2015թ-ից մեկնարկեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) համատեղ «Օրգանական գյուղատնտեսական զարգացման» անվճար ծրագիրը:
Ծրագրի շրջանակում հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված ֆերմերները հնարավորություն են ստանում Բանկի և NABU-ի համատեղ ֆինանսական աջակցության շնորհիվ ստանալ օրգանական սնունդ արտադրողի հավաստագրում և անհամեմատ մեծացնել ոլորտի արտադրանքի թե՛ ավելացված արժեքը, թե՛ արտահանման հեռանկարները:
«Օրգանական գյուղատնտեսության զարգացման»՝ 2017-2018թթ. կայանալիք մրցույթի մասին տեղեկություն ստանալու համար հետևե՛ք ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի պաշտոնական կայքէջին: