Մամուլում շրջանառված լուրերի համաձայն Ռուսաստանի կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան առաջարկել է ԱՊՀ տարածքում վերադառնալ միասնական տառատեսակին:
«Վերջին 10 տարիներին մեծ թեմա կար՝ տառատեսակների լատինականացում եւ արաբականացում: Այժմ բոլորը ԱՊՀ տարածքում պետք է վերադառնան միասնական տառատեսակի՝ դա կիրիլիցան է, որովհետև, ինչպես ցույց են տալիս հարցումները, մեր մերձավոր արտասահմանի բնակիչները խոսում են կիրիլիցային կապվածության ու անհրաժեշտության մասին», – ասել է Վասիլևան:
Նշենք, որ ԱՊՀ երկրների կիրիլիցայից հրաժարվել են Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանն ու Ղազախստանը, որոնք սեփական այբուբեն չունեն:
Այս մասով ArmLur.am-ը պարզաբանում խնդրեց ՀՀ կրթության և գիտության նախարարությունից:
«Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևայի հայտարարությունը Հայաստանին չի վերաբերում, և Հայաստանն էլ նման առաջարկություն չի ստացել: Ավելին, իր հայտարարության մեջ հստակ գրված է, թե խոսքը որ պետությունների մասին է»,- ասաց նա:
Լիդա Եղիազարյան