
Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, որ խորհրդարանական ընտրությունների ձախողումից հետո անցել էր ընդհատակ, այս օրերին փորձում է հիշեցնել իր մասին: Ու հիմա ՀՎԿ-ն փորձում է օգտագործել իր ունեցած վերջին լծակները` Գյումրիի եւ Վանաձորի ավագանու խմբակցությունները:
ArmLur.am-ի տեղեկություններով` ՀՎԿ-ն որոշել է Գյումրիում եւ Վանաձորում դադարեցնել ավագանու նիստերի բոյկոտը: Երեկ ՀՎԿ-ականները մասնակցել են Գյումրիի ավագանու նիստին: Սպասվում է` ՀՎԿ-ականները նույնկերպ կվարվեն նաեւ հունիսի 21-ին Վանաձորում կայանալիք նիստի ժամանակ. թեեւ այս մասին պաշտոնական հայտարարություն դեռեւս չի եղել:
Այս քայլին ՀՎԿ-ն գնացել է պարզապես ջրի երեսին մնալու համար: Ի վերջո, ավագանու նիստերը ելույթների ունենալու, կուսակցության մասին հիշեցնել տալու հնարավորություն են: Ու քանի որ ՀՎԿ-ն զրկվել է խորհրդարանական ամբիոնից, փորձում է գոնե օգտվել սրանցից:
Հիշեցնենք, որ Գյումրիում եւ Վանաձորում ավագանու աշխատանքները բոյկոտելու մասին ընդդիմադիր խմբակցությունները համատեղ որոշում էին կայացրել: Բայց հիմա ՀՎԿ-ն միանձնյա որոշում է կայացրել: Բայց դե Արթուր Բաղդասարյանի ղեկավարած կուսակցությունից այլ բան չի կարելի սպասել. սա առաջին դեպքը չէ, երբ ՀՎԿ-ն խախտում է պայմանավորվածություններն ու քցում գործընկերներին:
Արման Գալոյան