ՀՀԿ-ի «զինակիցներին» խնայեցին. ինչ հանգուցալուծում կստանա ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքագրած տնօրենների պատմությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն ավարտել է ՀՀԿ օգտին ձայներ հավաքագրած տնօրենների նախընտրական հայտնի սկանդալի վերաբերյալ ուսումնասիրությունները. այդ մասին  լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը` հավելելով, որ հիմա ամփոփվում են խնդրի վերաբերյալ ներկայացված առաջարկները, եւ արդյունքները կներկայացվեն 10-օրյա ժամկետում:

Լեւոն Մկրտչյանը խոսել է նաեւ ներկայացվելիք առաջարկների մասին` ասելով. «Դրանց մի մասը կլինի կարգերի ձեւով, մի մասը՝ օրենքների փոփոխության ձեւով, որոշակի առաջարկներն էլ կվերաբերեն կազմակերպչական լուծումներին: Բնականաբար առաջարկները պետք է ավելի հիմնարար լինեն եւ ուղղված ամբողջ կրթական համակարգի զարգացմանը՝ դպրոցների ապաքաղաքականացում, ուսուցիչների, տնօրենների պրոֆեսիոնալ անձնակազմի ձեւավորում, դպրոցների խորհուրդների իրական ազդեցության շատ լուրջ վերանայում: Հաճախ տեսնում ենք, որ դպրոցական խորհուրդները կոնկրետ անձերի կամ կոնկրետ շահերի կամակատարներ են դառնում, այլ ոչ թե պաշտպանում այն առաքելությունը, որի համար կոչված են եղել»:

Նախ արձանագրենք` պետական կառույցները, որոնք իրենց գործառույթների շրջանակներում այս ընթացքում զբաղվեցին սկանդալային ձայնագրությամբ, պարզապես արդարացրին պաշտոնեական դիրքը ՀՀԿ օգտին ծառայեցրած տնօրենների գործողությունները: Ե՛ւ ԿԸՀ-ն, ե՛ւ դատախազությունը հայտարարեցին, թե տնօրենների գործողություններում հակաօրինական ոչինչ չկար: Հիմա կատարվածն արդարացնելու հերթը ԿԳՆ-ինն է: Միայն փաստը, որ այս ընթացքում դպրոցի կամ մանկապարտեզի որեւէ տնօրեն չենթարկվեց պատասխանատվության, արդեն իսկ վկայում է ԿԳՆ-ի կողմից նրանց նկատմամբ «առանձնահատուկ ջերմ» վերաբերմունքի մասին: Չնայած մյուս կողմից էլ պարզ է, որ պետական կառույցներն այլ կերպ չէին կարող վարվել. ի վերջո, տնօրեններն իրենց պաշտոնեական լծակներն օգտագործել ու ձայներ հավաքագրել են հօգուտ ՀՀԿ-ի, ու տվյալ դեպքում իշխող կուսակցությունը ոչ մի դեպքում թույլ չէր տա զոհաբերել իր «զինակիցներին»:

Ինչ վերաբերում է ԿԳՆ ներկայացնելիք առաջարկներին, ապա հազիվ թե դրանք արմատախիլ անեն կրթական համակարգի այս արատավոր երեւույթները: Լավագույն դեպքում իշխանությունները մի քանի ցուցադրական քայլ կանեն ու վերջ: Ենթադրենք` կփորձեն վերանայել դպրոցների խորհուրդների լիազորությունները, այնտեղ որոշակի սահմանափակումներ կմտցեն, ինչպես, օրինակ, բուհերի կառավարման խորհուրդների դեպքում արեցին:

Հիշում եք` նախորդ տարի ԿԳՆ-ն ԱԺ ներկայացրեց օրինագիծ, ըստ որի՝ նախատեսված է պետական պաշտոնյաներին արգելել զբաղեցնել բուհերի խորհուրդների ղեկավարի պաշտոնը: Բայց սա որեւէ լուրջ ազդեցություն չի ունենա: Հազիվ թե որեւէ լուրջ ազդեցություն ունենա նաեւ կրթական համակարգի ապաքաղաքականացումը, թեեւ անկախ ամեն ինչից, այն այսօր օդ ու ջրի նման անհրաժեշտ է: Ու եթե Հայաստանում կրթական ոլորտը քայլ առ քայլ գնում է դեպի դեգրադացում, ապա առաջին հերթին կուսակցականացվածության հետեւանքով: Այս խնդրի մասին վերջին տարիներին շատ-շատ է խոսվել: Բայց իշխող ՀՀԿ-ն միշտ ատամներով դիմադրել է կրթական համակարգն ապակուսակցականացնելու գաղափարին: Դիմադրել է այն պարզ պատճառով, որ այդպես իրենք կարող են զրկվել կարեւորագույն լծակից, մինչդեռ հիմա` ՀՀԿ քաղաքական մենաշնորհի պարագայում, ոչ միայն կրթական ոլորտը, այլեւ պետական ողջ համակարգը ծառայեցվում է մեկ կուսակցության շահերի:

Ու եթե Հայաստանում իշխանությունը շարունակում է աշխատել նույն գործելաոճով՝ ստիպելով պետական կառույցներին ծառայել ՀՀԿ-ին, ապա նման երեւույթներ կլինեն նաեւ ապակուսակցական կրթական համակարգի պարագայում: Ի վերջո, օրենքով ապակուսակցական է իրավապահ ողջ համակարգը, ապակուսակցականացված են զինված ուժերը, բայց այդ ամենը չի խանգարում, որպեսզի նաեւ նրանց ծառայեցնեն գործող իշխանության շահերին: Այնպես որ, խնդիրը շատ ավելի լուրջ է, քան ներկայացվում է նախարարության կողմից եւ պահանջում է համակարգային լուծումներ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս