Պետք է ճանաչել ԼՂՀ անկախությունը. Մոդեստ Կոլերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 19-ին սահմանային միջադեպերի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խումբը, ապա նաեւ՝ ՌԴ ԱԳՆ-ն: Եվ այս անգամ շատերի համար զարմանալիորեն այդ հայտարարությունները Ադրբեջանին ուղղված հասցեական քննադատություն էին պարունակում: Առաջին անգամն է, երբ ԵԱՀԿ ՄԽ-ն ոչ թե ընդանուր ձեւակերպումներով կողմերին է կոչ անում խաղաղություն պահպանել, այլ դիմում է կոնկրետ պաշտոնական Բաքվին: Ընդ որում, հիշեցնենք, նման հասցեական քննադատություն ՌԴ-ի ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից չէր եղել անգամ ապրիլյան պատերազմի հետ կապված:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր. «Մի շարք վստահելի աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը հրթիռ են արձակել շփման գծից այն կողմ` խոցելով զինտեխնիկա: Մայիսի 16-ից մինչեւ մայիսի 17-ը հայկական զինված ուժերը պատասխան հարվածներ են հասցրել տարբեր տրամաչափի ականանետային կրակով: Երկու կողմերի այս գործողությունները հրադադարի նշանակալի խախտումներ են, որոնք մտահոգության տեղիք են տալիս»: Ու թեեւ համանախագահները նշել են, որ իրավիճակի մասին ավելի լիարժեք ու ճշգրիտ պատկերացում կազմելու համար շարունակում են տեղեկատվություն հավաքել, բայց եւ արձանագրել են. «Համանախագահները դատապարտում են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտումները եւ կողմերին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հակամարտության գոտում լարվածության հետագա աճը կանխելու համար»:

Իսկ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունն այս տեսքն ուներ. «Ռուսաստանը դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը եւ կողմերին կոչ է անում անհրաժեշտ միջոցներ ձեռք առնել հակամարտության գոտում հետագա էսկալացիայի եւ լարվածության կանխարգելման համար: Տարբեր աղբյուրներից ստացված տեղեկություններով՝ մայիսի 15-ի կեսօրին ադրբեջանական կողմը գնդակոծել է շփման գծի հակառակ կողմում գտնվող ռազմական օբյեկտը, ինչին համապատասխանաբար արձագանք է տվել մյուս կողմը»:

Թե ինչի հետ են կապված վերջին օրերի հասցեական հայտարարությունները, եւ ինչու դրանք հենց հիմա եղան, «Ժողովուրդը» փորձեց պարզել՝ զրուցելով ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովի հետ:

-Պարո՛ն Կոլերով, ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից հասցեական հայտարարությունը տարակուսանքի տեղիք է տվել շատերի մոտ: Ինչո՞ւ հենց հիմա Մինսկի խումբը որոշեց նման հայտարարությամբ հանդես գալ:

-Դա կապված է Ադրբեջանի գործողությունների հետ: Նախորդ տարվա ապրիլին սկսված եւ մինչ այժմ շարունակվող նրանց գործողությունները զրոյի են հավասարեցնում Մինսկի խմբի ջանքերը եւ ողջ աշխարհին ցույց են տալիս այդ խմբի ոչ այնքան բավարար ունակությունները: Ամենաքիչը երկու համանախագահների՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համար, դա շատ նուրբ հարց է, որովհետեւ այդ երկրներում ղեկավար կազմի փոփոխություններ տեղի ունեցան, եւ դա համընկավ իրավիճակի սրացման եւ այն հանգամանքի հետ, որ Ադրբեջանը ցուցադրաբար անտեսում է Մինսկի խմբի ջանքերը: Այդ կերպ նոր ղեկավար կազմի գործողություններն այս առումով սկսվում են անհաջողությամբ: Նրանց այս ամենը հետաքրքիր եւ շահավետ չէ:

-Այսինքն՝ հետագայում ե՞ւս կարող ենք այսպիսի հասցեական հայտարարություններ սպասել:

-Եթե Ադրբեջանն իրեն հետագայում էլ այսպես պահի եւ շարունակի անտեսել Մինսկի խմբի հայտարարություններն ու առաջարկները, ապա Մինսկի խումբը, որքան էլ ցանկանա պահել իր միջնորդի կարգավիճակը, ստիպված կլինի բացասական արտահայտվել Ադրբեջանի գործողությունների մասին: Արդյունքում Ադրբեջանը կփորձի հասնել Մինսկի խմբի մանդատի փոփոխության:

-Բայց արդյո՞ք դա չի նշանակում, որ Ադրբեջանը կձգտի էլ ավելի սրել իրավիճակը սահմանին:

-Սրացում կլինի ցանկացած իրավիճակում, քանի որ ապրիլյան դեպքերից հետո ոչ մի սանկցիա Ադրբեջանի դեմ չեղավ:

-Ավելին՝ Ադրբեջանը մինչ այժմ չի կատարել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները: Մինսկի խումբն այս առումով անելիք չունի՞:

-Պարզ է, որ Ադրբեջանը կշարունակի չկատարել այդ խոստումները, քանի որ նա դրանք խոստումներ չի համարում: Մինսկի խումբը չի կարող որեւէ բան անել այս ուղղությամբ, նրանք միայն կարող են սկսել պատրաստել հարցի փոխանցումն ավելի բարձր մակարդակ: Բայց դա ավելի հեռուն գնացող ծրագիր է:

-Ղարաբաղյան հարցի լուծման ժամկետները մոտ կարո՞ղ ենք համարել: Հակամարտությունը դեռ որքա՞ն կարող է շարունակվել:

-Այսպիսի իրավիճակը կարող է անվերջ շարունակվել: Պետք է ամրապնդել պաշտպանունակությունը եւ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

-Սակայն Հայաստանում նշում են, թե այս պահին այդպիսի քայլ անելը նպատակահարմար չէ:

-Հայաստանում պատճառաբանում են, թե բանակցություններ են ընթանում, սակայն դրանք փաստացի չկան: : Չճանաչել ԼՂՀ-ն, որպեսզի պահպանել բանակցային գործընթացի ֆորմատը, ավելի ու ավելի ոչ ռացիոնալ է դառնում: Այդ ֆորմատը վաղուց է խալխլված: Պետք է գործել, պետք է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ակնհայտ է, որ այդ քայլը կատարող առաջին պետությունը հենց ՀՀ-ն պետք է լինի:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս