Հարց քաղաքացիներից` քաղաքացին կարո՞ղ է ստանալ իր կուտակային կենսաթոշակը, եթե դեռ չի լրացել կենսաթոշակային տարիքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Կորցրել եմ աշխատանքս: Հիմա ուզում եմ հասկանալ՝ ես կարո՞ղ եմ ստանալ իմ կուտակային կենսաթոշակը: Նշեմ, որ դեռ չի լրացել իմ կենսաթոշակային տարիքը:

Լաուրա Հարությունյան (60 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ աշխատանքը կորցնելը բավարար իրավական հիմք չէ նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը կուտակային կենսաթոշակը ստանալու համար: Մասնակիցը մինչեւ 63 տարին լրանալը կարող է ստանալ իր կուտակային միջոցները հետեւյալ դեպքերում՝
1) օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ.
2) առողջական ծայրահեղ ծանր վիճակում է եւ հիվանդ է կենսական կարեւոր օրգանների անբուժելի ախտահարումներով, որը հավաստվում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության լիազոր մարմնի տված եզրակացությամբ.
3) ՀՀ-ում աշխատող օտարերկրացի մասնակից է եւ վերադառնում է իր մշտական բնակության երկիր:
Օրենքը նախատեսում է կուտակային միջոցների՝ մինչեւ 63 տարեկանը ստանալու եւս մեկ դեպք՝
եթե լրացել է մասնակցի 55 տարին, եւ նրա կենսաթոշակային հաշվում առկա ֆոնդի փայերի հաշվարկային արժեքը այնքան է, որ բավարարում է հիմնական կենսաթոշակի 5-ապատիկի չափով ցմահ անուիտետ գնելու համար, ապա նա կարող է ստանալ իր կուտակած միջոցները 55 տարեկանից՝ կենսաթոշակային փայերի մի մասի մարմամբ կնքելով հիմնական կենսաթոշակի 5-ապատիկի չափով անուիտետ, իսկ մնացած մասը ստանալ իր նախընտրած տարբերակով: Սա կոչվում է վաղաժամ կուտակային կենսաթոշակի իրավունք:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ նպատակային սոցիալական վճար կատարելու պարտավորությունը պահպանվում է մինչեւ անձի կենսաթոշակային տարիքը լրանալը: Ի դեպ, եթե մասնակիցը չի ներկայացնում նպատակային սոցիալական վճար կատարելը դադարեցնելու դիմում կամ կուտակային կենսաթոշակ ստանալու դիմում, ապա, կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո նպատակային սոցիալական վճարի դրույքաչափը սահմանվում է բազային եկամտի 5 %-ի չափով, իսկ մասնակցի համար պետական բյուջեից կուտակային վճարումներ չեն կատարվում:




Լրահոս