Արամայիս Գրիգորյանն անհի՞մն է ազատել տնօրենին. ինչու է դպրոցը հայտնվել մարզպետի տեսադաշտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Հայկազ Ճգնավորյանի անվան N5 հիմնական դպրոցում մթնոլորտը թեժ է: Բանն այն է, որ դպրոցի տնօրեն Ռուզաննա Հայրապետյանը ազատվել է աշխատանքից: Ըստ որոշ տեղեկությունների` նրան մարզպետ Արամայիս Գրիգորյանը անհիմն է ազատել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երեկ Արարատի մարզպետարանի դիմաց դպրոցի աշակերտները բողոքի ակցիա են անցկացրել տնօրենին աշխատանքից ազատելու հետ կապված: Նրանք պահանջում են, որ մարզպետ Գրիգորյանը Ռուզաննա Հայրապետյանին դպրոցի տնօրենի պաշտոնից ազատելու վերաբերյալ որոշումը չեղյալ համարի:

Տեղեկացնենք, որ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի հրահանգով մարզպետարանը ներքին աուդիտ է իրականացրել նշված դպրոցում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ներքին աուդիտը իրականացվել է մայիսի 3-ից մինչեւ մայիսի 6-ը ներառյալ` 4 աշխատանքային օր: Ներքին աուդիտի իրականացման շրջանակում հիմնականում ընդգրկվել է դպրոցի 2014, 2015 եւ 2016 թվականների ընթացքում իրականացրած ֆինանսական գործառույթները, գնումների գործընթացները, նախատեսված եւ կատարված փաստացի ծախսերի համեմատումը, աշխատավարձերի հաշվարկման կարգը, հաշվետվությունների արժանահավատությունը եւ համապատասխանությունը օրենքներին եւ այլ իրավական ակտերին: Ասել է, թե 566 աշակերտ ունեցող հիմնական դպրոցը հայտնվել է մարզպետ Արամայիս Գրիգորյանի տեսադաշտում:

Այս պահին դեռ հայտնի չէ, թե մարզպետարանը կոնկրետ ինչ խախտումներ է հայտնաբերել:

Տեղի ունեցածի հետ կապված «Ժողովուրդ»-ը զրուցեց դպրոցի տնօրեն Ռ. Հայրապետյանի հետ. «Չգիտեմ, թե ինչն է խնդիրը… Ես ոչինչ չգիտեմ: Ես ոչ մի բանում մեղավոր չեմ եւ սխալ բան չեմ արել: Թող իրենք ասեն, փաստեր ցույց տան: Եթե բացահայտել են, թող ապացուցեն: Ոչ մի խնդիր դպրոցը չի ունեցել գումարի հետ կապված… թող իրենք փաստերով պատասխանեն, հրապարակեն»,-փոխանցեց տնօրենը: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել նաեւ Արարատի մարզպետարանի հետ, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին:

Հ.Գ. Ավելի ուշ «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ աշխատանքից ազատվել է նաեւ Արտաշատ քաղաքի N 4 հիմնական դպրոցի տնօրեն Նարինե Մուրադյանը, ինչի համար դպրոցի աշակերտներն ու ծնողները պատրաստվում են բողոքի ակցիա անցկացնել: Սակայն մարզպետարանից պատճառաբանեցին, որ Ն.Մ.-ի աշխատանքային պայմանագրի ժամկետը ավարտվել է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս