ՓՈՂԻՆ ՄՈՒՆՆԱԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ 2 տարի առաջ Վրաստանի կառավարությունը բարձրաձայնեց իր տարածքով անցնող մայր գազատարը վաճառելու մտադրության մասին, Հայաստանի  պաշտոնատար այրերն անհանգստության նշաններ չցուցաբերեցին: Ավելին, նրանք շտապեցին հանգստացնել հանրությանը` ասելով, որ նման ակնարկներով Վրաստանն ընդամենը փորձում է ընդգծել Հայաստանի համար  իր կարեւորությունը, ուստի վրաց իշխանությունները գազատարի խաղաքարտն ապագայում էլ կշահարկեն, բայց չեն  օգտագործի:Սակայն Վրաստանի վարչապետի` Հայաստանում արած վերջին հայտարարությունից հետո արդեն ակնհայտ դարձավ, որ հայ իշխանավորների լավատեսությունն, ինչպես միշտ, զուրկ է որեւէ իրական հիմքից: Եվ այն,  որ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն արդեն հարկ է համարում  հայտարարել, թե` եթե  անգամ վաճառվելիք 25 տոկոսը գնի ադրբեջանական որեւէ ընկերություն, ապա դա որեւէ ազդեցություն չի ունենա գազատարի նպատակային շահագործման վրա, ցույց է տալիս, որ  ռուսական գազը Հայաստան հասցնող վրացական  գազատարի առնվազն 25 տոկոսը ադրբեջանական ընկերություններին վաճառելու քաղաքական որոշումն  արդեն  կայացված է: Ժամանակին ՀՀ կառավարության անդամները նույն ոգով էին արտահայտվում «Բաքու-Ջեյհան» նավթամուղի մասին` այն համարելով անիրագործելի բլեֆ: Իշխանական մամուլում որոշ «փորձագետներ» անգամ հայտարարում էին, որ ադրբեջանական նավթն ուր որ է կպրծնի, եւ նավթատարը դատարկ կմնա: Հետաքրքիր է` ուր են հիմա այդ «փորձագետները»: Հավանաբար, հիմա էլ վերլուծություններ են գրում  այն մասին, որ  վրացական գազատարի  25 տոկոսի (առայժմ) վաճառքը մեզ ոչնչով չի սպառնում: Ափսոս միայն, որ «անհեռատես» ադրբեջանցիները չեն կարդում նրանց վերլուծությունները եւ պատրաստվում են հարյուր միլիոնավոր դոլարներ վճարել մի բանի համար, որը ոչնչով չի կարող վնասել Հայաստանին: Ի դեպ, ՀՀ կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանը, ժամանակին անդրադառնալով Հայաստանը շրջանցող վրաց-ադրբեջանական  հերթական  ծրագրին` Կարս-Ախալքալաք երկաթուղուն, հայտարարել էր, որ այդ ծրագիրը երբեք իրականություն չի դառնա: Երկաթուղու շինարարությունն  արդեն ընթացքի մեջ է, սակայն դա դժվար թե այլեւս հետաքրքրի Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի տաքուկ պաշտոնը զբաղեցնող նախկին նախարարին:  Եվ այս առումով հետաքրքիր է, թե որտեղ կլինի Արմեն Մովսիսյանը կամ նրան ձայնակցող մյուս պաշտոնյաները, երբ մի օր պարզվի, որ վրացական գազատարի սեփականատերերն այլեւս չեն ցանկանում գազ ներմուծել Հայաստան: Եվ պետք չէ փորձել մարդկանց մոլորեցնել, թե իբր  գազատարի վերահսկիչ փաթեթը տնօրինող վրացական պետությունը  նման բան թույլ չի տա: Լավ էլ կտա: Փողին ու հայաթափված Ջավախքին մուննաթ:




Լրահոս