ՀՀ ՈՐՈՇ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ ՉԻ ՀՆՉԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում շրջանավարտների համար վերջին զանգն այս տարի կհնչի մայիսի 26-ին: Այս տարի 9-րդ դասարանը կավարտի 7750, իսկ 12-րդ դասարանը` շուրջ 410 աշակերտ: Սակայն հանրապետությունում կան մի քանի տասնյակ դպրոցներ, որտեղ չի հնչի վերջին զանգը աշակերտ չունենալու պատճառով: Քիչ չէ նաեւ այն գյուղերի թիվը, որտեղ շրջանավարտները մեկն են կամ երկուսը:

Ընդամենը երեք օր հետո երեւանյան դպրոցներում մեծ շուքով կտոնվի վերջին զանգը, իսկ լրահոսը կհեղեղվի լուրերով, թե ինչպես է այս կամ այն պաշտոնյան որեւէ դպրոց գնում, մասնակցում վերջին զանգի միջոցառմանը: Բայց հանրապետության բազմաթիվ գյուղերի դպրոցներում այդ օրը չի հնչի վերջին զանգը:
Օրինակ՝ ՀՀ Սյունիքի մարզի Տորունիք գյուղում անցած տարի շրջանավարտ չեն ունեցել, իսկ այս տարվա շրջանավարտները երկու աղջիկներ են: Տորունիքի գյուղապետ Անահիտ Հակոբյանն էլ զույգ շրջանավարտներին օգնում է պատրաստվել վերջին զանգի միջոցառմանը: «Անգամ երեք երեխայով ենք կազմակերպել վերջին զանգի հանդիսությունը: Կազմակերպելու ենք պարտադիր»,- նշեց տիկին գյուղապետը` ավելացնելով, որ սեպտեմբերին էլ պատրաստվում են դիմավորել գյուղի միակ առաջին դասարանցուն: Նշենք, որ գյուղի դպրոցն ունի ընդամենը 9 աշակերտ, եւ հնարավոր է՝ այն ենթարկվի օպտիմալացման:
Իսկ ահա նույն մարզի Լծեն գյուղն այս տարի շրջանավարտ չի ունենալու: Այդ մասին տեղեկությունը գյուղապետ Հրահատ Նիկալյանը «Ժողովուրդ»-ին մեծ ափսոսանքով ու ցավով հայտնեց: «Ինքը` գյուղը, շատ է դատարկվել, մարդիկ չեն կարողանում այստեղ ապրել: Բայց մի հրաշք գյուղ է` անտառով պատված, Տաթեւ գյուղին մոտ, զբոսաշրջիկներ են անընդհատ գնում, գալիս: Մենք էլ բավականին լավ, հետաքրքիր տուրիստական ծրագրերի մեջ ենք ներգրավվել, բայց դա չի փրկում: Միեւնույն է` մարդիկ հեռանում են ու հեռանում»,- նկատեց գյուղապետ Նիկալյանը:
Լծենի դպրոցի ուսուցչական կազմը մտահոգված է, քանի որ վստահ են, որ առաջիկայում կհայտնվեն օպտիմալացվող դպրոցների ցանկում: Այս պահին 20 ընտանիք ունեցող Լծենի գյուղն ունի ընդամենը 4 աշակերտ, մինչդեռ տարիներ առաջ դպրոցն ունեցել է ավելի քան 30 աշակերտ: Նշված չորս աշակերտից միայն երեքը դպրոցի տնօրենի երեխաներն են: «Եթե այս դպրոցը օպտիմալացվի, ապա 7-8 մարդ գործազուրկ կդառնա, որովհետեւ դպրոցում գյուղի միայն 7-8 ընտանիքի մարդ է աշխատում: Մյուս կողմից էլ չենք կարող ձմռան ցրտաշունչ ամիսներին երեխաներին ուղարկել հարեւան գյուղի դպրոց, ոչ ոք դա չի հանդուրժի»,- անկեղծացավ գյուղապետը:
Սյունիքի մարզի Չափնի գյուղում դպրոց չկա, գյուղն ունի 7 աշակերտ, որոնք հաճախում են հարեւան Եղեգ գյուղի դպրոց: Չափնիի գյուղապետ Նորայր Թունամյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ իրենք նույնպես այս տարի շրջանավարտ չեն ունենալու: Նույն մարզի Թանահատ գյուղում ո՛չ դպրոց կա, ո՛չ էլ աշակերտ: Իսկ Սյունիքի մարզի Շրվենանց գյուղում արդեն 7 տարի է, ինչ դպրոցը փակվել է: Ավելին՝ եթե գյուղ կա, որտեղ դպրոց չկա, բայց աշակերտները հաճախում են հարեւան գյուղի դպրոց, ապա Շրվենանցում ընդհանրապես աշակերտ չկա: Գյուղի միակ աշակերտը գյուղապետ Արմինե Մանուկյանի որդին է, որն էլ հաճախում է Կապանի դպրոցներից մեկը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ գյուղում վերջերս փոքրիկ է ծնվել, ինչն անչափ ուրախացրել է գյուղի բնակիչներին: Քանի որ մինչ այդ վերջին անգամ Շրվենանցում երեխա ծնվել էր 4 տարի առաջ: Սյունիքի մարզի Տավրուս գյուղում էլ այս տարի մեկ շրջանավարտ է լինելու: Իսկ գյուղի դպրոցն ունի 6 աշակերտ:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Շիրակի մարզի Կաքավասար գյուղի դպրոցում նույնպես այս տարի վերջին զանգ չի հնչի, քանի որ շրջանավարտ չկա: Գյուղում կա տարրական դպրոց, որն էլ ունի երկու աշակերտ: Իսկ գյուղի մնացած 30 աշակերտները հաճախում են հարեւան Փոքր Սարիարի դպրոց, նրանց մեջ նույնպես շրջանավարտ չկա: Լոռու մարզի Հալավար գյուղում երկու աշակերտ կա, բայց նրանք շրջանավարտներ չեն: Հալավարում վերջին անգամ երեխա ծնվել է երկու տարի առաջ: Գյուղապետ Սարգիս Հակոբջանյանից տեղեկացանք, որ գյուղում երիտասարդ ընտանիք չկա. «Գյուղի ամենաերիտասարդը ես եմ, ես էլ 50 տարեկան եմ»,-նշեց գյուղապետը:
ՀՀ Արագածոտնի մարզի եզդիաբնակ Արեւուտ գյուղի դպրոցն ունի ընդամենը երկու շրջանավարտ: Դեռ չեն կողմնորոշվել` կանեն վերջին զանգի միջոցառում, թե ոչ: Մինչդեռ տարիներ առաջ դպրոցի աշակերտների թիվը 100-ից անցել է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս