Չի կարելի երկիրը սրան-նրան տալ. մասնավորեցումից հետո ոչ ոք չի կարող գուշակել, թե ինչ կլինի այդ տարածքների ճակատագիրը. Լյուդմիլա Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական սեփականություն Հայաստանում անհրաժեշտ է, և պետք է կարողանալ ոչ միայն այդ սեփականությունը պահպանել, այլև ավելացնել: Պետք է ճիշտ բաշխեն այն ներդրումները, որ խոստացել է վարչապետը և փորձել պահպանել` որպես մասնավոր սեփականություն: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում, խոսելով 47 պետական ընկերությունների մասնավորեցման մասին, ասաց հինգերորդ գումարման խորհրդարանի պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Նրա խոսքով` այն, ինչ ժամանակին օտարվեց ևս սխալ էր, և այս էտապում պետք է փորձել պահպանել:

«Այսպես չի կարելի ամեն ինչ մասնավորեցնել, որից հետո ոչ մեկը չի կարող գուշակել, թե ինչ կլինի այդ տարածքների, այդ ձեռնարկությունների ճակատագիրը: Չէ՞ որ բազմաթիվ մարդիկ այդտեղ աշխատել են: Մենք գիտենք բազմաթիվ գործարաններ, որոնք օտարվեցին, այդպես էլ ոչնչացան ու վերացան:

Եթե այդքան ներդրում պետք է լինի, թող մի մասն ուղղեն այդ ուղղությամբ: Ես կտրականապես դեմ եմ նման մոտեցմանը: Միգուցե մի մասը կարող է վիճելի լինել, բայց այս ցանկի մեծ մասը, որոնք ունեն գույք, պոտենցիալ, որ կարելի է օգտագործել, պետք է պահպանել, դա միանշանակ է:

Չի կարելի երկիրը դնել, սրան-նրան տալ: Չէ՞ որ մասնավորեցումից հետո դու չես կարող պահանջել, որ ռեստորան կամ խաղատուն չդառա»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության վերջին նիստում հավանության արժանացավ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ըստ որի՝ նախատեսված է մասնավորեցնել 47 ընկերություններ, այդ թվում՝ «Հայփոստ» ՓԲԸ-ն, «Հայավտոկայան» ՓԲԸ-ն, Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան, կառավարության ընդունելությունների տունը, մի շարք բուժհիմնարկներ: Մասնավորեցման ծրագրի արդյունքում ակնկալվում է ստանալ 35-36 մլրդ դրամ, որն էլ ուղղվելու է պետբյուջե:

Արփինե Թովմասյան




Լրահոս