Ադրբեջանը վերջապես զիջեց. դիտորդների թիվը հետագայում կարող է ավելանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 26-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել էր, թե միջնորդները կարողացել են պայմանավորվածություն ձեռք բերել Երեւանի եւ Բաքվի հետ` միջազգային դիտորդների թիվը յոթով ավելացնելու մասին: «Միեւնույն ժամանակ դեռեւս պահպանվում են դետալների վերաբերյալ տարաձայնությունները, որոնց թվում են դիտորդների տեղակայման վայրի, նրանց գործունեության ֆինանսավորման կարգի եւ տեխնիկական այլ հարցերի շուրջ», – ասել էր Պոպովը:

Հիշեցնենք, որ Արցախյան հակամարտության գոտում դիտորդների թվի ավելացման հարցը քննարկվել էր դեռեւս 2016 թվականին Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը: Մայիսի 19-ին էլ սահմանային միջադեպերի վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խումբը, ապա նաեւ ՌԴ ԱԳՆ-ն: Եվ այս անգամ շատերի համար զարմանալիորեն այդ հայտարարություններն Ադրբեջանին ուղղված հասցեական քննադատություն էին պարունակում: Առաջին անգամն է, երբ ԵԱՀԿ ՄԽ-ն ոչ թե ընդհանուր ձեւակերպումներով կողմերին կոչ է անում խաղաղություն պահպանել, այլ դիմում է կոնկրետ պաշտոնական Բաքվին: Ընդ որում, հիշեցնենք, նման հասցեական քննադատություն ՌԴ-ի ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից չէր եղել անգամ ապրիլյան պատերազմի հետ կապված:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր. «Մի շարք վստահելի աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն` մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը հրթիռ են արձակել շփման գծից այն կողմ` խոցելով զինտեխնիկա: Մայիսի 16-ին մինչեւ մայիսի 17-ը հայկական զինված ուժերը պատասխան հարվածներ են հասցրել տարբեր տրամաչափի ականանետային կրակով: Երկու կողմերի այս գործողությունները հրադադարի նշանակալի խախտումներ են, որոնք մտահոգության տեղիք են տալիս»: Ու թեեւ համանախագահները նշել են, որ իրավիճակի մասին ավելի լիարժեք ու ճշգրիտ պատկերացում կազմելու համար շարունակում են տեղեկատվություն հավաքել, բայց եւ արձանագրել են. «Համանախագահները դատապարտում են Լեռնային ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտումները եւ կողմերին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները` հակամարտության գոտում լարվածության հետագա աճը կանխելու համար»:
Ձեռք բերված պայմանավորվածությունների հնարավոր արդյունքների եւ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում կատարվող գործընթացների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի հետ:

-Պարո՛ն Տարասով, ինչպե՞ս եք գնահատում այս պայմանավորվածությունը: Սա կարո՞ղ ենք համարել որոշակի առաջընթաց ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:

-Իհարկե, կարելի է: Դա նշանակում է, որ Ադրբեջանը վերջապես համաձայնեց միջազգային դիտորդների ներկայությանը, իսկ դա էլ նշանակում է, որ գործընթացը տեղից առաջ է շարժվում: Այսպես շարունակելու դեպքում հետագայում եւս նման այլ պայմանավորվածություններ կարող են ձեռք բերվել: Դա նշանակում է, որ այն, ինչ խոսում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, դա լիակատար ապատեղեկատվություն է:

-Բայց ընդամենը 7-ով դիտորդների թիվն ավելացնելը կարո՞ղ է էապես փոխել իրավիճակը:

-Իհարկե, դա քիչ է: Սակայն ես կարծում եմ, որ դիտորդների թիվը հետագայում կարող է ավելանալ: Դիտորդների առկայությունը կրճատում է կողմերի համար ուժային միջոցների դիմելու հավանականությունը:

-Դա ուղղակի սիմվոլիկ թի՞վ է:

-Ո՛չ, նրանք այժմ իրավունք են ստանում: Եթե առաջ Հայաստանը մեղադրում էր Ադրբեջանին, Ադրբեջանն էլ Հայաստանին, ապա այժմ դիտորդների խոսքը գլխավոր կլինի, թե ով է խախտել հրադադարը:

Իսկ ինչի՞ շնորհիվ հաջողվեց նման համաձայնության հասնել: Սա կարո՞ղ ենք համարել նաեւ ռուսական կողմի հաջողությունը:

-Անշուշտ: Սակայն դա միայն հայկական կողմի հաջողությունը չէ, այլ ընդհանուր առմամբ ԵԱՀԿ Մինսկի խմբինը: Այնտեղ ռուսական կողմ առանձին չկա, Մինսկի խումբն ընդհանուր է աշխատում: Դա նշանակում է, որ նրանք ինչ-որ բան են գտել Ադրբեջանի դեմ, այդ ուղղությամբ ճնշում են գործադրել, եւ Ադրբեջանն ուղղակի այլ ելք չի ունեցել: Ադրբեջանը մշտապես հակառակվում էր:

-Եթե հաշվի առնենք Մինսկի խմբի համանախագահների` մայիսի 18-ի հայտարարությունը, ապա կարո՞ղ ենք եզրակացնել, որ ինչ-որ փոփոխություններ են տեղի ունենում գործընթացում:

-Իհարկե, իհարկե: Մինսկի խումբը կարող է նաեւ այլ միջոցների դիմել եւ ունի նման իրավունք: Կոնֆլիկտն է այդպիսին, միայն մեկ շփումով ոչնչի չենք կարող հասնել: Ինչ-որ փոփոխություններ կան, մանրամասների մասին չեմ կարող ենթադրություններ անել, սակայն իմ կարծիքով դրանք մի որոշ ժամանակ հետո հայտնի կդառնան: Այժմ կարող ենք ենթադրություններ անել, տեսակետներ առաջ քաշել, սակայն ոչ փաստավորված: Ամեն դեպքում, դրական փոփոխություններն ակնհայտ են:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս