Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում մայիսի 13-ին կայանալիք «Եվրատեսիլ 2017»-ի եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը ,Fly with meե երգով ելույթ կունենա 5-րդ համարի ներքո: Մինչ մեր մասնակիցը պատրաստվում է իր վերջնական կատարմանը, հարկ է անդրադառնալ մրցույթի առաջին կիսաեզրափակչի՝ նրա ելույթին, առանձնացնել տարբեր երկրների ներկայացուցիչների առավել տպավորիչ կատարումները: Թեմայի շուրջ ,Ժողովուրդե-ը զրուցել է երգչուհի Արփիի (Արփինե Շահնուբարյան) հետ:
-Արփի՛, գիտեմ, որ հետեւում եք եվրատեսիլյան թոհուբոհին, խնդրում եմ՝ առանձնացրեք Ձեր ֆավորիտ երկրները:
-Ինձ շատ են դուր եկել Պորտուգալիայի եւ Շվեդիայի ներկայացուցիչների կատարումները: Շվեդիան, ինչպես միշտ, հանդես եկավ բարձր ճաշակով, եվրատեսիլյան չափանիշներին համապատասխան կատարմամբ եւ շոուով, իսկ Պորտուգալիայի ներկայացուցիչը, հակառակը, դուրս էր եվրատեսիլյան ստանդարտներից եւ առանձանում էր իր ուրույն ոճով: Իտալիան ներկայացնող երգչի կատարումն էլ ,Եվրատեսիլե-ի համար շատ ճոխ էր եւ գրագետ, մակարդակը շատ բարձր էր:
-Իսկ մեր երկրի ներկայացուցչի` Արծվիկի մասին ի՞նչ կասեք:
-Արծվիկի կատարումը փայլուն էր, մաքուր, ինչպես եւ սպասում էի, բայց միայն` կատարումը: Երգն ընդհանրապես ստացված չէ, եւ ես զարմանում եմ` ինչպես կարելի է անընդմեջ նույն հեղինակների երգերն ուղարկել ,Եվրատեսիլե (,Fly with meե երգի երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակները՝ Ավետ Բարսեղյանը եւ Դավիթ Ծերունյանը): Եվ եթե նախորդ տարի Իվետա Մուկուչյանը ,Love Waveե երգը (երգահանները կրկին Լիլիթ եւ Լեւոն Նավասարդյաններն էին) ուղղակի ,ուտացրեցե հանդիսատեսին, Արծվիկի պարագայում այդպես չեղավ: Վերջին երկու տարում մենք տեսնում ենք նույն ձեռագիրը. մրցույթին ներկայացվում են կրկներգ չունեցող երգեր, որոնք հիշեցնում են շամանական, հնդկական մելիզմներ` ոչ ոքի չհետաքրքրող: Ես Արծվիկի համար բոլորովին այլ երգ էի պատկերացնում: Կարծում եմ` պետք է անկեղծ արտահայտվել, ճիշտն ասել, որպեսզի մեր երգարվեստում ինչ-որ բան փոխվի: Ամեն դեպքում, միշտ ասել եմ՝ բրավո այն երգիչներին, որոնք կանգնում են եվրատեսիլյան հանդիսատեսի առաջ ու երգում են. դա հսկայական պատասխանատվություն է:
-Զգացե՞լ եք, որ ,Եվրատեսիլե մրցույթի նկատմամբ հայ հանրության հետաքրքրությունը տարեցտարի մարում է: Ըստ Ձեզ` ի՞նչն է պատճառը:
-Իմ անունից կարող եմ ասել, որ ներկայացվող երգերը շատ են նմանվում միմյանց: Այսօր աշխարհին զարմացնելը շատ է դժվարացել: Մյուս կողմից էլ հետաքրքրության նվազումն անմիջականորեն կապված է ,Եվրատեսիլե-ի` քաղաքականացված լինելու հանգամանքի հետ: Ամեն տարի նույն քաղաքականությունն է կիրառվում, նույն երկրներն են իրար համար քվեարկում:
-Իսկ ,Եվրատեսիլե-ի հայաստանյան պատվիրակությունը արդյունավե՞տ է աշխատում:
-Մեր պատվիրակությունը պետք է մաքսիմալ լավ աշխատի: Միգուցե սխալվում եմ, բայց այնպիսի տպավորություն ունեմ, որ դա տեղի չի ունենում: Երգիչն իր թիկունքում պետք է շատ ուժեղ թիմ ունենա, որպեսզի իրեն վստահ զգա: Դա դեռեւս առկա չէ:
-Եվ վերջում` ինչպե՞ս կարող է հայ երգիչն օգտագործել երգի միջազգային մրցույթը` իր կարիերայում թռիչքներ արձանագրելու համար:
-Պետք է մտածել այդ մրցույթից մաքսիմալ օգուտ քաղելու մասին: Բացի լավ երգ ներկայացնելուց` շատ կարեւոր է արտաքին շարմը, ճիշտ պահվածքը, լեզուների իմացությունը, փոքրիկ ինտրիգներ հյուսելու վարպետությունը: Իհարկե, որպեսզի մրցույթը հետագայում էլ քեզ ,ծառայիե, կարեւոր դեր է խաղում ֆինանսի գործոնը, որպեսզի տեղում չդոփես: Հաջողությունը գալիս է մի քանի փոխկապակցված գործոնների արդյունքում: Բոլոր դեպքերում մեր մասնակցին հաջողություն եմ մաղթում, նա արժանի է լավագույնին:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ