ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ տարբերություն կա հայ առաքելական եւ ռուս ուղղափառ եկեղեցիների միջեւ:
Ռիմա Կիրակոսյան (31 տարեկսան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում եմք, որ ռուսական ուղղափառ Սուրբ եկեղեցին հիմնված է առաքելական եւ ավետարանական ավանդությունների վրա՝ ուղղափառ հավատքով եւ ընդունելի ավանդություններով: Հայ առաքելական Սուրբ եկեղեցին հիմնվել է ռուսական եկեղեցուց մոտ 900 տարի առաջ՝ առաքելական քարոզչության ժամանակաշրջանում Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարդուղիմեոս Առաքյալների կողմից, իսկ 301թ. քրիստոնեությունը Հայաստանում ընդունվել է որպես պետական կրոն: Սա չի նշանակում, որ Հայ առաքելական Եկեղեցին մինչեւ 301թ. չկար, այլ 301թ. Հայաստանն է դարձել աշխարհում առաջին քրիստոնեական պետություն:
Սա նշանակում է, որ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին մոտ է կանգնած առաքելական ավանդությանը եւ ունի ուղղափառ հավատք: Որոշ ռուս հոգեւորականներ, ովքեր ծանոթ չեն Հայ եկեղեցու ուսմունքին, պնդում են, թե Հայ եկեղեցին եվտիքեսական է, ինչը զրպարտություն է: Եվտիքեսը մերժում էր Տեր Հիսուս Քրիստոսի մարդկային բնությունը:
Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բուն ուղղափառությունը պետք է հասկանալ լայն իմաստով՝ հավատարմություն առաքելական ավանդությանը: Հայ եկեղեցին առաքելական է եւ որեւէ կարիք չունի իր ուղղափառությունն ապացուցելու համար անվանման մեջ ընդգծելու ինքնին ակնհայտ որեւէ բան: