Ասուլիսներ`
Մայիսի 19-ին, ժամը 13։00-ին սիրով հրավիրում ենք Սերգեյ Փարաջանովի թանգարան, որտեղ նախատեսված է «Աուդիովիզուալ գիդ» հավելվածի շնորհանդեսը։
Շնորհանդեսին ներկա կլինեն ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը, Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էռլունը, TSD ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը և փոխնախագահ Լևոն Գալստյանը։
Մայիսի 20-ից սմարթֆոններում ներբեռնելով «Աուդիովիզուալ գիդ» հավելվածը, առաջարկվող 10 լեզուներով հնարավոր կլինի ճամփորդել Սերգեյ Փարաջանովի, Մարտիրոս Սարյանի և Արամ Խաչատրյանի թանգարաններում:
Ծրագրային հավելվածն այս տարվա ընթացքում ներդրվելու է Հայաստանի պետական ևս 4 թանգարաններում՝ Ազգային պատկերասրահում, Հայաստանի պատմության, Հովհաննես Թումանյանի, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողստեղծագործության թանգարաններում։
«Աուդիովիզուալ գիդ» ծրագրային հավելվածի ստեղծման դրամաշնորհի պայմանագիրը 2016թ. նոյեմբերի 23-ին ստորագրվել է մշակույթի նախարարության, Հայաստանում Չինաստանի դեսպանատան, Հայաստանի պատմության թանգարանի և Technology & Science Dynamics ընկերության միջև: Ըստ այդմ, Հայաստանում Չինաստանի դեսպանատունը 25 հազար դոլարին համարժեք դրամաշնորհ է հատկացնում հավելվածի ստեղծման համար։
Ծրագիրն իրականացնում է Technology & Science Dynamics ընկերությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության պատվերով:
***
Մայիսի 19-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են ԵԼՔ դաշինքի ցուցակով Երևանի ավագանու անդամներ ընտրված Տիգրան Ավինյանը (մամլո խոսնակ) և Արայիկ Հարությունյանը: ԹԵՄԱ՝ Ամփոփ դիտարկումներ ընտրական գործընթացների և դանցում տեղ գտած խախտումների, նաև Դաշինքի ծրագրային առաջնահերթությունների մասին:
***
Ժամը 13:00՝ տնտեսագիտության թեկնածու, ՀՊՏՀ դոցենտ Ատոմ Մարգարյանը: ԹԵՄԱ՝ Հայաստանի ներդրումային դաշտում առկա միտումները և դրանց առողջացման ուղիները:
***
Մայիսի 19-ին, ժամը 12:00-ին «Նովոստի – Արմենիայի» մամուլի սրահում տեղի կունենա ասուլիս « Հայաստան և Սփյուռք. խնդիրներ և հեռանկարներ» թեմայով:
Ասուլիսի ընթացքում կքննարկվի Հայաստանի և Սփյուռքի միջև կապը, առկա խնդիրներն, ինչպես նաև դրանց լուծման ուղիները։
Ասուլիսի բանախոսն է ամերիկագետ, «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» հանդեսների թղթակից Արեգ Գալստյանը:
«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնի հասցեն`
Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։
***
Ս.թ. մայիսի 27-ին կայանալիք համապետական շաբաթօրյակին ընդառաջ` մայիսի 19-ին, ժամը` 16:00-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության խորհրդակցությունների դահլիճում տեղի կունենա Մաքուր Հայաստան գործողությունների ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստում կներկայացվեն առ այսօր կատարված աշխատանքները, ինչպես նաև կհստակեցվեն առաջիկա անելիքները:
***
Մայիսի 19-ին, ժամը 11:00-ին, ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի նախաձեռնությամբ իրականացված «Հեղինակային մանկավարժություն» ծրագրի արդյունքների ամփոփման շնորհանդես, որին կմասնակցի նախարար Լևոն Մկրտչյանը: Միջոցառումից հետո նախարարը կպատասխանի լրագրողների հարցերին:
***
Մայիսի 19–ին, ժամը 10: 00–ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա «ԵԱՏՄ շրջանակում Ռուսաստանի Դաշնության ևՀայաստանի Հանրապետության ներկայացուցիչների գործակցության հեռանկարները ոսկերչության և թանկարժեք մետաղների բնագավառում» թեմայով ասուլիս։
Ասուլիսի մասնակիցներն են`
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը,
ՌԴ–ում Հայաստանի առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը
ՌԴ պետական հարգադրոշման պալատի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Զամիշլյաևը,
ԵԱՏՄ ոսկերիչների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Վադիմ Սերովը։