Հայաստանի օրենսդիր մարմնում եւս տեղի են ունենում պաշտոնների վերադասավորումներ: Մասնավորապես Գալուստ Սահակյանին ԱԺ պաշտոնում փոխարինեց Արա Բաբլոյանը, իսկ 5-րդ գումարման ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին կփոխարինի արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը: Ինչպե՞ս է Հերմինե Նաղդալյանն ընդունել Հովհաննիսյանին իր փոխարեն նշանակելու որոշումը, եւ արդյո՞ք դրանից հետո լարվել են նրանց հարաբերությունները:
«Ժողովուրդ»-ի զրուցակիցը Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանն է:
–Տիկի՛ն Նաղդալյան, նախ անդրադառնանք Արա Բաբլոյանին Աժ նախագահ նշանակելուն: Դուք, որպես 5-րդ գումարման ԱԺ փոխնախագահ, ի՞նչ տեսակետ ունեք Բաբլոյանին այդ պաշտոնում նշանակելու մասին:
-Կարծում եմ, որ Արա Բաբլոյանը մեր հանրության մեջ ունի բարձր հեղինակություն, մի մարդ, որը բավական երկար ժամանակ զբաղվում է քաղաքականությամբ եւ պատվով մասնակցություն է ունեցել քաղաքական գործընթացներին, արդեն երրորդ խորհրդարանն է՝ պատգամավոր է, նաեւ իր մասնագիտության բերումով, ունի մարդասիրական մասնագիտություն՝ բժիշկ, մանկաբույժ, ունի շատ բարձր հեղինակություն: Իհարկե, ՀՀԿ-ն ունի մեծ խումբ, մեծ ջոկատ մարդկանց, պատգամավորների, քաղաքական գործիչների, ովքեր կարող էին առաջադրված լինեին, եւ համարում եմ, որ սա թե՛ տրամաբանական, թե՛ շատ արդարացված առաջադրում է՝ հաշվի առնելով նաեւ այն խնդիրները, որոնք ծառացած են լինելու 6-րդ գումարման ԱԺ-ի առջեւ, որովհետեւ շատ լավ գիտեք, որ սա խորհրդարանական կառավարման անցումը ապահովող խորհրդարան է եւ այդ պայմաններում այլեւս աշխատող խորհրդարան է, եւ այսօր պարոն Բաբլոյանը եւ ՀՀ նախագահն իրենց ուղերձի մեջ դրեցին խնդիրները եւ ուղղությունները, որոնցով այս խորհրդարանը պետք է աշխատի՝ առավելապես կարեւորելով քաղաքական համագործակցությունը: Այս իմաստով համարում եմ, որ սա շատ արդյունավետ առաջադրում է, եւ պարոն Բաբլոյանը կարողանալու է իսկապես արդյունավետ աշխատել:
-Իսկ Սերժ Սարգսյանն ինչպե՞ս հիմնավորեց Բաբլոյանին ԱԺ նախագահ նշանակելու որոշումը:
-Ես, ճիշտն ասած, բացակայել եմ գործադիրի նիստից, որովհետեւ կարծում եմ, որ տեղյակ եք եղել՝ գործուղման մեջ, ԵԽԽՎ հանձնաժողովի նիստ էր շատ կարեւոր օրակարգով, պետք է անպայման ներկա լինեի, ես չեմ լսել ինքս, բայց, այնուամենայնիվ, համարում եմ, որ սա իսկապես արդարացված եւ ապագա հեռանկարների մեջ բավական լուրջ առաջադրում էր:
-Արա Բաբլոյանի նշանակումը Ձեզ համար եւս անակնկալ որոշո՞ւմ էր: Համենայն դեպս, հանրության շրջանում նա որպես քաղաքական դեմք չի ընկալվում, ՀՀԿ-ի հետ չի ասոցացվում, այլ հայտնի է որպես փորձառու բժիշկ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեսակետները:
-Ես չեմ կարծում եմ, որ այդ կարծիքները համապատասխանում են իրականությանը, մարդ, որ երեք խորհրդարանի պատգամավոր է, ինչպես կարող է քաղաքական դեմք չլինել կամ մարդ, որ նորանկախ հանրապետության առաջին օրերից եղել է կառավարության անդամ եւ քաղաքականություն է մշակել, իսկ հետագայում շատ լուրջ մասնակցություն է ունեցել երկրի քաղաքական կյանքին, ինչպես կարող է՝ քաղաքական դեմք չէ, ես համաձայն չեմ դրա հետ:
-Շատ է նշվում, որ ինչպես Կառավարության, այնպես էլ ԱԺ բարձրաստիճան պաշտոնների նշանակումը կրելու է ժամանակավոր բնույթ, հաճախ թե՛ քաղաքական վերլուծաբանները եւ թե՛ քաղաքական գործիչներն այն կարծիքն են հայտնում, որ ամեն ինչ 2018 թվականին փոխվելու է, եւ այն ժամանակ նոր վերջնականապես կբաշխվեն պաշտոնները: Ի՞նչ եք մտածում Դուք այս հարցերի շուրջ:
-Գիտեք, մեզանում սովորույթ կա, որ մենք նախապես սկսում ենք իդեաներ մշակել եւ հետո այդ իդեաները տիրաժավորել եւ այլն, ես չեմ տեսնում որեւէ նախահիմք, իհարկե, ամեն ինչ կարող է փոխվել, ամեն ինչ զարգացման մեջ է, բայց, համենայն դեպս, այսօր ՀՀԿ-ն շատ լուրջ առաջադրում է կատարել:
–Ինչպե՞ս ընդունեցիք Արփինե Հովհաննիսյանին Ձեր փոխարեն նշանակելու որոշումը:
-Սրանք բոլորը կուսակցության ղեկավար մարմնի որոշումներն են, եւ այս որոշումները, կարծում եմ, որ իսկապես միտված են նրան, որ յուրաքանչյուրը կուսակցության գործիչներից, քաղաքական գործիչներից, ովքեր ներկայացնում են կուսակցական թիմը, առավել արդյունավետ իրենց պոստերում գործեն:
-Կարծում եք՝ արդարադատության արդեն նախկին նախարարը կկարողանա՞ Ձեզ փոխարինել:
-Կարծում եմ, որ Արփինե Հովհաննիսյանը բավականին երկար ճանապարհ է անցել եւ բավական լուրջ հաջողություններ արձանագրել է:
–Արփինե Հովհաննիսյանի հետ լարվե՞լ են Ձեր հարաբերություններն այդ որոշումից հետո, ինչպիսի՞ շփման մեջ եք հիմա:
-Մեր հարաբերությունները հրաշալի են եղել նախկինում. ներկայումս շարունակվելու են, այնպես որ, այդ իմաստով անհանգստանալու թեմա չեմ տեսնում:
-Տիկի՛ն Նաղդալյան, տեւական ժամանակ է՝ լուրեր են շրջանառվում, որ Դուք վայր եք դնելու Ձեր մանդատը եւ անցնելու եք դիվանագիտական աշխատանքի: Հիմա Ձեր գործունեությունը որտե՞ղ եք շարունակելու ծավալել՝ օրենսդիրո՞ւմ, թե՞ դիվանագիտական ոլորտում:
-Համենայն դեպս, ես ստացել եմ իմ մանդատը եւ ազգային ժողովում իմ աշխատանքը շարունակելու եմ:
–Իսկ երբեւէ քննարկում եղե՞լ է Ձեզ դեսպան նշանակելու մասին:
-Ո՛չ, չի եղել նման քննարկում:
–Այդ դեպքում շա՞տ եք նեղսրտել, որ այլեւս ԱԺ փոխնախագահ չեք լինելու, այլ պատգամավոր:
-Ես ամբողջ կյանքումս փոխնախագահ չեմ եղել, եղել է ժամանակ, երբ ԱԺ պատգամավոր եմ եղել, աշխարհը դրանից շուռ եկած չի եկել, հիմա էլ շուռ չի գա:
Վահագն Հակոբյան