ԴՊՐՈՑՆԵՐԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄԸ` ԵՐԿԻՐԸ ԴԱՏԱՐԿԵԼՈՒ ՄԻՋՈ՞Ց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով կրթական համակարգում կատարվող բարեփոխումներին, մի շարք հանձնարարականներ է տվել կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նա առաջարկել է կառավարության աշխատակազմին 15-օրյա ժամկետում քաղաքային դպրոցների օպտիմալացման տարբերակներ ներկայացնել: Սակայն վարչապետի այս հայտարարությունը լուրջ մտահոգություններ է առաջացրել ոչ միայն մանկավարժների, այլեւ մասնագետների մոտ:

Այսպես՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարը պետք է 15-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմին ներկայացնի քաղաքային դպրոցների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ` հաշվի առնելով ուսուցիչների օպտիմալ ծանրաբեռնվածությունը եւ դպրոցներում ուսումնական գործընթացի կազմակերպման 2-րդ հերթի բացառումը: Բացի այս՝ 2-ամսյա ժամկետում ԿԳՆ-ն ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված հաստատման պետք է ներկայացնի հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման նոր բանաձեւը, որը կապահովի հանրային միջոցների թափանցիկ, արդյունավետ եւ արդարացի բաշխումը:
Լեզվաբան Նարինե Դիլբարյանը, անդրադառնալով դպրոցների օպտիմալացման ծրագրին, հայտարարեց, որ եթե անգամ ֆինանսական առումով դա ճիշտ քայլ է, ապա կրթության, մշակույթի մասով դա փակուղի է, քանի որ դպրոց փակելը նշանակում է փակել տվյալ գյուղը։ Ավելին՝ մասնագետի կարծիքով՝ ծնողը երեխային դպրոց ուղարկելու համար կարող է հեռանալ գյուղից, գնալ մարզկենտրոն, ապա` տեղափոխվել Երեւան: Նրա համոզմամբ՝ կառավարությունում հաշվարկել են ու տեսել, որ շատ սահմանամերձ գյուղերի դպրոցներ չեն արդարացնում, քանի որ դասարաններ կան, որունք 1-3 աշակերտ ունեն։ Ինչի արդյունքում էլ գործադիրը որոշել է առաջ քաշել դպրոցների օպտիմալացման հարցը։
Իսկ ահա կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի քաղաքային դպրոցների օպտիմալացման վերաբերյալ առաջարկին, հայտարարեց, որ օպտիմալացման նպատակը մեկն է` հնարավորինս նվազեցնել դպրոցների ֆինանսավորումը: «Ստացվում է, որ դպրոցներ ունենք, որտեղ քիչ թվով աշակերտներ կան, եւ դպրոցը շահագործելը, շենքը պահելը նպատակահարմար չէ: Այդ տեսակետից հասկանում եմ կառավարության անդամներին: Բայց մյուս կողմից դպրոցների օպտիմալացման արդյունքում լուրջ խնդիրներ ենք ունենալու: Քանի որ կան գյուղեր, որտեղ դպրոցներ չլինելու պատճառով երիտասարդ ընտանիքները հեռանում են: Ես կարծում եմ, որ վարչապետը Հայաստանի անվտանգության տեսանկյունից շատ սխալ կանի, եթե թույլ տա, որ այդ օպտիմալացումը տարածվի ՀՀ բոլոր մարզերի, գյուղերի դպրոցների վրա: Համաձայն եմ, որ գյուղ կա, որտեղ 5 կամ 14 աշակերտ ունի, եւ այդ դպրոցը պահելը ֆինանսապես դժվար է: Բայց համաձայնեք, որ դպրոց չլինի, գյուղ էլ չի լինի: Փոխարենը մտածեն՝ ոնց անեն, ժողովրդին պահեն, մարդիկ աշխատանք ունենան, մարդկանց հնարավորություն տան՝ հենց իրենց գյուղում մի կտոր հաց վաստակեն: Փակում են դպրոցը, որ ինչ… չգիտեմ, սա երկիրը դատարկելու շատ օպտիմալ ձեւ է: Շատ վտանգավոր նախաձեռնություն է… հուսահատության հասցնող»,- մեծ ափսոսանքով նկատեց տիկին Բախշյանը:
Չնայած սրան` ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը հավաստիացնում է, որ ծրագիրը քննարկվելու է բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Այժմ ԿԳՆ-ն կառավարության հանձնարարությամբ մշակում է դպրոցների զարգացման համալիր ծրագիր, որի համատեքստում քննարկվում է գերբեռնված եւ թերբեռնված դպրոցների գործունեության արդյունավետության բարձրացման հարցը:
Եթե կառավարությունը քննարկում է դպրոցների օպտիմալացման հարցը, սա արդեն նշանակում է, որ խնդիրը լուրջ է: Եւ ըստ ամենայնի, սա ունի խորը պատճառներ: Բանն այն է, որ կրթական ոլորտի վրա նույնպես իր բացասական հետքն է թողել օր օրի ահագնացող արտագաղթը: Ավելին՝ այսօր հանրապետության մարզերում կան գյուղեր, որոնք դպրոց, հետեւաբար երիտասարդ ընտանիք չունեն: Օրինակ՝ Սյունիքի մարզի Շվենանց գյուղը դպրոց չունի, իսկ գյուղի աշակերտները հաճախում են Կապանի դպրոցներ: Մինչդեռ տարիներ առաջ գյուղի դպրոցն ունեցել է 400 աշակերտ: Արագածոտնի մարզի եզդիաբնակ Օթեւան, Արմավիրի մարզի Կողբավան գյուղերը նույնպես դպրոց չունեն: Նման բազմաթիվ օրինակներ, ցավոք, կարող ենք շատ թվարկել:
Հ.Գ. Ի դեպ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում 2016-2017 ուսումնական տարվա ընթացքում աշակերտների թվաքանակը կազմել է 364 հազար 868, որը 2015-2016 թվականների համեմատ 470-ով ավելացել է: Բայց 2011-2012 թթ. ուսումնական տարում աշակերտների թվաքանակը ե՛ւ մարզերում, ե՛ւ մայրաքաղաք Երեւանում ընդհանուր կազմել է 386 հազար 439: Ինչը հաջորդ ուսումնական տարիներին` 2012-2013 (368 հազար 377 աշակերտ), 2013-2014 (359 հազար 966 աշակերտ) եւ 2014-2015 (359 հազար 559 աշակերտ) թվականներին նվազել է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՎԱՐԵԼԱՀՈՂԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԽՈՏՀԱՐՔՆԵՐ

Լոռու մարզի 1000 բնակիչ ունեցող Լեջան գյուղում հողագործությամբ զբաղվողների թիվը գնալով նվազում է, ինչի մեղավորը ոչ միայն ոռոգման համակագի բացակայությունն է, այլ նաեւ տարերային աղետներն ու դրանց դեմ ոչինչ չձեռնարկելը:

Համայնքի ղեկավար Արմեն Մկրտչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ չնայած գյուղում տեղադրված է երկու հակակարկտային կայան, սակայն դրանց թիվն ավելացնելու անհրաժեշտությունը մեծ է. «Բնական աղետները շատ են, գյուղում հաճախ է կարկուտ գալիս, բնակիչը մի քանի րոպեում կորցնում է ողջ բերքը, դրան էլ գումարած ոռոգման համակարգի մաշվածությունն ու ոչ լիարժեք գործելը»: Միայն այս գարնանը ցրտահարվել է 29 հեկտար ցորենի ցանքատարածություն:
Նշենք, որ համայնքում հիմնականում արտադրվում են ցորեն, կարտոֆիլ, կերի արմատապտուղ, բանջարա-բոստանային կուլտուրաների (վերջինս սեփական սպառման համար): Երաշտի եւ կարկուտի, վատ որակի, հնացած սերմացուների եւ սպառման շուկայի բացակայության պատճառներով գյուղացին կորցնում է բերքի 40-60%-ը: Երաշտի տարիներին խոտի եւ խտացված կերի անբավարարվածության պատճառով դժվարանում է անասունների մսուրային շրջանի կազմակերպումը, որը հանգեցնում է անասունների հարկադրված մորթի:
Համայնքի ղեկավարի խոսքով՝ վարելահողերը գնալով դառնում են խոտհարքներ: Այսօրվա դրությամբ գյուղում ավելի շատ զարգանում է անասնապահությունը, չնայած այստեղ էլ խնդիրներ կան. «Կաթի մեկ լիտրը մթերում են 10 դրամով: Աբսուրդ գին է»,-ասաց գյուղապետը:
Լեջանցիները մեզ հետ զրույցում դժգոհում են, որ պետությունը, ի դեմս գյուղատնտեսության նախարարության, մինչ օրս որեւէ քայլ չարեց՝ կաթի գինը բարձրաձնելու եւ մթերողի առաջ պայմաններ դնելու ուղղությամբ, ինչի արդյունքում գյուղացին կկարողանար գոնե անասնապահությամբ ապրել:
Լեջան գյուղը գազաֆիկացված է, լուրջ է սակայն խմելու ջրի հարցը, ինչը պայմանավորված է ավելի շատ ներքին ցանցի, ջրամբարի ու խողովակների մաշվածության հետ.«Պոմպերը նորմալ չեն աշխատում, խողովակաշարերը մաշված են, նաեւ անթույլատրելի է նման խողովակներով խմելու ջուր բերել, քանի որ ազբեստի խողովակներ են: Մեր ջրի կորուստը շատ-շատ է»:
Գյուղը չնայած մանկապարտեզ ունեցել է, սակայն այն փակվել է նախորդ տարի. «Պատճառները մի քանիսն էին, որ փակեցինք: Նախ շենքային պայմանները չեն համապատասխանում ստանդարտներին, հետո կոյուղու ու տանիքի խնդիր ունեինք: Տանիքի խնդիրը տարածքի պատգամավորի օգնությանբ լուծվեց, բայց մյուս խնդիրները դեռեւս մնում են չլուծված»,-ասաց Լեջանի գյուղապետ Արմեն Մկրտչյանը:

ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լոռի

 

 

 
OՏԱՐՆԵՐԸ ԿՕՊՏԻՄԱԼԱՑՎԵՆ
Ապրիլի 12-ին Վանաձոր համայնքի ավագանու կայացած նիստում ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների 15 անդամներ կողմ քվեարկեցին համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների հաստիքացուցակների եւ պաշտոնական դրույքաչափերի մասին հարցին: Հիշեցնենք, որ ըստ այդմ, նախատեսվում է կրճատումներ իրականացնել քաղաքի գրադարանային համակարգում եւ մարզական հաստատություններում: Համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը ավագանուն ներկայացրած հարցը հիմնավորեց համայնքային բյուջեից սնվող հիմնարկությունների հաստիքացուցակների եւ դրանց նպատակահարմարությունը վերանայելով՝ ավելի արդյունավետ դարձնելու համայնքային բյուջեի ծախսերը:
Քաղաքի կենտրոնացված գրադարանային համակարգի 62 հաստիքներից կրճատվելու են 41-ը: 7 գրադարանավարներ դիմել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին, ով անհիմն եւ հակաիրավական է համարում որոշումը՝ քաղաքապետին հակադարձելով, որ հաստիքների օպտիմալացումը պետք է սկսել հենց քաղաքապետարանից: «Գնացեք, Ձեր հաստիքացուցակն ու ավտոբազան կրճատեք… մարդկանց կրթական ու հոգեւոր զարգացման հաշվին չի կարելի սեփական աշխատավարձները ապահովել: Հանցավոր ու անգրագետ մոտեցում է»,-ասում է Սաքունցը:
Վանաձորի գրադարաններում եւ մարզական օջախներում սպասվող հաստիքային օպտիմալացումների արդյունքում, ըստ համայնքապետարանի հաշվարկների, գրադարանային համակարգում կտնտեսվի ավելի քան 31 մլն դրամ, իսկ մարզական հաստատություններում՝ 22 միլիոն դրամից ավել գումար:
Թեմայի շուրջ բուռն քննարկումներ են իրականացվում նաեւ սոցիալական ցանցերում: Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը մեկնաբանությունների մեջ շուրջ մեկ տասնյակ լուսանկարներ է հրապարակել, որտեղ պատկերված է գրադարաններում տիրող խայտառակ պատկերը` փլվող ու նեխած հատակ, կաթող տանիք, խոնավ սենյակներ:
Ստացվում է, որ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կրճատումները թերեւս սկսել է ամենաթույլ օղակներից: Ինչու, որովհետեւ գրադարաններում աշխատող քաղաքացիները ստանում են նվազագույն աշխատավարձ, ովքեր դրանով հոգում են մի ամբողջ ընտանիքի հոգսը, իսկ ահա քաղաքապետարանի բաժիններում որպես աշխատակից գրանցված ու չգիտես ինչով զբաղված աշխատակիցներ շարունակում են վարձատրվել համայնքի բյուջեից միայն այն պատճառով, որ այս կամ այն պաշտոնյայի, պատգամավորի ու նախարարի խնամի-ծանոթ-բարեկամն են, ովքեր տարին հազիվ մեկ-երկու անգամ գան աշխատանքի:
«Ժողովուրդ» օրաթերթը Ավանաձորի քաղաքապետարանի հաստիքացուցակին կանդրադառնա առաջիկայում:

Է. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լոռի




Լրահոս