Իմ ձեռքով եմ դիմումը գրել, տարել. Արմեն Ավետիսյանը՝ ինքնաբացարկի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ծառուկյան» դաշինքից ինքնաբացարկ հայտնածների թվում է եղել նաև Արմեն Ավետիսյանը, ով հինգերորդ գումարման խորհրդարանի պատգամավոր էր:

ArmLur.am-ը փորձեց նրանից ճշտել, թե ինչու է նման որոշում կայացրել: Նախ նա նշեց, թե դա իր անձնական որոշումն է և իրեն ոչ ոք չի ասել, որ պետք է այդպիսի դիմում գրել:

«Բնականաբար, իմ որոշումն էր, դուք ինձ այդ 12 կամ 11 հոգու մեջ տեսե՞լ եք: Եթե չեք տեսել, ինքնըստինքյան խոսում է այն մասին, որ դա իմ անձնական որոշումն է եղել և այն փոփոխելու հիմք չեմ տեսել»,- հավելեց նա:

Հարցին՝ ինչու այլևս չի ցանկանում զբաղվել օրենսդիր գործունեությամբ, նա նշեց. «Այլևս չեմ ցանկանում: Այդպես եմ ուզում, այդպես եմ նպատակահարմար գտել: Գտել եմ, որ օրենսդիր մարմնում այս փուլում ինձ այլևս չեմ տեսնում: Մնացածն արդեն ժամանակի խնդիր է»:

Ավետիսյանը նշեց, թե ինքնաբացարկի դիմումը վաղուց գրած չի եղել: «Գրել, տարել եմ: Ես նախօրոք գրած չեմ եղել,  իմ ձեռքով գրել եմ և տարել, հանձնել եմ», – հավելեց նա:

Հիշեցնենք, որ «Ծառուկյան» դաշինքի 12 թեկնածու դիմել էին ԿԸՀ՝ ինքնաբացարկի մասին դիմումները չեղարկելու պահանջով: Նրանցից 8 հոգին մանդատ ստանալու հնարավորություն ստացավ, սակայն նրանցից շատերն այսօր հայտարարում են, որ Գագիկ Ծառուկյանի հրահանգի դեպքում պատրաստ են մանդատը վայր դնել:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս