
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ամուսնալուծության հետեւանքով ի՞նչ իրավական հետեւանքներ են առաջանում:
Իրինա Միքայելյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ամուսնալուծությունը հանգեցնում է ամուսինների անձնական եւ գույքային իրավահարաբերությունների դադարեցմանը: Ամուսնալուծության պարագայում ամուսինը ցանկության դեպքում կարող է վերադարձնել մինչամուսնական ազգանունը: Ամուսիններն ամուսնության ընթացքում ձեռքբերված գույքի բաժանում են կատարում դատական կարգով կամ փոխհամաձայնությամբ: Հայաստանում օրենքով նախատեսված մի շարք դեպքերում նախկին ամուսինն ալիմենտի իրավունք ունի:
Դատարանն ամուսնալուծության գործով վարույթ է սկսում ամուսիններից մեկի` նախատեսված կարգով ներկայացված հայցադիմումի հիման վրա:
«Ձեր իրավախորհրդատու փաստաբանական ընկերություն»
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ընդհանուր կարգով հայցվորն ամուսնալուծության մասին հայց է ներկայացնում պատասխանողի` օրենքին համապատասխան գրանցված, բնակության կամ գտնվելու վայրի դատարան: Հայցվորի խնամակալության տակ գտնվող անչափահաս կամ մանկահասակ երեխաների, կամ առողջական, կամ այլ հարգելի պատճառով պատասխանողի բնակության վայր մեկնել չկարողանալու պարագայում հայցադիմումը կարող է ներկայացվել հայցվորի բնակության կամ գտնվելու վայրում: