Ռազմիկ Ամյանի կամ այլ կատարողների կոչում ստանալուց երկիրը չի քանդվում. Եղիշե Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը մայիսի 28-ին` Առաջին Հանրապետության տոնի առթիվ կոչումներ շնորհեց մի շարք հայտնի արտիստների:

Մասնավորապես, պետական բարձր պարգևների, պատվավոր կոչումների արժանացան երգիչ Ռազմիկ Ամյանը, երգչուհի Էմմա Պետրոսյանը, դերասան Խորեն Լևոնյանը և այլք: Այս հանգամանքը հանրության մեջ լայն քննարկման պատճառ դարձավ:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է երգահան Եղիշե Պետրոսյանի հետ՝ պարզելու համար՝ ինչպես է ինքը գնահատում այս փաստը:

«Ռազմիկ Ամյանի կամ այլ կատարողների կոչում ստանալուց
երկիրը չի քանդվում, նրանց կարելի է հավանել, կամ չհավանել, լսել, կամ չլսել: Բայց, որ պարտադրված ենք հանդուրժել բազում անշնորհք, անպիտան պաշտոնյաների, որոնք անխնա ավերում են մեր երկիրը՝ դա ավելի անհանգստացնող է»,-ասաց նա:

Ըստ նրա՝ պարգևատրումը մտավորականության էլիտա ձևավորելու պոլիտբյուրոյական մեխանիզմ է, որը սովետից է մնացել. «Այստեղ երգիչների մեղքը չկա, մարդիկ ընդամենը երգում են: Նման կոչումներով մարդկանց գայթակղում, լռեցնում, սանձում են, տանում իրենց կողքն են կանգնեցնում, որպեսզի հարկ եղած դեպքում էլ նրանց ծառայություններից օգտվեն: Օրինակ՝ Շառլ Ազնավուրն այդ կոչումը չունի, չեմ կարծում, որ դրանից նրա աստղը խավարել է»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս