«Վարկ սարքող» բիզնեսմեններից մինչև բիզնես անող տերտերներ. Ռաֆոն ու Անդոն ծաղրել են մեր այսօրվա իրականությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս համացանցում հայտնվեց «Դեպուտատի շոու» անունը կրող տեսահոլովակ, որի շրջանակում Անդրանիկ Հարությունյանը եւ Ռաֆայել Երանոսյանը ռեփ են կարդում եւ հանդես գալով Սնուփ Դոգի ու Թուփաքի կերպարներով՝ ծաղրում են հայ օլիգարխիայի ներկայացուցիչներին եւ պատգամավորներին։ Տեսահոլովակի ռեժիսորը Արշալույս Հարությունյանն է։ Երգի երաժշտությունը գրել է Ռիչարդ Մադլենյանը, իսկ խոսքերը՝ Արմեն Վարդանյանը։

«Ժողովուրդ»-ի հարցին, թե որտեղից ծնվեց նման գաղափար, Ռաֆայել Երանոսյանը պատասխանեց, որ տեսահոլովակը նոր ներկայացման անոնսն է. ««Դեպուտատի շոու» ներկայացումը երկու ամսից կներկայացվի հանդիսատեսի դատին: Ռեժիսորը հենց Արշալույս Հարությունյանն է: Խաղալու ենք ես, Անդոն եւ էլի դերասաններ, որոնք կընտրվեն քասթինգի միջոցով: Ամեն դեպքում, հոլովակում եւ ներկայացման մեջ հատուկ ընդգծված քաղաքական ենթատեքստ չկա»,- ասաց դերասանը:

Մենք նկատեցինք, որ Ռաֆոն եւ Անդոն իրենց երգում հիշատակում են ժողովրդի մասին չմտածող պատգամավորների, «վարկ սարքող» բիզնեսմենների, բիզնեսով զբաղվող տերտերների մասին. «Այո՛, դա մեր իրականությունն է, ներկայացման մեջ էլ արտացոլվում է հենց այսօրվա իրականությունը»,- նշեց Ռաֆայելը:
Հարցին, թե պատգամավորները հասցրե՞լ են նեղանալ դերասաններից, մեր զրուցակիցը կես կատակ-կես լուրջ պատասխանեց. «Մեզնից ոչ ոք չի նեղանում, որովհետեւ մեզ շատ են սիրում, ամեն ինչ անկեղծ ենք անում: Մենք անկուսակցական ենք, թշնամիներ էլ չունենք»:

Ռաֆայելի խոսքով` իրենք չեն կարող անտարբեր լինել այսօր ժողովրդին հուզող երեւույթների նկատմամբ. լավի համար ուրախանում են, վատի համար` տխրում. «Բայց ես չեմ սիրում դրա մասին ստատուս գրել, նման թեմայի շուրջ կռիվ անել: Փոխարենը իմ խոսքը տեղ եմ հասցնում գործի միջոցով, կարծում եմ` հանդիսատեսը կգնահատի դա: Ներկայացմանն էլ ոչ թե բողոքելու ենք, այլ հումորով խոսելու ենք նշյալ թեմաների շուրջ»,- եզրափակեց դերասանը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս