ՖՈՏՈ. «Ավրորա 2016» մրցանակաբաշխության հաղթողը Արցախում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մայիսի 22-ին, Շուշի է ժամանել «Ավրորա 2016» մրցանակաբաշխության դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ առավոտյան Շուշիի ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի ու Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր առաջնորդ Տեր Անդրեաս քահանա Թավադյանի ուղեկցությամբ Մարգարիտ Բարանկիցեն այցելել է եկեղեցի, աղոթել և մոմ վառել:

Այնուհետև Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան հոսքային դպրոցի նախապատրաստական խմբի երեխաները ողջունել են հյուրին և նրան նվիրել խորհրդանշական հուշանվերներ:

Հյուրերն այցելել են Շուշիի երկրաբանության պետական և գորգերի թանգարաններ, ծանոթացել ցուցանմուշներին, եղել Շուշիի իրանական մզկիթում:

Նարեկացի արվեստի միությունում Մ. Բարանկիցեին հանդիպել է երեխաների հետ, նրանց հետ պարել հայկական ազգային պարեր: Երեխաները մեծ մարդասերին նվիրել են Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգություն»-ը, իր դիմանկարը, խաչով թևնոց:

«Երեխաները մեր մեծագույն հարստությունն են, մեր ապագան կերտողները:Մենք շատ շնորհակալ ենք ձեր բարեկամական ջերմ ընդունելության համար: Ես լավ գիտեմ հայ ժողովրդի պատմությունը. շատ անգամներ են փորձել ձեզ ոչնչացնել, կոտրել ձեր կամքը, բայց դա ոչ ոքի չի հաջողվել. դուք շարունակում եք ապրել, պաշտպանել ձեր հողը ու շենացնել ձեր հայրենիքը»,-մասնավորապես ասել է Բարանկիցեն:

Պատվիրակության կազմում էր նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանն, ով իր խոսքում ևս շնորհակալություն է հայտնել ջերմ ու անկեղծ ընդունելության համար:

«Մեզ համար «Ավրորա»-ի առաջին դափնեկիրը հատուկ հերոս է. նա մարդկության փրկիչներից է: Ես խիստ կարևորում եմ Մարգարիտի այցը Հայաստանի և Արցախի հանրապետություններ: Խորհրդանշական եմ համարում, որ այդպիսի հումանիստ մարդը, որը դեմ է բռնությանն ու ստրկությանը, պիտի անպայման լիներ Արցախ աշխարհում»,-ասել է Ա. Ջիլավյանը:

ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը ևս իր խոսքում կարևորել է Մարգարիտ Բարանկիցեի մարդասիրական առաքելությունը:

«Շնորհակալություն Արցախ այցելելու համար: Մենք նույնպես բազմաթիվ խոչընդոտների միջով ենք անցել և գիտենք, թե ինչ է նշանակում ձեռք մեկնել այն մարդկանց, ովքեր պատերազմի, բռնությունների պատճառով կորցրել են իրենց վերջին հույսը: Մենք պետք է միավորենք մեր ուժերը՝ հաստատելու համար հարատև խաղաղություն,-ասել է Ն. Աղաբալյանը և ավելացրել,- Շուշիում բազմաթիվ մշակույթի կենտրոններ կան: Մենք մեր երեխաներին դաստիարակում և ուղորդում ենք դեպի գեղեցիկ արվեստ, մշակույթ, դեպի վեհն ու մարդկայինը: Այդ հատկանիշներով ենք մենք հենց առանձնանում շատերից»:




Լրահոս