Չեմ կարծում, որ աշխատանքն ու ընտանիքը պետք է համատեղել. դրանք խանգարում են իրար. Մերի Մակարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` դերասանուհի, հաղորդավարուհի Մերի Մակարյանը նշանադրվել է: Նրա ընտրյալն ամերիկաբնակ Վարդանն է, ով Կալիֆորնիայում իրավաբանական կրթություն է ստացել, աշխատում է որպես փաստաբան։ Մերին պատրաստվում է պարբերաբար լինել թե՛ Հայաստանում, թե՛ ԱՄՆ-ում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դերասանուհին տեղեկացրեց, որ իր նշանածը ծնվել-մեծացել է ԱՄՆ-ում, սակայն շատ է սիրում Հայաստանը եւ հաճախ է լինում այստեղ: Այնպես որ, նրա խոսքով, երկրպագուները թող մտավախություն չունենան, թե ինքը, այսպես ասած, կկտրվի հայրենիքից:

Հարցին, թե որտեղ է հակված գործունեություն ծավալել, Մերին պատասխանեց. «Երբ ավարտին էր մոտենում «Առաջնորդները» սերիալը, արդեն մի քանի տեղից առաջարկ ստացա, սակայն մերժեցի, քանի որ ցանկանում էի կարգավիճակի փոփոխության դիմելիս ավելի հանգիստ լինել: Առհասարակ, հակված եմ աշխատել թե՛ Հայաստանում, թե՛ ԱՄՆ-ում, որտեղ որ հարմար կլինի, ինչպես կստացվի»:

Հետաքրքրվեցինք` մտադիր է արդյո՞ք Մերին համատեղել գործնական եւ անձնական կյանքը այն ժամանակ, երբ արդեն ամուսնացած կլինի. «Ես միշտ ժամանակս տրամադրել եմ աշխատանքիս: Դա ինձնից խլել է հսկայական էներգիա, ժամանակ, ամեն ինչ… Երբ կազմեմ ընտանիք, հետագայում էլ ունենամ բալիկներ, պատրաստ եմ ամբողջովին նվիրվել նրանց: Չեմ կարծում, որ աշխատանքն ու ընտանիքը պետք է համատեղել. դրանք խանգարում են իրար: Այնպես որ, քանի դեռ ընտանիք չունեմ, կլինեմ ասպարեզում, իսկ երբ ունենամ, չէի ասի, թե կթողնեմ ոլորտը, բայց կաշխատեմ թեթեւ գրաֆիկով: Իմ նշանածն էլ հարգում է իմ աշխատանքը, բայց կողմ է, որ եթե ընտանիք ես կազմում, պետք է լիարժեքորեն նվիրվես դրան»,-մեկնաբանեց դերասանուհին:

Հավելենք, որ Մերիի հարսանեկան արարողությունը շուտով կկայանա Միացյալ Նահանգներում։ Դերասանուհին երկու անգամ եղել է օվկիանոսից այն կողմ` որպես զբոսաշրջիկ, այս անգամ արդեն կտեղափոխվի` բնակվելու սիրելիի հետ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս