ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ կարգով է ձեւավորվում կուտակային հատկացումը: Ի՞նչ է իրենից ներկայացնում այն:
Գոհար Կիրակոսյան (60 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ կուտակային հատկացումը օրենքով սահմանված կանոնների համաձայն` պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայեր ձեռք բերելու նպատակով սոցիալական վճար կատարող անձի համար (օգտին) կատարվող դրամական հատկացում է:
Մինչեւ 1974 թվականի հունվարի 1-ը ծնված անձի համար (օգտին) եւ մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը սոցիալական վճար կատարելու պարտավորություն ստանձնած, 1964 թվականի հունվարի 1-ից հետո ծնված անձի համար (օգտին) կատարվող կուտակային հատկացումը ձեւավորվում է սոցիալական վճարներից եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող միջոցներից:
Այս դեպքերում կուտակային հատկացման չափը (դրույքաչափը) կազմում է աշխատավարձի 10 %-ը (5 տոկոսը՝ անձի կատարած սոցիալական վճարի դիմաց, իսկ մնացածը (5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 25.000 դրամ) որպես ՀՀ պետական բյուջեից հատկացված լրացուցիչ միջոցներ):
Մնացած դեպքերում (եթե անձը ծնվել է 1974 թվականի հունվարի 1-ից հետո) կուտակային հատկացման չափը (դրույքաչափը) կազմում է աշխատավարձի 5 %-ը:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ նվազագույն աշխատավարձ ստացող մասնակիցների համար նպատակային սոցիալական վճար կատարում է գործատուն: Ի դեպ, եկամտային հարկը եւ նպատակային սոցիալական վճարը կատարելուց հետո անձի տնօրինվող եկամուտը չպետք է պակաս լինի նվազագույն աշխատավարձի չափից: