Կրթության տեսուչների վրացական վոյաժները. գործուղումը փորձել են վերածել հանգստի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության պետական տեսչությունը օրերս Տավուշի մարզի թվով 27 դպրոցներում կրթական ստուգումներ է իրականացրել: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ տեսչության աշխատակիցները Տավուշի մարզ կատարած գործուղումը փորձել են վերածել հանգստի:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կրթության պետական տեսչության կողմից ստուգումներ իրականացվել են Տավուշի մարզի թվով 27 դպրոցներում: Ստուգումները անցկացվել են հիմնականում Իջեւանի, Նոյեմբերյանի, Բերդի, Դիլիջանի, Պառվաքարի, Հաղարծինի, Աչաջուրի, Հաղթանակի, Կողբի, Բագրատաշենի եւ այլ դպրոցներում: Այժմ ամփոփվում են ստուգումների արդյունքները, եւ առաջիկայում դրանք կհրապարկվեն: Կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը «Ժողովուրդ»-ին վստահեցրեց, որ ստուգումների արդյունքների վերաբերյալ տեղեկանքը առաջիկայում կտեղադրվի իրենց պաշտոնական կայքէջում: Բացի այդ՝ ստուգումների արդյունքները նաեւ քննարկվում են տեղի մարզպետի, ստուգված եւ չստուգված դպրոցների տնօրենների հետ:

Իսկ մինչ այդ, տեղեկացնենք, որ կոնկրետ Տավուշի մարզի թվով 27 դպրոցներում ստուգումներ իրականացնելու նպատակով կրթության պետական տեսչութունը գործուղման է ուղարկել18 աշխատողի: Թե որտեղ են գիշերը մնացել, եւ տեսուչներին որքան գումար է պետական բյուջեից տրվել գործուղման համար, տեսչության պետ Արամ Կարապետյանը հրաժարվեց հայտնել` պատճառաբանելով, որ տեղյակ չէ: «Դա պետք է նախարարության ֆինանսական համապատասխան վարչությունից տեղեկանաք: Ես չգիտեմ: Ամեն մեկը մի տեղ, մի հյուրանոցում մնացել է, ես մանրամասն չգիտեմ», – փոխանցեց Կարապետյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեսչության պետին փոխանցեց այն տեղեկությունները, ըստ որոնց՝ Տավուշի մարզի դպրոցներում ստուգումներ իրականացնող տեսուչներից մի քանիսը ստուգումների ընթացքում մեկնել են Վրաստանի Հանրապետություն եւ այնտեղ ժամանակ անցկացրել: Եւ ամենակարեւորը` նրանք այդ մասին չեն տեղեկացրել ղեկավար անձնակազմին` սկսած տեսչության պետից, վերջացրած նախարարով: Իսկ Վրաստան այցի վերաբերյալ լուսանկարները կրթական տեսուչները հրապարակել են Ֆեյսբուք սոցիալական ցանցում, ինչի շնորհիվ էլ բացահայտվել է նրանց «գաղտնիքը»: Բնականաբար, գաղտնազերծումից հետո վրացական վոյաժների լուսանկարները նրանք արագ ջնջել են:

«Ո՛չ, այդպիսի բան չի եղել, դա ստուգումների ընթացքում չի եղել: Ստուգումները ուրբաթ օրն ավարտել են, եւ մի քանի հոգի Բագրատաշեն գյուղից գնացել են Վրաստան: Պետք է Երեւան գային, որովհետեւ ուրբաթ օրը նրանց վերջին օրն է եղել, գնացել են Վրաստան` մեր գրողների, հասարակական տարեց գործիչների պանթեոն: Տեսել են ու հետ եկել: Սա է ամբողջ խնդիրը»,- տեղեկացրեց տեսչության պետ Արամ Կարապետյանը: Նրա խոսքերով՝ Վրաստան այցելող տեսուչներն են Արմեն Վիրաբյանը, Աիդա Բարսեղյանը, Լաուրա Սամվելյանը, Վահրամ Գեւորգյանը: Նշված տեսուչները Բագրատաշենի դպրոցներում ստուգումներ են իրականացրել, ապա գնացել են Վրաստան` Երեւան գալու փոխարեն: «Ժողովուրդ»-ի հարցին` դեպի Վրաստան նրանց կատարած այցը պետական միջոցներո՞վ է իրականացվել, թե՞ ոչ, տեսչության պետն անմիջապես պատասխանեց. «Բնականաբար, իրենց սեփական միջոցներով են գնացել: Ո՞վ պետք է նրանց գումար տա: Այդ օրվա կապակցությամբ ես բոլորից բացատրություն եմ վերցրել: Իրենք բացատրել են, որ ուրբաթ օրը վերջացրել են իրենց աշխատանքը: Ի դեպ, ժամ կա ֆիքսված, թե սահմանով երբ են անցել ու հետ եկել, թեեւ նախապես տեղյակ չեն պահել: Բայց նրանք կարող էին Ֆրանսիա էլ մեկնել, քանի որ առջեւում հանգստյան օրերն էին՝ շաբաթ եւ կիրակին: Նրանք հո ինձ չեն ասելու, թե իրենց անձնական կյանքը ինչպես են դասավորելու: Իսկ Բագրատաշեն գյուղը, տեղյակ եք, որ սահմանի վրա է»:

«Ժողովուրդ»-ը Արամ Կարապետյանից հետաքրքրվեց` տեսուչները նկատողություն ստացե՞լ են կամ նախազգուշացում տրվե՞լ է նրանց, թե՞ ոչ: «Իհարկե, ոչ: Դա իրենց անձնական գործն է, մենք ինչ կարող ենք անել: Նրանք նույն օրն են հետ վերադարձել, երկու ժամ են մնացել, այցելել են պանթեոն եւ հետ են եկել Երեւան: Բան մի ման եկեք, այդտեղ ոչինչ չկա: Չնայած որ ամեն բան բացահայտվեց Ֆեյսբուք սոցիալական ցանցից: Մեր լավագույն տեսուչներն են: Հենց բաժնի պետն է (խոսքը հանրակրթության տեսչավորման բաժնի պետ Արմեն Վիրաբյանի մասին է) իր աշխատողների հետ գնացել: Խնդրել են Վիրաբյանին, ասել են՝ եկել, հասել ենք Բագրատաշեն, գնանք, հետ գանք: Բայց աշխատանքն ավարտել, ամփոփել են, կոլեկտիվի հետ են նույնիսկ քննարկել աշխատանքները»,- ներկայացրեց Կարապետյանը:

Զրույցի ավարտին նա փոխանցեց, որ սովորաբար ստուգումների վերջին օրվա համար գործուղման ծախս չի հատկացվում: Քանի որ դա հետ վերադառնալու օրն է, եւ չպետք է գիշերեն: «Անկեղծ ասած` ես չեմ իրենց պատժողը, ես պետք է զեկուցագիր գրեի նախարարին, բայց իրենք բացատրություն տվեցին, եւ հասկացանք, որ դա իսկապես նախարարին գրելու բան չէր»,- անկեղծացավ տեսչության պետը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս