«ԻՆՁ ԱՍՈՑԱՑՆՈՒՄ ԵՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԴԵՐԵՐԻՍ ՀԵՏ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի շարք հեռուստասերիալներից հայտնի դերասան Նիկոլայ Եղիազարյանը, ով տարիներ առաջ իր կերտած Պաշի կերպարով մեծ ճանաչում ձեռք բերեց, պարզվում է՝ մինչ օրս «տուժում է» այդ դերի պատճառով: Նա «Ժողովուրդ»-ին խոստովանել է, որ շատերն իր անձը ասոցացնում են բացասական այդ կերպարի հետ: Նիկոլայը մեզ հետ զրույցում անդրադարձել է նաեւ ստեղծագործական դադարին եւ դրանից հետո ստացած առաջարկներին: Ամեն դեպքում, պարզվում է՝ դերասանին բացասական դերերը «հանգիստ չեն տալիս», թեպետ ինքն էլ դեմ չէ դրանց:

-Նիկոլա՛յ, տեւական ժամանակ էր` ստեղծագործական դադարի փուլում էիք, նշել էիք, որ ծանր եք տարել այդ շրջանը: Վերջին ամիսներին, սակայն, դրությունը կարծես փոխվեց: Կպատմե՞ք` ինչ նոր առաջարկներ եք ստացել:
-Այո, արդեն մի քանի ամիս է` նկարահանվում եմ «Ճակատագիր» հեռուստասերիալում (ARTN SHANT հեռուստաալիք), իմ խաղընկերներն են Լենդ Մկրտչյանը, Հակինթ Բաղդասարյանը: Մենք Հայաստանում ենք գործունեություն ծավալում, սակայն սերիալը ԱՄՆ-ում է հեռարձակվում: Բացի այդ` վերջերս «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Պապայի աղջիկները» սերիալից հրավեր ստացա եւ սիրով ընդունեցի այն: Ինձ դուր է գալիս աշխատանքային այն մթնոլորտը, որ ստեղծել է նախագծի շուրջ հավաքված թիմը:
-Երկու սերիալներում էլ բացասական կերպարներ եք կերտում: Առհասարակ, ինչպե՞ս է ստացվում, որ Ձեզ միշտ նեգատիվ դերեր են բաժին ընկնում:
-Շատ եմ սիրում բացասական դերեր խաղալ. խաղարկային առումով դրանք ավելի հետաքրքիր են: Այդ կերպարներն, իհարկե, բնավ կապ չունեն մարդկային իմ տեսակի հետ:
-Բայց, ցավոք, մենք դեռ չենք հասել այն գիտակցությանը, որ մարդկանցից շատերը դրանք չասոցացնեն Ձեր անձի հետ:
-Այո, սոցցանցերում երբեմն նույնիսկ անձնական վիրավորանքներ եմ կարդում իմ հասցեին, եւ դա այն դեպքում, երբ այդ մարդիկ ինձ չեն ճանաչում, հետս որեւէ շփում չեն ունեցել, իմ ճաշակին ու մտածելակերպին տեղյակ չեն: Ես նման մարդկանց ուշադրություն չեմ դարձնում: Տարիներ առաջ սերիալներից մեկում խաղացի Պաշի կերպարը, որը կրկին բացասական էր եւ որը միաժամանակ ե՛ւ սիրվեց, ե՛ւ դատափետվեց: Շատերի մոտ տպավորություն ստեղծվեց, որ ես հենց Պաշի նման եմ: Այնինչ, ինձ հետ ծանոթանալուց հետո 10-ից 9-ը ասում են. «Վա՜յ, գիտե՞ք, ես Ձեր մասին ուրիշ կարծիք ունեի, չէի պատկերացնի, որ այս տեսակ մարդ եք»: Իմ հանդեպ բացասական այդ տրամադրվածությունը ես տեսնում եմ նույնիսկ մարդկանց հայացքներում առաջին հանդիպման ժամանակ: Շատ անգամ եղել է նաեւ, որ որոշ մարդկանց հետ աշխատելու հնարավորություն է եղել, բայց վերջիններս խուսափել են: Շատ եմ նման բաներ նկատել:
-Ինչպե՞ս եք հաղթահարում հիասթափությունները:
-Բոլոր դեպքերում սիրում եմ իմ մասնագիտությունը: Ի տարբերություն շատերի` հակված չեմ այլ աշխատանք (թեպետ դերասանի գործը աշխատանք չեմ համարում) անելու: Իհարկե, լինում են դժվարին պահեր, հասկանում եմ, որ ունեմ պոտենցիալ, որը երբեմն սպասածս պահին սպասածս ձեւով չի կիրառվում, բայց, այնուամենայնիվ, չեմ հուսահատվում: Ոլորտում շատ անարդարություններ կան, բայց ես իմ գործն եմ անում, աշխատում եմ՝ ուր էլ լինեմ, որակ ապահովեմ:
-Դուք հաճախ եք նշում, որ յուրահատուկ կերպով եք սիրում Հայաստանը, հայի տեսակը: Իսկ երկրի համար կարեւոր իրադարձությունների ֆոնին ինչպե՞ս է դրսեւորվում այդ սերը: Վճռորոշ պահերին Ձեր մեջ քաղաքացին զարթնո՞ւմ է, թե՞ դիտորդի դերում եք:
-Ես միշտ կանգնած եմ ամեն հայի կողքին, եւ յուրաքանչյուրի ցավը նաեւ իմ ցավն է: Ամեն դեպքում, մեզ պես համբերատար ժողովուրդ աշխարհում ոչ մի երկիր չունի, ուստի հայաստանցիներին կուզենամ տեսնել բարեկեցիկ կյանքով ապրելիս, մենք արժանի ենք դրան:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 
«ԸՆՏՐՅԱԼՍ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԻՑ ՉԷ»
Երգիչ Վլադիմիր Բարխոյանը քրոջից` Մարգարիտայից, հեղինակային նոր երգ է նվեր ստացել եւ պատարստվում է առաջիկայում այն ներկայացնել հանրությանը: «Ժողովուրդ»-ի այն դիտարկմանը, թե Վլադիմիրը, կարծես, կարողանում է իրեն «շռայլություն» թույլ տալ եւ երգարվեստին որպես հոբբի վերաբերվել, վերջինս պատասխանեց. «Կարելի է եւ այդպես ասել: Ամեն դեպքում, ո՛չ ես, ո՛չ քույրս երբեք շուկայի պահանջի ետեւից չգնացինք, փորձեցինք ներկայացնել այն, ինչ մեր հոգուց է բխում: Թեպետ ես էլ եմ 6/8 չափի երգ երգել, հիմա էլ հաճախ միջոցառումների ժամանակ կատարում եմ այն, բայց փորձում եմ չհեռանալ նաեւ դասական երգեցողությունից, որը համարում եմ իմը»:
Մենք հետաքրքրվեցինք` Վլադիմիրն ավելի ակտիվ կերպով դասական երգեցողության ոլորտում դրսեւորվելու նպատակ ունի՞. «Երեւի թե ոչ: Ցավոք, դասական երգարվեստն ավելի շատ գնահատվում է դրսում: Եթե ես պետք է մեր օպերային թատրոնում ներկայանամ, չեմ ուզի, քանի որ ակտիվ կյանքի սիրահար եմ, միայն այդ գործունեությամբ չեմ կարող սահմանափակվել, բայց եթե արտերկրից հետաքրքիր առաջարկներ ստանամ, միանշանակ կընդունեմ. դրսում կլասիկ երգարվեստի ներկայացուցիչների առջեւ շատ դռներ են բացվում, դրսեւորվելու արենան բավական լայն է»,-մեկնաբանեց երգիչը:
Մենք մի փոքր խոսեցինք նաեւ Վլադիմիրի անձնական կյանքից: Վերջինս նշեց, որ ընտրյալ ունի, որը, սակայն շոու-բիզնեսի, երգարվեստի հետ որեւէ կապ չունի. «Մեր ասպարեզի մարդիկ մի քիչ խենթ ու խելառ են լինում, իսկ ես հանգստություն եմ փնտրում: Թող ընտանիքից միայն մեկը երգող լինի: Երբ ամուսիններից երկուսն էլ արվեստի բնագավառից են լինում, հաճախ մի պայթյուն լինում է( ծիծաղում է)»,-ասաց նա:
Հարցին` առաջիկայում կարգավիճակի փոփոխություն սպասենք, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես այդ առումով չեմ շտապում, փորձում եմ ինքս ղեկավարել իմ կյանքը` հայավարի հասարակական կարծիքին չտրվելով: Նույնիսկ ծնողներս անձնականիս հետ կապված հարցերին չեն միջամտում: Այնպես որ, ամեն բան` իր ժամանակին»:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ՀԱՆՐԱՀԱՅՏ ԵՐԱԺԻՇՏԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Իսրայելցի ջազ-կոնտրաբասահար, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող Ավիշայ Քոենն իր եռյակի հետ առաջին անգամ համերգային ծրագրով հանդես կգա Հայաստանում: Համերգը տեղի կունենա մայիսի 31-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: Ելույթ կունենան նաեւ երաժիշտներ Իտամար Դոարինը (հարվածային գործիքներ) եւ Օմրի Մոռը (դաշնամուր): Ավիշայ Քոենը ծնվել է 1970 թվականին Երուսաղեմում: Վաղ տարիքից դաշնամուր է նվագել: Երբ երաժիշտը 14 տարեկան էր, ծնողները տեղափոխվում են Սենտ-Լուիս, որտեղ նա սիրահարվում է ջազին: Իսրայելական բանակում ծառայելուց հետո Քոենը որոշում է կոնտրաբաս նվագել սովորել: 1992-ին տեղափոխվում է Նյու Յորք: Սկզբնական շրջանում աշխատում է որպես բանվոր շինարարությունում, սակայն աստիճանաբար հայտնի է դառնում երաժշտական շրջանակներում։




Լրահոս