Այսօր իսպանացի գեղանկարիչ Սալվադոր Դալիի ծննդյան օրն է: Նա համարվում է սյուրռեալիզմի հիմնադիրը:
Դալիի արվեստը ծագում է հենց սյուրռեալիստական էսթետիկայից, որտեղ նա գտել է իրեն ամենամոտիկ մոտիվները։ Այն բոլոր սյուժեները, որոնք տեղափոխվում են Դալիի մեկ նկարից մյուսը, բացում են հեղինակի ապրումների աշխարհը, այդ բոլոր սյուժեները գտան իրենց արտացոլանքը նաև պոեմների և ֆիլմերի մեջ, որոնք Դալին նկարահանում էր Լուի Բյունուելի հետ համատեղ («Անդալուզական շունը» 1928 թ, «Ոսկե դար» 1930 թ)։ 1936 թվականին Դալին անսպասելի և ընդգծված մասնագիտական շեղում է կատարում դեպի իտալական կլասիցիզմ։
1940 թվականին Դալին մեկնեց ԱՄՆ, որտեղ նա ապրեց մինչ 1948 թվականը։ Իր արվեստի մեջ Դալին ներգրավել էր ամենատարբեր աղբյուրներ՝ նիդերլանդական ռեալիզմ, իտալական բարոկկո, աբստրակցիոնիզմ, փոփ-արթ։ Դալիի ավելի ուշ նկարները, որոնք հաճախ կրոնական թեմատիկա էին կրում, ավելի դասական են իրենց ոճի մեջ, օրինակ՝ «Կորպուս Գիպերկուբուս» (1954, Մետրոպոլիտան թանգարան, Նյու Յորք) և «Վերջին Ընթրիքը» (1955, Ազգային արվեստի թանգարան, Վաշինգտոն)։
Դալի Ատոմիկուս (Dali Atomicus) – 1948 թ. լուսանկարիչ՝ Ֆիլիպ Հալսման, պատկերում է թռչող երեք կատուներ, օդում՝ Սալվադոր Դալին և մի դույլ ջուր։
Դալիի նկարները բնորոշվում են իրենց մանր գծանկարով և իրատեսական մանրամասնություններով և անշուշտ անբասիր գույներով, որոնք ևս շեշտվում են թափանցիկ ջնարակումով։ Դալին նաև նկարահանել է սյուրռեալիստական ֆիլմեր, տպագրել նկարազարդված գրքեր, զբաղվել է նաև ոսկերչությամբ, պատրաստել թատրոնային բեմեր և հագուստներ։
Դալիի նկարչության հետ մեկտեղ, կան նրա բալետային սցենարները և մի շարք գրքեր, որոնցից են՝ «Սալվադոր Դալիի գաղտնի կյանքը» (1942 թ) և «Հանճարի օրագիրը» (1964 թ)։ Դալիի կյանքն ու արվեստը դարձել էին մի կախարդական միաձուլում, որը նույնպես կարելի է Դալիի ստեղծագործություններից համարել։ Սալվադոր Դալին ներկայացված է ԱՄՆ-ի և Եվրոպայի թանգարաններում՝ Լոնդոն, Բասել, Գլազգո, Փարիզ, Չիկագո, Նյու Յորք, Վաշինգտոն և Ֆիլադելֆիա քաղաքներում։