ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ հայաստանյան ո՞ր պետական բուհերն ունեն իրենց կից քոլեջներ: Քոլեջներում ի՞նչ ֆակուլտետներ (բաժիններ) են գործում: Եվ խնդրում եմ ասել՝ ընդունելության համար դիմողը պետք է քննության մասնակցի՞, թե՞ դպրոցի գնահատականներով կարող է ընդունվել քոլեջ:
Լիաննա Մաթեւոսյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունելությունը ուսումնական հաստատություններում կատարվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի՝ 2012 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը» N 254-Ն հրամանի համաձայն:
Հաստատությունում միջին մասնագիտական կրթության մասնագիությունների գծով ընդունելությունն իրականացվում է առանց ընդունելության քննությունների՝ մրցութային հիմունքով, բացառությամբ արվեստի, առողջապահության եւ սպորտի ոլորտի, որոնց համար նախատեսված է քննություն:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Նաիրա Հարությունյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ այս ուսումնական տարվա քննությունների դիմում-հայտերի գործընթացն արդեն ավարտվել է: Առաջին փուլով հայտագրվել է 9 հազար 737 դիմորդ, ովքեր ցանկանում են հանձնել միասնական քննություն:
Նշենք, որ նախորդ տարվա համեմատ՝ միասնական քննություն հանձնողների թիվը նվազել է մոտ 1500-ով: Ի դեպ, աառավել շատ են հայոց լեզու եւ գրականություն առարկայի գծով դիմորդները՝ 5 հազար 191, ամենաքիչը՝ համաշխարհային պատմություն առարկայի գծով՝ 88 դիմորդ: Ըստ մարզերի՝ ամենաշատ դիմորդները Երեւանից են՝ 3 հազար 101, ամենաքիչը՝ Վայոց ձորից՝ 243: