ՊՊԾ ԳՆԴԻ ԱՆՀԵՏԱՑԱԾ ԳՈՒՄԱՐԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ 2017 թվականի ապրիլի 16-ին հատուկ քննչական ծառայությունը ավարտեց ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով 14 մեղադրյալների մասով նախաքննությունը եւ այն ուղարկեց դատարան: Իսկ ահա 18 մեղադրյալների մասով նախաքննությունը ավարտվել է, եւ հարուցված քրեական գործը ուղարկվել է կողմերին՝ ծանոթանալու համար:

Սակայն աղմկահարույց այս գործով մի շարք հարցեր մնում են օդից կախված: Ինչպես հայտնի է՝ 2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման անդամների կողմից ՊՊԾ գունդը գրավելուց եւ ինքնակամ հանձնվելուց հետո հատուկ քննչական ծառայությունը պաշտոնապես հայտնեց, որ ՊՊԾ գնդի վարչական շենքում տեղադրված է եղել բանկոմատ, որտեղից հափշտակվել է 14 մլն դրամ:
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արմեն Բիլյանին, բացի ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, բռնությամբ շենքեր զավթելու, պատանդ վերցնելու, ոստիկանության աշխատակցին սպանելու հատկանիշներից, մեղադրանք էր առաջադրվել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով` գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, կազմակերպված խմբի կողմից, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով, գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Ասել է, թե Արմեն Բիլյանին մեղադրանք է առաջադրվել ՊՊԾ գնդի բանկոմատից 14 միլիոն 808 հազար դրամ գաղտնի հափշտակություն կատարելու համար: Բացի Արմեն Բիլյանից՝ ՊՊԾ գնդի բանկոմատից գումար հափշտակելու համար մեղադրանքներ էր առաջադրվել նաեւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներ Վարդան Գերավետյանին, Արայիկ Հակոբյանին եւ Հովհաննես Վարդանյանին:
Արմեն Բիլյանի պաշտպան Արմինե Ֆանյանը հայտնել էր, որ Արմենը չի ընդունում իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները, այդ թվում՝ հափշտակության լրացուցիչ մեղադրանքը: իսկ փաստաբան Երվանդ Վարոսյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ Արայիկ Հակոբյանի մասով գողոնը չկա, ու ինքն էլ չի հասկանում, թե ինչ կապ կարող է ունենալ այդ բանկոմատի հետ:
Ըստ էության ստեղծվել է մի իրավիճակ, որ չնայած խմբավորման անդամներից 4 հոգու մեղադրանք է առաջադրվել բանկոմատից գումար հափշտակելու համար, սակայն վերջիններս համոզված պնդում են, որ այդ գումարի հետ կապ չունեն:
Իսկ ինչպե՞ս են իրավապահները հասկացել, որ վերոնշյալ անձինք են բանկոմատից գումարը հափշտակողները: Իրավապահները փորձաքննության են ենթարկել խմբավորման անդամների վերնազգեստները, եւ դրանց վրա մետաղական մասնիկներ են հայտնաբերվել, որն էլ հիմք է եղել, որպեսզի նրանց ՊՊԾ գնդի բանկոմատից գումար հափշտակելու համար մեղադրանք առաջադրեն:
Իսկ հիմա ամենագլխավորի մասին, եթե իրավապահները Վարդան Գերավետյանին, Արայիկ Հակոբյանին եւ Հովհաննես Վարդանյանին գողության համար մեղադրանք են առաջադրել, ապա այստեղ հարց է առաջանում՝ որտե՞ղ է հափշտակված գումարը: «Ժողովուրդ»-ին իրավապահ համակարգից տեղեկություններ հասան, որ չնայած վերոնշյալ անձանց մեղադրանք է առաջադրվել բանկոմատից 14 միլիոն 808 հազար դրամի համար, սակայն հափշտակված գումարը այդպես էլ չի գտնվել: Եվ ահա այստեղ է, որ թաղված է շան գլուխը, ու առաջանում են մի շարք հարցեր, որոնք մնում են անպատասխան:
Ինչպես հայտնի է՝ հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավման առաջին պահից սկսած խմբի անդամները եւ ողջ ՊՊԾ գունդը եղել է իրավապահ համակարգի հսկողության տակ: Ակնհայտ է, որ վերոնշյալ անձինք ՊՊԾ գունդը լքեցին ինքնակամ՝ հանձնվելով ազգային անվտանգության ծառայությանը: Ու երբ նրանք լքում էին ՊՊԾ գունդը, ԱԱԾ աշխատակիցները խուզարկեցին նրանց եւ նոր միայն թույլատրեցին դուրս գալ շենքի տարածքից: Այդ ժամանակ ոչինչ չասվեց այն մասին, որ նրանցից որեւէ մեկի մոտ գումար է հայտնաբերվել:
Իրավիճակ երկրորդ. եթե վերոնշյալ անձինք հանել են գումարը բանկոմատից եւ այն պահել ՊՊԾ գնդի տարածքում, ապա հարց է առաջանում՝ խմբի անդամների ինքնակամ հանձնվելուց հետո իրավապահները օրեր շարունակ խուզարկություն եւ քննչական այլ գործողություններ էին իրականացնում ՊՊԾ գնդի տարածքում, մի՞թե այդ ժամանակ չեն հայտնաբերել:
Իսկ որտե՞ղ է գումարը: Ստացվում է, որ կա՛մ այն չի գողացվել, կա՛մ գողացվել է զինյալների կողմից ու «ծախսվել» ՊՊԾ գնդի տարածքում, ինչը անհնար էր, քանի որ շրջափակված տարածք է, կա՛մ այն խնամքով թաքցվել է ՊՊԾ գնդի տարածքում, այդ դեպքում անհասկանալի էր գողության իմաստը: Կամ էլ այդ գումարը հենց իրավապահներն են «մեջ-մեջ արել», քանի որ «պետության գլուխը խառն էր»: Ակնհայտ է, որ այդ գումարի առեղծվածը բազում հարցեր է առաջացնում:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՈՐԴՈՒ ԳՈՐԾՈՎ
Շուրջ 2 շաբաթ առաջ Գյումրու Մուշ թաղամասի գազալցակայաններից մեկում նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով հիմնական տուժողին հայտնաբերել են:
Մայիսի 12-ին հրապարակել էինք, որ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, Գյումրիի Մուշ թաղամասում տեղակայված գազալցակայաններից մեկում դաժան ծեծի էր ենթարկել «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանի քրոջ որդուն՝ աչքի շրջանում պատճառելով վնասվածքներ: Այս գործով հարցաքննվել էր նորընտիր պատգամավորի որդին, որը հայտնել էր, թե ոչ մի միջադեպ չի եղել, իսկ ահա տուժածը դեպքից հետո «անհետացել էր», եւ իրավապահները չէին կարողանում նրան գտնել:
Ինչեւէ: Մեզ հետ զրույցում Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը հայտնել էր, որ չնայած ենթադրյալ տուժողը չի հայտնաբերվել, սակայն ՀՀ քր.օր. 258 հոդվածի՝ խուլիգանության հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ:
Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանի քրոջ որդին հայտնաբերվել է եւ իրավապահներին ցուցմունք է տվել: Մեզ վերջինիս ցուցմունքներից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանի քրոջ որդին ցուցմունք է տվել, որ որեւէ միջադեպ չի եղել, եւ ինքը որեւէ մեկի կողմից ծեծի չի ենթարկվել: Ավելին՝ երբ իրավապահները կոնկրետ հարցեր են ուղղել, թե նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, անձամբ ծեծել է իրեն, վերջինս ասել է, թե նման բան չկա, Սպարտակ Ղուկասյանը իրեն չի ծեծել, եւ, առհասարակ, որեւէ միջադեպ չի եղել:
Իրավապահները վերջինիցս հետաքրքրվել են, եթե միջադեպ չի եղել, ապա նա ինչո՞ւ էր թաքնված, ինչին ի պատասխան՝ Ջանոյանի քրոջ որդին հայտնել է, թե իր հարազատներից մեկի տանն է եղել:
Չնայած ծեծի ենթարկված անձի ցուցմունքին՝ իրավապահները նշանակել են դատաբժշկական փորձաքննություն, որպեսզի պարզեն՝ նրա մարմնի վրա բռնության հետքեր եղել են, թե ոչ:
Նշենք, որ այս օրերին Գյումրիում լուրերն են տարածվել, թե «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանի քրոջ որդուն երկար ժամանակ իրավապահներին չէին ներկայացնում, որպեսզի ծեծի արդյունքում ստացած վնասվածքները բուժեին: Իսկ թե որքանով է հաջողվել վնասվածքները թաքցնել, ցույց կտան դատաբժշկական փորձաքննության արդյունքները:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ԱՌԵՎԱՆԳԵԼ ԵՆ
2017թ. մայիսի 19-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Պարոնյան փողոցից առեւանգել են քաղաքացի Ա. Վիրաբյանին: Նախնական տվյալներով՝ երիտասարդ տղամարդուն խաբեությամբ եւ սպառնալիքով Երեւան քաղաքի Պարոնյան փողոցի 28/1 շենքի բակից նստեցրել են ավտոմեքենան, ձեռնաշղթաներ անցկացրել ձեռքերին եւ նրա կամքին հակառակ տեղափոխել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող գերեզմանատուն, որտեղ բռնություն են գործադրել նրա նկատմամբ եւ զենքի սպառնալիքի ներքո պահանջել կանխիկ գումար։ Տղամարդուն ազատ են արձակել ժամը 21:30-ի սահմաններում։ Միջոցներ են ձեռնարկվում պարզելու հանցագործների շրջանակը: Քաղաքացուն առեւանգելու կասկածանքով շաբաթ օրը 5 անձ ձերբակալվել է, փոխանցում է Քննչական կոմիտեն:

 

 

ԽՈՐՀՐԴԱԿՑԵԼ ԵՆ
Մայիսի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված զինվորական կարգապահության ամրապնդման եւ մարտական հերթապահության կազմակերպման ու կրման պայմանների կատարելագործման ուղղությամբ կատարվող աշխատանքների քննարկմանը:
Խորհրդակցության ընթացքում ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հանձնարարել է շարունակել առաջնագծում ու մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության, մարտական հերթապահության կրման պայմանների, ամրաշինական կառույցների կատերալագործման ուղղությամբ տարվող աշխատանքները եւ առավել կենտրոնացնել ջանքերը՝ հակառակորդի սադրանքներից ու ոտնձգություններից զերծ մնալու, դիրքապահ զինծառայողների անվտանգությունն ապահովելու համար:

 

 

ՆՌՆԱԿ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Մայիսի 22-ին՝ ժամը 15:43-ին, ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրի մոտակա այգում նկատվել է նռնակ. անհրաժեշտ է օգնություն: Հայտնաբերվել է «F1» տեսակի 3 նռնակ՝ առանց պայթուցիչի (պայթուցիչները եղել են մոտակայքում): Փրկարարները սահմանազատել են տարածքը եւ իրականացրել հերթապահություն մինչ սակրավորական խմբի մոտենալը:




Լրահոս