Որ կառույցներն են ընդգրկվել մասնավորեցման ծրագրում. գույքի ճակատագիրն անհայտ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը հավանություն է տրվել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նշենք, որ մասնավորեցման ծրագրում ընդհանուր առմամբ ընդգրկվել են 47 ընկերություններ, որոնց վաճառքից ակնկալվում է ստանալ 35-36 մլրդ դրամ:

Մասնավորեցման ծրագրում ընդգրկված են հետեւյալ ընկերություններն ու գույքը.

ՀՀ գյուղատնտեսության նախարարության
1.«Ագրոսպասարկում» ՓԲԸ-ն

2.Գորիսի «Բերրիություն» ԲԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության

3.«Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի «Տավուշի ուսուցիչների վերապատրաստման կենտրոն» ԴՓԲԸ-ն

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության

4. «Հայփոստ» ՓԲԸ -ն

5. «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն ՀՀ մշակույթի նախարարության

6. Տաշիրի կինոցանցի գույքը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության

7.«Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ԳՀԻ» ՓԲԸ

8. «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ

9. «Սեւակ եւ Սաթինե» ՍՊԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը

10. «Ավտոմատիկա» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը

11.«Ընդունելությունների տուն»-ը

12. «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ

13. «Ձիասպորտի կենտրոն» ՓԲԸ

14.«Երեւանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը

15.«Կապուտակ» ՓԲԸ

16.«Հայառշինվերանորոգում-1» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը

17.«Երառսպասարկում» ՓԲԸ

18.«Երեւանի ջրամատակարարման ուղեմաս» ԲԲԸ

19.«Գեոէկոնոմիկա» ՓԲԸ

20. «Ընդերքաբան» ԲԲԸ

21.«Բյուրեղ» հանքային ջրերի գործարան» ԲԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը

22. «Իջեւանի «Ագրոսպասարկում» ԲԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը

23.«Ախուրյանի «Ագրոսպասարկում» ԲԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը

24. Անիի «Ագրոսպասարկում» ԲԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը

25.Վարդենիսի «Բերրիություն» ԲԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը

26.«Դվին կոնցեռն» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը

27. «Ջրհան» ՓԲԸ

28.«Արաքս» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը

29. «Երվերելակ» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն

30. «Միջուկային եւ ռադիացիոն անվտանգության ԳՏԿ» ՓԲԸ
ՀՀ առողջապահության նախարարության

31. «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ

32. «Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ

33. «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ

34. «Մաշկաբանության եւ սեռավարակաբանական բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ

35. «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ

36. «Դիլիջան» մանկական հակատուբերկուլյոզային առողջարան» ՓԲԸ

37. «Երեւանի երկաթուղու պոլիկլինիկան»

38. «Նեւրոզների կլինիկա» ՓԲԸ

39. «Հանրապետական անձավաբուժական կենտրոն» ՓԲԸ

40. «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը

41. «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ

ՀՀ ֆինանսների նախարարության

42.«Գյուկոնդ» ԲԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության

43.«Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության

44. «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ

45. «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության

46. «Էներգաիմպեքս» ՓԲԸ Գեղարքունիքի մարզպետարանի

47. «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով պետական անշարժ գույքի մասնավորեցմանը հայտարարեց. «Այս ամենը երկու նպատակ է հետապնդում` մեկը բյուջեն լրացուցիչ գումարներով լցնելը, երկրորդը`ավելի արդյունավետ օգտագործելն անշարժ պետական գույքը: Իրենք ցանկություն կամ հույս ունեն, որ 35-36 մլրդ դրամի գումար մուտք կգործի բյուջե: Պետությունը ինքը չի կարողանում կառավարել. ֆինանսական միջոցների սղության կամ ինչ-որ կառավարման ունակությունների պակասի պատճառով այս ճանապարհն է ընտրվել: Ըստ էության բնական շուկայական գործընթաց է»:

Արդյոք մասնավորեցնելուց հետո պետական գույքը նպատակային կօգտագործվի, թե ոչ: «Անհանգստություն է, թե ինչպես է մասնավորցումն արվելու. աճուրդի՞, թե՞ այլ եղանակով: Գոնե մի դրական բան կարելի է այս պահին արձանագրել` այս ամենը օրենքի ուժով են անում, ոչ թե օրենքը շրջանցելով, ինչպես Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի դեպքում եղավ: Վերջին շրջանում մի քանի մասնավորեցումներ կամ սեփականաշնորհումներ եղան` օրենքը շրջանցելով»,- հիշեց տնտեսագետը` հավելելով. «Բայց պրակտիկ կյանքում տեսնում ենք, որ շատ դեպքում այդ ամենը մնում է որպես ցանկություն: Իսկ այն ինչը, որ մինչ այս է մասնավորեցվել գրեթե նպատակային չի օգտագործվում: խնդիրն, իհարկե, ավելի գլոբալ է, որովհետեւ շատ երեւույթներ թաքցվել են»:

Նա ափսոսանքով արձանագրեց, որ տնտեսապես զարգացում չկա, իսկ մարդիկ հեռացել են հետեւաբար լրացուցիչ պետական սեփականություն ունենալու կարիք էլ չկա: «Ուղղակի զարմանալի է, թե ինչու այդ ցանկի մեջ ներառված չէ ՀՀ կառավարության շենքը: Ճիշտ կլիներ, որ դա էլ ներառվեր: Քանի որ այդ ճոխությունները, որոնք առկա են նաեւ ՀՀ Ազգային ժողովում` աշխատակազմի մասով. մի քանի խորհրդականներ, օգնականներ, հասկանում ենք, որ ամեն տեղ նման ավելորդություններ կան, որոնք մեր պետական միջոցների արդյունավետ օգտագործման խնդիր են առաջացնում»,- նկատեց տնտեսագետը:

Նշենք, որ ծրագրում կան առողջապահական մի շարք ընկերություններ, որոնց մասնավորեցումն առաջարկվում է իրականացնել համապատասխանեցնելով ՀՀ կառավարության ծրագրին եւ նշված ոլորտում ներկայումս իրականացվող քաղաքականության պահանջներին` հաշվի առնելով ընկերությունների գործունեության առանձնահատկությունները:

Օրինակ, ՀՀ կառավարությունը «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն»-ի եւ «Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ի մասնավորեցմամբ ակնկալում է ներդրումներ, նոր բժշկական սարքավորումներով եւ տեխնոլոգիաներով վերազինում, որի արդյունքում, բժշկագիտության ոլորտի արագ զարգացմանը համահունչ, ծառայությունը կլինի առավել մրցունակ:

Հավելենք, որ ամիսներ առաջ ՀՀ տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքը նույնպես հանվել էր աճուրդի, սակայն այն չէր կայացել` հայտի բացակայության պատճառով: Սակայն արձանագրենք մի փաստ. սովորաբար երբ գույք է աճուրդի հանվում եւ գնորդ չունենալու արդյունքում այն չի կայանում, ապա հաջորդ աճուրդին դրա վաճառքի արժեքը 10 տոկոսով նվազում է: Իսկ եթե վերոնշյալ` մասնավորեցման ենթակա գույքի ցանկում ներառված պետական գույքերի աճուրդը մի քանի անգամ չկայանա, ապա դրանց վաճառքի գները մի քանի անգամ կնվազեցվեն:

Արդյունքում դրանք օլիգարխիայի կողմից կոպեկներով կգնվեն: Իսկ ինչ երաշխիք կա, որ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն»-ը, «Դիլիջան» մանկական հակատուբերկուլյոզային առողջարան» ՓԲԸ-ն կամ «Նեւրոզների կլինիկա»-ն մասնավորեցվելուց հետո չեն վերածվի հյուրանոցների կամ գիշերային ակումբների: Արդյոք ՀՀ կառավարությունը հետեւողական կլինի այս հարցի շուրջ` վերահսկելով հետմասնավորեցման փուլը: Ցավոք` նախադեպերն այլ հեռանկար են խոստանում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս