Հարց քաղաքացիներից` այլ պետության քաղաքացիները կարո՞ղ են ստանալ ՀՀ քաղաքացիություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ այլ պետության քաղաքացիները կարո՞ղ են ստանալ ՀՀ քաղաքացիություն, թե՞ այդ իրավունքից կարող են օգտվել միայն ծագումով հայերը:

Գրետա Միրզախանյան (51 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ համաձայն «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի ՀՀ քաղաքացիություն ձեռք է բերվում` 1) քաղաքացիության ճանաչմամբ, 2) ծննդով, 3) քաղաքացիություն ստանալու միջոցով, 4) քաղաքացիությունը վերականգնելու միջոցով, 5) քաղաքացիության խմբային ձեռքբերման միջոցով, 6) ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված հիմքերով, 7) օրենքով նախատեսված այլ հիմքերով:

Ըստ նույն օրենքի՝ ՀՀ քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած, գործունակ, օտարերկրյա պետությունում բնակվող կամ ՀՀ-ում օրինական հիմքով բնակվող յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, եթե`

1) օրենքով uահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվել է ՀՀ-ում, 2) կարող է բացատրվել հայերեն լեզվով եւ 3) ծանոթ է ՀՀ Սահմանադրությանը:
Առանց «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասի 1-ին եւ 2-րդ կետերի սահմանված պահանջների պահպանման` ՀՀ քաղաքացիություն կարող է ստանալ ՀՀ քաղաքացիություն չունեցող այն անձը`

1) որն ամուսնացել է ՀՀ քաղաքացու հետ կամ ունի ՀՀ քաղաքացի երեխա,
2) որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է ՀՀ քաղաքացիություն կամ ծնվել է ՀՀ-ում, եւ որը 18 տարին լրանալուց հետո` 3 տարվա ընթացքում, դիմել է՝ ՀՀ քաղաքացիություն uտանալու համար,

3) որը 1995թ. հունվարի 1-ից հետո, իր դիմումի համաձայն, դուրս է եկել ՀՀ քաղաքացիությունից:

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ առանց «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված պահանջների պահպանման` ՀՀ քաղաքացիություն կարող է ստանալ ՀՀ քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայ անձը:




Լրահոս