ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդը, ըստ նպատակային նշանակության, քանի՞ կատեգորիաների է բաժանվում:
Դավիթ Տիգրանյան (59 տարեկան, հողագործ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Դ. Տիգրանյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդը, ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների), դասակարգվում է`
1) գյուղատնտեսական նշանակության;
2) բնակավայրերի;
3) արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության;
4) էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների;
5) հատուկ պահպանվող տարածքների;
6) հատուկ նշանակության;
7) անտառային;
8) ջրային;
9) պահուստային հողերի:
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ հողի գնահատումը դրա կադաստրային գնի որոշումն է` հողի բերրիության, ֆիզիկական ու որակական այլ հատկանիշների, բնական եւ տնտեսական պայմանների, հողամասերի շրջանացման, գոտիականության, նպատակային նշանակությանը համապատասխան:
Նշենք, որ հողը գնահատելիս օգտագործվում են հողերի մոնիթորինգի, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի, հողերի վիճակի վերաբերյալ այլ հետազոտությունների եւ դիտարկումների տվյալները: Հողերի գնահատումն իրականացվում է հողերի նկատմամբ տարբեր գործառույթների իրականացման նպատակով` կադաստրային եւ շուկայական գներով:
Հողամասերի կադաստրային գների տվյալները կիրառվում են հողի հարկը եւ վարձավճարները սահմանելիս եւ հողի նկատմամբ այլ գործառույթներ իրականացնելիս: Ի դեպ, հողերի գնահատումն իրականացվում է օրենքների եւ նորմատիվ իրավական ակտերի հիման վրա: