Ինչ ճակատագրի արժանացան «ընտրակեղծարար նվիրյալները». խախտումների հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ին ԱԺ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընտրախախտում իրականացրած անձինք շարունակում են դիմել քաղաքական ուժերին, որպեսզի իրենց նկատմամբ դատարանը մեղմ պատիժ սահմանի: Եվ ինչպես ցույց է տալիս իրավիճակը՝ ընտրախախտում իրականացրած անձանցից որեւէ մեկը չհայտնվեց ճաղերի հետեւում:

Եվ այսպես՝ մայիսի 3-ին ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնապես հայտնել էր, որ ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում արձանագրված դեպքերով հարուցվել է 19 քրեական գործ, որոնցից միայն 12-ը՝ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձերի համար, 3 գործ էլ՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու համար:

Անցնող երկու ամիսների ընթացքում 13 քրեական գործերով նախաքննությունը ավարտվել է, եւ քրեական գործերը ուղարկվել են դատարան:  Նկատենք, որ ընտրախախտում իրականացրած անձինք, որոնք այդ քայլին գնացել էին հանուն որեւէ քաղաքական ուժի, շարունակում են նրանց կողմից անտեսված մնալ: Բոլոր քաղաքական ուժերը ձեռքները լվացել են ու չեն ցանկանում որեւէ կերպ պատասխանատվություն կրել իրենց օգտին կրկնակի քվեարկության փորձ արած ու «բռնված» քաղաքացիներից:

Շատ ընտրողներ ճանապարհներ են փնտրում՝ իրենց սիրելի քաղաքական ուժի ղեկավարների հետ հանդիպելու համար, որպեսզի երաշխիքներ ստանան, որ գոնե ազատազրկման չեն դատապարտվի, բայց անօգուտ: Քաղաքական ուժերը անգամ պատրաստակամություն չեն հայտնում իրենց համար կրկնակի քվեարկության փորձ արած քաղաքացիներին հասցեագրված տուգանքները վճարել:

Սա, իհարկե, կանխատեսելի էր, քանի որ ժողովրդավարության ուղին բռնած մեր երկրում դժվար թե գտնվի որեւէ քաղաքական ուժ, որը կխոստովանի, որ մարդկանց ստիպել, հորդորել կամ խնդրել է կրկնակի քվեարկել: Բայց քանի որ գլոբալ իմաստով ՀՀ գործող իշխանությունը քաղաքական հրահանգ է տվել որեւէ ընտրակեղծարարի խիստ չդատել, հետեւաբար բոլոր պատիժները ամփոփվում են մեղմ «տոնայնության» մեջ:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում գրանցված ընտրախախատումների դեպքով երեք վճիռ է հրապարակվել.

Արարատի մարզի բնակիչ Սիրվարդ Թովմասյանը Նոր Խարբերդ գյուղի թիվ 1 դպրոցում տեղակայված թիվ 11/41 տեղամասում ընտրության էր գնացել առավոտյան ժամը 10:02-ի սահմաններում, սակայն այդքանով չի բավարարվել եւ նույն ընտրատեղամաս էր գնացել նաեւ ժամը 14:00-ի սահմաններում եւ ցանկացել էր կրկին ընտրություն կատարել, սակայն նույնացնող սարքի ազդանշանը միացել էր, եւ նա հնրավարություն չէր ունեցել կրկնակի քվեարկություն իրականացնել: Այս արարքի համար Սիրվարդ Թովմասյանը ազատազրկման դատապարտվեց 2 տարի ժամկետով, սակայն նրա պատիժը պայմանականորեն չկիրառվեց:

Լոռու մարզի բնակիչ Բավական Բարսեղյանը, որ «Ծառուկյան» դաշինքի անդամ էր, կրկնակի քվեարկության փորձ էր կատարել, սակայն նույնացնող սարքի ազդանշանը միացել էր: Մեզ հետ զրույցում Բավական Բարսեղյանը հայտնել է, թե չի հասկացել՝ իր հետ ինչ է կատարվել, ու գնացել է այդ քայլին: Վերջինիս Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը ազատազրկման դատապարտեց 2 տարի ժամկետով, սակայն պատիժը կրկին պայմանականորեն չկիրառվեց:

Իսկ ահա Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ, ՀՅԴ անդամներ Նորայր Շահնազարյանը եւ նրա որդին՝ Հայկը Շահնազարյանը, Կապան քաղաքի 35 ընտրատարածքի մոտ ծեծի էին ենթարկել նույն քաղաքի բնակիչ Մասիս Փարսադանյանին: Այս արարքի համար հորն ու որդուն մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով` ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարվեց՝ Նորայր Շահնազարյանին եւ նրա որդուն՝ Հայկը Շահնազարյանին, տուգանելով 50 հազար դրամի չափով:

Այսպիսով՝ քաղաքական ուժերն իրենց օգտին ընտրակեղծարարության դիմած «նվիրյալներին» մենակ չեն թողել եւ ըստ էության այնպես արեցին, որ նրանցից որեւէ մեկը չհայտնվի ճաղերի հետեւում: Իսկ թե մյուս «ընտրակեղծարար նվիրյալների» ճակատագիրը ինչ կլինի, արդեն կարելի է կանխատեսել:

Քնար Մանուկյան




Լրահոս