Հարց քաղաքացիներից` ծնողի հաշմանդամության կարգը կարո՞ղ է արտոնություն տալ զորակոչվողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ունեմ 2-րդ կարգի հաշմանդամություն: Շուտով տղաս պետք է զորակոչվի հայկական բանակ: Խնդրում եմ ասեք` իմ հաշմանդամ լինելու հանգամանքը կարո՞ղ է որեւէ արտոնությունից օգտվելու հնարավորություն տալ: Խնդրում եմ ասեք` մենք ի՞նչ արտոնություն կարող ենք ունենալ:

Անուշիկ Հայրապետյան (52 տարեկան, 2-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Հայրապետյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում եմ, որ զորակոչի ենթակա անձի ծնողի կողմից հաշմանդամություն ունենալու դեպքում զորակոչիկին օրենքով նախատեսված արտոնությունները (ընտանեկան պայմաններից ելնելով` տարկետում կամ բնակության վայրին մոտ ծառայության նշանակվելու) սահմանված են «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասում եւ 13-րդ հոդվածում:

Առավել մանրամասն տեղեկատվություն կարող է ներկայացվել դիմումատուի ընտանեկան վիճակը հստակեցնելու դեպքում:

ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավար, ՔՀԾ 1-ին դասի պետական խորհրդական Գ. Հայրապետյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչից ընտանեկան պայմաններից ելնելով` տարկետում տրվում է այն քաղաքացուն, ով ունի.

1) 65 տարին լրացած կամ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող կամ երկրորդ խմբի հաշմանդամություն (որը սահմանվել է ինքնասպասարկման ապահովման ունակության երկրորդ աստիճանի կենսագործունեության սահմանափակման հիմքով) ունեցող կամ դատարանի վճռով անգործունակ ճանաչված ծնողներ կամ միայնակ ծնող, եթե ծնողները կամ միայնակ ծնողը`

ա. չունեն այլ զավակ, կամ

բ. ունեն այլ զավակ, ով անչափահաս է, կամ ունի հաշմանդամության խումբ, կամ դատարանի վճռով ճանաչված է անգործունակ, կամ գտնվում է պարտադիր զինվորական ծառայության մեջ.

2) առանց մոր մեծացող երեխա.

3) երկու եւ ավելի երեխա.

4) առաջին խմբի հաշմանդամություն ունեցող կամ երկրորդ խմբի հաշմանդամություն (որը սահմանվել է ինքնասպասարկման ապահովման ունակության երկրորդ աստիճանի կենսագործունեության սահմանափակման հիմքով) ունեցող կամ դատարանի վճռով անգործունակ ճանաչված կին:




Լրահոս