ՖՈՏՈ. Ես էլ եմ կորցրել, ինձ էլ են կորցրել. ունեցել եմ և գեղեցիկ, և տգեղ պատմություններ. Լևս Դավթյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը գործնական կյանքի նորությունների, անձնական կյանքից ունեցած սպասելիքների եւ նախասիրությունների շուրջ զրուցել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասան Լեւս Դավթյանի հետ, ով հայտնի է «Արտիստը», «Ես եմ» «Ճամբարում» գեղարվեստական ֆիլմերից եւ «Եռաչափ սեր», «Երե1», «Կյանքը շարունակվում է», «Գնված երջանկություն» եւ այլ հեռուստանախագծերից:

-Լեւս, առաջիկայում Ձեզ ի՞նչ նոր նախագծերում կտեսնենք:

-Նկարահանվում եմ 25 մասից բաղկացած սերիալում, որը հեռարձակվելու է «Արմենիա» հեռուստաընկերությամբ (պրոդյուսեր` Արմեն Պետրոսյան), բացի այդ` «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում սեպտեմբերին կլինեն պրեմիերաներ. ես նույնպես ներառված կլինեմ այդ ներկայացումներում: Իսկ այս ժամանակահատվածում թատրոնի անձնակազմը հյուրախաղերով շրջում է Հայաստանի խոշոր քաղաքներով:

Կա՞ մի դեր, որին ձգտել եք, բայց դեռ չեք հասել:

-Հիմա ինձ ավելի շատ հետաքրքրում են խարակտերային դերերը, այնպիսիք, որոնք դժվարությամբ են «բացվում»:

-Կարիերայում ինչի՞ եք ձգտում:

-Գերնպատակ ունեմ որակով ֆիլմերում նկարահանվել, ասելիք ունեցող ներկայացումներում հանդես գալ: Այսինքն` լինել այնտեղ, որտեղ աշխատելու նյութ կա. մենք այսօր լավ սցենարի պակաս ունենք:

-Որտե՞ղ եք Ձեզ զգում ինչպես ձուկը ջրում:

-Բեմում:

-Երեք գործոն, որոնք շատ կարեւոր են դերասանի համար:

-Շնորհք, աշխատասիրություն, բախտ: Հազվադեպ է պատահում, որ այդ երեքը միասին գործեն:

-Իսկ Դուք Ձեզ բախտավոր, հաջողակ մարդ համարո՞ւմ եք:

-Այո՛: Ես հավատում եմ Աստծուն եւ ամեն օր փառք եմ տալիս նրան` իմ ունեցածի համար:

-Իսկ Ձեր ոլորտում ի՞նչն է Ձեզ հիասթափեցնում:

-Այն, որ ում պատահի` ֆիլմերում նկարում են, իսկ մի շարք շնորհքով դերասաններ անգործ են: Այսօր ֆիլմերի գլխավոր դերերում հայտնվում են տաքսու վարորդներ, գլամուր աղջիկներ, եւ հեռուստադիտողը դրան սովորում է: Մարդկանց ինչ ցույց տաս, դրան էլ կադապտացվի:

-Ո՞վ է եղել Ձեր առաջին ուսուցիչը թատերական ոլորտում:

-Տիգրան Գեւորգյանը:

-Կա՞ ժամանակակից հայ գրող, որի գործերը Ձեզ հիացնում են:

-Շատ եմ համակրում Էդգար Կոստանդյանի, Սյունե Սեւադայի, Անուշ Քոչարյանի ձեռագրերը:

-Հոլիվուդյան դերասաններ, որոնք ոգեշնչում են Ձեզ:

-Հիթ Լեդջեր, Նիքոլ Քիդման:

-Վերջին շրջանում թողարկված ֆիլմ, որը մեծ տպավորություն է գործել Ձեզ վրա:

-Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ 1» եւ «Կյանք ու կռիվ 2» ֆիլմերը:

-Վերջին շրջանում ի՞նչ տպավորիչ ներկայացում եք դիտել:

-Նարինե Գրիգորյանի բեմադրած «Հովնանը». ռեժիսորի մանրակրկիտ աշխատանքն ու գրանցած ուժեղ արդյունքն ակնհայտ էին:

-Ձեր ընտանիքում, բացի Ձեզնից, դերասաններ, դերասանական հակումներ ունեցողներ կա՞ն:

-Ո՛չ, բայց ընտանիքիս անդամները մոտ են արվեստին: Մայրս ու քույրերիցս մեկը դաշնակահարուհի են, մյուս քույրս` ջութակահարուհի:

-Ունե՞ք բնավորության մի գիծ, որի հետ տան անդամները դժվարությամբ են համակերպվում:

-Մեր ընտանիքում բոլորս միմյանց հարմարվում ենք, անիմաստ ամբիցիաներ չունենք: Մեծ հաշվով` մեր տանը լուրջ թեմաներով վեճեր չեն լինում:

-Փողն ի՞նչ դեր ունի Ձեր կյանքում:

-Մարդու տրամադրությունը, ինչու ոչ` նաեւ առողջությունը մեծապես կախված է նաեւ փողից: Փողը կարեւոր հանգամանք է, բայց պետք չէ դրան գերի դառնալ, ոչ էլ անլուրջ վերաբերվել դրան: Եթե փողն անիմաստ ծախսես, այն «կնեղանա» ու էլ հետ չի գա:

-Լեւս, ընկեր կորցրե՞լ եք (ոչ ֆիզիկական առումով):

-Մարդիկ տարիների ընթացքում շատ են փոխվում, բայց ես իմ ոչ մի ընկերոջ մեծ խաչով չեմ ջնջում իմ կյանքից. եթե նույնիսկ հեռանում են, մնում են իմ ընկերները:

-Թվարկեք, խնդրեմ, մի քանի հատկանիշ, որոնցով պետք է օժտված լինի Ձեր ընտրյալը:

-Նա պետք է լինի խնամված, հանդուրժող (կապված իմ մասնագիտության հետ), կիրթ եւ հումորով:

-Իսկ անձնական կյանքում կորուստները շա՞տ են եղել:

-Ես էլ եմ կորցրել, ինձ էլ են կորցրել: Գուցե այս ամենի արդյունքում զգացմունքները շատ են «մաշվում», բայց ես չեմ հասկանում այն տղամարդկանց, որոնք կյանքում գոնե երեք-չորս պատմություն չեն ունեցել: Առանց դրանց շատ անհետաքրքիր կլիներ: Գուցե ես արվեստի մարդ եմ, եւ այդտեղից է գալիս այս մտայնությունը: Ամեն դեպքում, ինձ մոտ ինչ եղել է, ինքնաբերաբար է ստացվել. ունեցել եմ ե՛ւ գեղեցիկ, ե՛ւ տգեղ պատմություններ: Հիմա արդեն ձգտում եմ մի պատմության, որը կտանի դեպի ընտանիք:

Աննա Բաբաջանյան




Լրահոս