Երեկ առավոտյան մեր թերթի խմբագրությունում հայտնվեցին երկու երիտասարդ` ներկայանալով որպես Կենտրոնի տարածքային հարկային տեսչության աշխատակիցներ: Նրանք նախ հետաքրքրվեցին օրաթերթը հրատարակող ՍՊԸ-ով եւ տեղեկանալով, որ իրավաբանական ու գործունեության հասցեները բոլորովին տարբեր են (ինչն, ի դեպ, օրենքի խախտում չէ), փորձեցին ճշտել կազմակերպության հարկային կոդը: Զույգին մեծապես զարմացրեց այն, որ թերթը տպագրող «Տիգրան Մեծ» հրատարակչությունը մեզ չի պատկանում` միաժամանակ խոստովանելով, որ լսել են դրա մասին: Իհարկե «Ժողովուրդ»-ը պատրաստ է «դիմավորել» այդպիսի անկոչ հյուրերի, բայց ամեն դեպքում նրանց մեզ մոտ ուղարկողներին խորհուրդ ենք տալիս՝ խիստ զգուշանալ: Նորաբաց թերթի խմբագրություն մտնելը` այդպիսի անգրագետ հարցերով, միայն մատնում է նրանց պատվիրատուների որակը: Հատուկ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին` տամոժնի Գագոյին զգուշացնում ենք, որ դադարեցնի անօրինական քայլերը` հակառակ դեպքում ստիպված կլինենք հարցին իրավական լուծում տալ:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ