ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե անձը մասնակցում է կամավոր կենսաթոշակային բաղադրիչին, ապա նա իրավունք ունի՞ օգտվելու հարկային պարտավորություններից:
Մելինե Գրիգորյան (59 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ կամավոր կենսաթոշակային բաղադրիչին մասնակցելու դեպքում անձն օգտվում է եկամտային հարկի արտոնություններից: Մասնավորապես անձի եկամտային հարկով հարկման ենթակա եկամուտը նվազեցվում է մինչեւ 5 տոկոսի չափով: Օրինակ՝ եթե անձի ամսական բազային եկամուտը կազմել է 100 000 դրամ, եւ նա կատարել է 5000 դրամ կամավոր կուտակային վճար, ապա նրա եկամտային հարկը կհաշվարկվի 95 000 դրամից: Իսկ գործատուներն իրավունք ունեն նվազեցում կատարել շահութահարկի բազայից, եթե կամավոր կուտակային վճարներ կատարեն իրենց աշխատողների օգտին: Գործատուի հարկվող շահույթը որոշելիս՝ համախառն եկամուտը նվազեցվում է գործատուի յուրաքանչյուր վարձու աշխատողի համար գործատուի կատարած կամավոր կուտակային կենսաթոշակային վճարումների 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան տվյալ վարձու աշխատողի աշխատանքի վարձատրության եւ դրան հավասարեցված այլ վճարումների 2,5 տոկոսի չափով:
Գործատուն շահութահարկ չի վճարի վարձու աշխատողի օգտին կատարված կամավոր կուտակային վճարների` տվյալ վարձու աշխատողի աշխատանքի վարձատրության եւ դրան հավասարեցված այլ վճարումների 7.5 տոկոսը չգերազանցող մասի համար:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ կամավոր կենսաթոշակային բաղադրիչի մասնակից կարող է լինել ցանկացած անձ` անկախ տարիքից եւ անկախ այն հանգամանքից, թե նա պարտադիր կուտակային եւ բաշխողական կենսաթոշակային բաղադրիչի մասնակից է, թե ոչ: