Մերձավոր Արեվելքը` որպես Թրամփի քաղաքական առաջնահերթություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 20-ին մեկնարկեց իր նախագահության առաջին արտասահմանյան այցը: 8-օրյա այցի շրջանակներում ԱՄՆ նախագահը եղավ Մերձավոր Արեւելքում, իսկ այնուհետ հասավ Եվրոպա: Հարկ է նկատել, որ Թրամփը ԱՄՆ այն սակավաթիվ նախագահներից է, որ առաջին օտարերկրյա այցելությունը չեն կատարել ԱՄՆ-ի հարեւան երկիր: Վերլուծաբանները կարծիք են հայտնում, որ դա հստակ մեսիջ է` թելադրված Թրամփի արտաքին քաղաքական առաջնահերթություններով:
Թրամփը նախագահ է դարձել քաղաքական ավանդույթները խախտելու, հաստատված կարգերը ոտնահարելու ճանապարհով, ուստի եւ զարմանալի չէ, որ նրա առաջին արտասահմանյան ուղեւորությունը պիտի շեղվեր դասական ընկալումներից: Նախ նկատելի է, որ Թրամփն իր առաջին ճամփորդությունը կատարեց նախագահի պաշտոնում անցկացնելով 119 օր, ինչը վերջին 50 տարվա մեջ ամենից երկարն է համարվում: Այդքան երկար ժամանակ ԱՄՆ-ի տարածքից դուրս չգալու պատճառով Թրամփին ամերիկյան մամուլը կնքել էր «տնակյաց նախագահ» ծաղրանունով: Նա դարձավ առաջին նախագահը, որը նախընտրեց այցելել Մերձավոր Արեւելք՝ մասնավորապես վայրէջք կատարելով Սաուդյան Արաբիայում: Թեոդոր Ռուզվելտից սկսած` շուրջ 19 նախագահներից 14-ը առաջին այցը կատարել են ԱՄՆ-ի հարեւան երկրներ: Ավանդույթը վերջինը խախտել էր Ջիմմի Քարթերը, որը 1977թ. Միացյալ Թագավորությունը նախընտրել էր Կանադայից կամ Մեքսիկայից: Ավանդույթին հավատարիմ էին մնացել Ռոնալդ Ռեյգանից սկսած բոլոր նախագահները:

Կարծրացած սովորույթների նկատմամբ իր արհամարհանքով հանդերձ` ԱՄՆ 45-րդ նախագահը միաժամանակ ցույց է տալիս, որ իր վարչակազմը Մերձավոր Արեւելքն ընկալում է իբրեւ աշխարհաքաղաքական իրողությունների առաջնային թատերաբեմ: Կարծիք կա, որ Թրամփը այսպիսով հուշում է, թե որ տարածաշրջանի վերակառուցմանն է ուղղված լինելու իր գործունեությունը առնվազն 4-ամյա կտրվածքով: Հաշվի առնելով Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի թշնամական վերաբերմունքը Իրանի նկատմամբ` ենթադրելի է, որ Թրամփն այսպիսով ազդարարում է Իրանի հանդեպ ամերիկյան քաղաքականության կոշտացման հանգամանքը: Եթե Իսրայելը Իրանի նկատմամբ իր դժկամությունը պայմանավորում է անվտանգության հիմնահարցով, ապա Սաուդյան Արաբիան մահմեդական աշխարհում ձգտում է դառնալ առաջնորդող տերություն, որին այստեղ մարտահրավեր նետելու կարողություն ունի միմիայն Իրանը:

Նախընտրական շրջանում Թրամփը բազմիցս քննադատել էր Օբամայի քաղաքականությունը Իրանի նկատմամբ եւ այսօր էլ խոստանում է, որ երբեք թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ: Եթե Թրամփը Իրանի դեմ գործնական քայլերի գնա, ապա նրա համար կենսական դաշնակիցներ են հենց Սաուդյան Արաբիան եւ Իսրայելը: Նմանօրինակ քայլերով Թրամփը պատրաստվում է Իրանի հետ շատ ավելի լուրջ եւ կոշտ խոսակցություն ունենալ: Իհարկե, Հասան Ռոհանիի վերընտրությունը բավականին կբարդացնի ամերիկյան վարչակազմի գործը` իր ռադիկալիզմը հիմնավորելով իրանյան քաղաքականության անպատասխանատվությամբ ու վտանգավորությամբ: Այդուամենայնիվ, օտարերկրյա առաջին ուղեւորությամբ Թրամփը ապահովագրում է թիկունքը:
Հարկ է նաեւ արձանագրել, որ Թրամփի փեսան` Ջարեդ Քուշները, Սպիտակ տանն աշխատում է որպես նախագահի ավագ խորհրդական, եւ նրա իրավասության ներքո է գտնվում հենց Մերձավոր Արեւելքը: Գաղտնիք չէ, որ Թրամփը մեծապես ականջալուր է իր դստեր եւ փեսայի խորհուրդներին, եւ արտերկրյա առաջին այցի որոշումն էլ է հարկավոր դիտարկել այս տեսանկյունից: Ի վերջո, Թրամփը Քուշներին տալով նման պատասխանատու պաշտոն` հայտարարել էր, որ նա կկարողանա կարգի բերել Մերձավոր Արեւելքի քաոսը: Քուշներն էլ, ի դեպ, կարծես թե արդարացնում է նախագահի հույսերը: Նրան հաջողվեց բանակցությունների արդյունքում պատրաստել 110 միլիարդ դոլարի պայմանագիր, որով Սաուդյան Արաբիան պաշտպանական զենք է գնում ԱՄՆ-ից: Ըստ հայտարարությունների` գործարքը միտված է ահաբեկչության դեմ պայքարին` նոր տեխնոլոգիաներով զինելով ԱՄՆ-ի դաշնակիցներին: Նկատելի է, որ Քուշներին հաջողվել է կարճ ժամանակում, ըստ լուրերի՝ 2 շաբաթում, վերջնական պայմանավորվածությունների հանգել եւ պայմանագիրը պատրաստել նախագահի ստորագրության համար: Կասկած չկա, որ նման հաջողությամբ նրա դերը Սպիտակ տանը էլ ավելի կբարձրանա` հակելով Թրամփին իր փեսայի խորհուրդներին:

Ի դեպ, թեման բավականին ակտուալ է նաեւ Թուրքիայում եւ Հայաստանում, որտեղ «նախագահական» փեսաները մեծ ազդեցություն են վայելում: Բելաթ Ալբայրաքը Թուրքիայի էներգետիկայի նախարարն է, Էրդողանի անմիջական խորհրդատուն եւ գուցե թե ամենահավատարիմ զինակիցը: Թուրքիայում կարծիք կա, որ նա աստիճանաբար մեծացնում է իր ազդեցությունը պետական կառավարման ասպարեզում` ձգտելով վարչապետի պաշտոնին: Հայաստանում էլ Սերժ Սարգսյանի փեսան, Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանն է նման նկրտումներով հանդես գալիս: Մամուլը բազմիցս գրել է քաղաքական հարցերում նրա ներգրավվածության մասին, իսկ քաղաքական գործիչներն էլ չեն զլանում միմյանց պիտակավորել «Միշիկի մարդ» կոչումով: Երբ Սերժ Սարգսյանը Մինասյանին ուղարկեց Վատիկան, շատերը այդ քայլը գնահատեցին որպես պատիժ` ներքին քաղաքական հարցերում թույլ տված բացթողումների համար: Մինչդեռ աստիճանաբար իրական է թվում, որ Մինասյանը ներգրավվելու է հայաստանյան գործընթացներում` նախ որպես Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ անձանցից մեկը, ապա որպես սարգսյանական նոմենկլատուրայի կրթված ներկայացուցիչ: Անշուշտ, Մինասյանը դեռ ստիպված կլինի սպասել, մինչեւ Սարգսյանը 2018թ. ապրիլին վարչապետի պաշտոնում հանգրվանելու իր ծրագրի վերջին մեխը խփի:

Ն. Հովսեփյան




Լրահոս