ԾՌԵՐԻ ԳՈՂՈՆՆ Ի՞ՆՉ ԵՂԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարվա հուլիսին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, եւ այն ուղարկվել է դատարան: Սակայն աղմկահարույց այս գործով մի շարք հարցեր մնում են օդից կախված: Մասնավորապես նրանցից չորսին՝ Արմեն Բիլյանին, Վարդան Գերավետյանին, Արայիկ Հակոբյանին ու Հովհաննես Վարդանյանին, ի թիվս այլ արարքների, մեղադրանք է առաջադրվել նաեւ ՊՊԾ գնդի վարչական շենքում տեղադրված բանկոմատից 14 մլն դրամ հափշտակելու համար: Բայց հետաքրքիրն այն է, որ հափշտակված գումարը այդպես էլ չի հայտնաբերվել: Ու սա այն դեպքում, երբ ՊՊԾ գունդը գրավելուց հետո խմբավորման անդամները տարածքից չեն հեռացել, գտնվել են իրավապահների տեսադաշտում, ասել է, թե գումարը որեւէ կերպ դուրս չի եկել ՊՊԾ գնդի տարածքից եւ չի ծախսվել: Այդ գումարը չի հայտնաբերվել նաեւ խմբավորման անդամների հանձնվելուց հետո իրականացված խուզարկությունների ժամանակ (այս առումով անտրամաբանական է նաեւ գումարը առավել քան ապահով վայրում թաքցնելու տարբերակը, երբ խմբավորման անդամները գիտեին, որ հանձնվելուց հետո երկար տարիների բանտարկություն է իրենց սպասվում): Ու հարց է առաջանում՝ ի՞նչ հիմնավորմամբ է նրանց նման մեղադրանք առաջադրվել, եթե չկա գողոնը: Իսկ միգուցե այն մեջ-մեջ են արել բոլորովին այլ մարդիկ, ոչ խմբավորման կազմից: Ամեն դեպքում այս հարցերի պատասխաններն ակնկալում ենք ստանալ դատարանում, քանի որ նախաքննությունն իրականացրած մարմինը՝ ՀՔԾ-ն, այդպես էլ այս ընթացքում չի պատասխանել «ո՞ւր է գողոնը» հարցին:

 

 
Հայաստանի տասնյակ դպրոցներում այս տարի վերջին զանգ չի հնչի. պատճառը շրջանավարտների բացակայությունն է: Նման խնդիր առկա է սահմանամերձ մարզերում: Օրինակ՝ Սյունիքի մարզի մի շարք գյուղերի դպրոցներում չկան շրջանավարտներ, իսկ եթե կան՝ երկու-երեքը: Լծեն գյուղը շրջանավարտ չունեցողների թվում է, իսկ գյուղապետ Հրահատ Նիկալյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Գյուղը շատ է դատարկվել, մարդիկ չեն կարողանում այստեղ ապրել»: Սյունիքի մարզի Չափնի գյուղում դպրոց չկա, գյուղն ունի 7 աշակերտ, որոնք էլ հաճախում են հարեւան Եղեգ գյուղի դպրոց: Նույն մարզի Թանահատ գյուղում ո՛չ դպրոց կա, ո՛չ էլ աշակերտ, իսկ Շրվենանց համայնքում արդեն 7 տարի է, ինչ դպրոցը փակվել է, ու ընդհանրապես աշակերտ չունեն: Պատկերը, համաձայնեք, ողբերգական է, եւ այս ամենը արտագաղթի հետեւանք է: Իսկ մինչ այդ, նկատենք, որ այս տարի 9-րդ դասարանը կավարտի 7750, իսկ 12-րդ դասարանը` շուրջ 410 աշակերտ:

 

 

Այսօր լրանում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ծննդյան 45-ամյակը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նախարարությունում որոշել են շեֆի հոբելյանի առթիվ թանկարժեք նվեր պատրաստել. ղեկավար մարմինը՝ փոխնախարարները, վարչությունների եւ բաժինների պետերը, 20 հազարական դրամներ են հավաքել, իսկ ահա մյուս աշխատակիցներից ուզել են 10 հազարական դրամ: «Ժողովուրդ»-ին չհաջողվեց ճշտել, թե ի՞նչ են գնելու այդ գումարով, թե՞, այնուամենայնիվ, որպես նվեր փողն են տալու նախարարին: Ասել է, թե սոցիալական օգնություն՝ սոցապնախարարին, որը, ըստ օդում կախված լուրերի, Երեւանի Հյուսիսային պողոտայում շքեղ եւ ընդարձակ բնակարան ունի:

 

 
Նոր կառավարության կազմը սկսել է ուրվագծվել: Առաջիկայում վերացվելու է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը, որ ստեղծվել էր դեռ 2013թ. հունիսից՝ Տիգրան Սարգսյանի կառավարության օրոք՝ Վաչե Գաբրիելյանին պաշտոնով ապահովելու համար: Հիմա այս պաշտոնը զբաղեցնում է ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը, որը ենթադրվում է՝ նշանակվելու է ՀՀ արդարադատության նախարար կամ միգուցե փոխվարչապետ: Կառավարությունն իր երեկվա արտահերթ նիստում հավանության է արժանացել «Կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը: Միաժամանակ որոշում է կայացվել մայիսի 30-ին ԱԺ արտահերթ նիստ գումարելու եւ ի թիվս մի շարք այլ նախագծերի՝ նաեւ այդ օրինագիծը ներկայացնելու մասին: Նախագծի հիմնավորմների մեջ նշված է, թե նոր Սահմանադրությամբ նախարարների թիվը պետք է լինի 18-ը, եւ բացի այդ՝ «նախագիծը նպատակաուղղված է կառավարման արդյունավետությունը բարձրացնելու», այսինքն՝ խոսքեր, որոնք գրվել են նաեւ պաշտոնը հիմնելիս:

 

 
ՆԱԽԱՀԱՐՁԱԿ
Ստամբուլում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) հիմնադրման 25-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովը Ադրբեջանի պատվիրակությունը հերթական անգամ փորձեց օգտագործել ղարաբաղյան հակամարտության շուրջ իր ավանդական վայնասունը բարձրաձայնելու նպատակով: Ու թեեւ ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը բավականին տեղին հակադարձեց, եւ նրա արձագանքը կարծես թե ունեցավ ադեկվատ ընկալում, այդուհանդերձ, չի կարելի չնկատել, որ Ադրբեջանի Մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի ելույթը մեծ հաշվով ծառայեց իր նպատակին, քանի որ արդյունքում ղարաբաղյան հիմնախնդրին անդրադարձավ նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը: Նա նախ՝ փորձեց խոսքով խոցել ՀՀ փոխարտգործնախարարին՝ նկատելով, թե նա իրավացի է, երբ նշում է, որ ՍԾՏՀ-ն այն հարթակը չէ, որտեղ պետք է նման քաղաքական հարցեր բարձրացվեն եւ մեղադրանքներ հնչեցվեն, բայց եւ ընդգծեց. «Այստեղ գտնվող պատվիրակներից միայն Դուք եք, որ Ձեր ելույթը ամբողջովին նվիրեցիք քաղաքական մեղադրանքների թեմային»: Ապա Էրդողանը առիթը բաց չողնելով՝ հայտարարեց, թե խնդրով զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները, որոնց ներկայացուցիչներից մեկը` ՌԴ-ն, գտնվում է դահլիճում: Էրդողանը հույս հայտնեց, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները մոտ ժամանակներում կգտնեն 20 տարուց ավել տեւող այս հակամարտության լուծումը:
Անշուշտ, Ադրբեջանի կողմից ցանկացած հարթակ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ սեփական մոտեցումների բարձրաձայնման համար օգտագործելու պրակտիկան երբեմն նյարդայնացնում է այլ երկրների պատվիրակներին, ինչը այնքան հաճախ սիրում են ընդգծել ՀՀ արտգործնախարարության ներկայացուցիչները: Սակայն ով է ասել, որ սեփական խնդրի մասին անընդհատ բարձրաձայնելով՝ նյարդայնացնելը պակաս արդյունավետ միջոց է այդ խնդրի լուծման անհրաժեշտության ընկալմանը հասնելու ճանապարհին: Ի վերջո, հայտնի խոսք կա՝ չլացող երեխային չեն կերակրում, եւ Ադրբեջանը հենց այս տրամաբանության շրջանակներում նախանձելի հետեւողականությամբ, եւ ինչ էլ ասենք, բավականին արդյունավետ կերպով օգտագործում է բոլոր հնարավոր եւ անհնարին առիթները:
Իսկ ինչ է անում հայկական կողմը՝ բացի անգործությունը որպես հպարտ արհամարհանք ներկայացնելուց: Տարիներ ի վեր ադրբեջանական նման լկտի պահվածքին եւ ստահոդ ելույթներին ի պատասխան՝ հայկական կողմից հետեւած լուռ քմծիծաղները հասցրել են նրան, որ այսօր արդեն նորմալ է համարվում Ադրբեջանի «իրավունքը»՝ ցանկացած հարցակից փախստականների եւ 20 տոկոս տարածքի օկուպացիայի մասին խոսելու, իսկ ահա երբ հայկական կողմից որեւէ մեկը փորձում է հակադարձել, դա ընկալվում է որպես տհաճ եւ անտեղի անակնկալ:




Լրահոս