Հարցազրույց ԱԺ անկախ պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ:-Պարո՛ն Խաչատրյան, ՀՀ վարչապետի հեռուստաելույթի հատկապես ո՞ր մասն էր սուտ, որ ասացիք, թե լավ կլիներ, որ նա ապրիլի մեկին այդ ելույթն ունենար: -Դե ես չեմ ասել, որ սուտ է: Ամեն մեկն իր կարծիքն ունի տնտեսության զարգացման, դրա ճանապարհների ընտրության հարցում: Ես, օրինակ, համաձայն չէի, որ մենք արտադրող երկիր չլինենք, եւ չէի էլ հավատում, որ վարչապետը նման բան կարող էր ասել: Միգուցե էն ձեւի չի արտահայտվել, ոնց ցանկացել էր, որովհետեւ ինքը դրանից առաջ իր հայտարարություններում միշտ ասել էր, որ միջին, փոքր բիզնեսին պիտի աջակցենք եւ աջակցում ենք: Իսկ եթե նման ձեւով է մտածում, ապա դա ինձ համար պարզապես ընդունելի չի: Մենք պիտի փոքր ու միջին բիզնեսը զարգացնենք ոչ թե խոսքերով, այլ գործով: Մինչդեռ վերջին տարիներին միայն խոսքերով ենք զարգացնում: Իսկ գործով ոչ մի քայլ չենք արել: Բացարձակապես: Երբ ԱԺ ամբիոնից հրապարակվում էր, որ մենք էսքան ծրագրեր ենք արել, ասացի` գոնե մեկին անվանական նշե՛ք, ուզում եմ իմանալ, թե իմ մարզում այդ ծրագրերում իբր ներգրավված 16 գործարարներն ովքե՞ր են: Չկարողացա մեկի անունը լսել, որ կարողանայի գնալ տեղում տեսնել, թե քանի աշխատատեղ է բացվել: Միայն դեկլարատիվ հայտարարություններով բան չի ստացվում, հալվա ասելով բերանը չի քաղցրանում: Ինչպես եւ երկար տարիներ մազութ-մազութ ասելով` ոչ մեկի բերանը չսեւացավ:-Պահանջներ ունեիք նաեւ գյուղնախարարից: -Մենք ունեինք կառավարության 971N որոշում, որի համաձայն որոշվել էր 3 հեկտար եւ ավելի հողակտոր ունեցողներին աշնանացանի համար անվճար ցորենի սերմ տրամադրել: Գյուղնախարարության ներկայացուցիչները եկան, ուսումնասիրեցին, ընտրեցին հողերը, գյուղացուն հանեցին ոտքի, գյուղացին իր հողը մշակեց, ծախսեր արեց, սակայն երբ եկավ պահը, որ պիտի սերմ տային, խաղի կանոնները փոխեցին` սերմացուն տվեցին 16 եւ ավելի հեկտար ունեցողներին ու ոչ նրանց, որոնց հետ պայմանավորվել էին: «Կոնեյ նա պերեպրավե նե մենյայուտ»: Մեկը վարկ էր վերցրել, մեկը` պարտք, ամեն մեկը 180 հազար դրամի ծախս էր արել: Միայն Արագածոտնի մարզի 145 գյուղատնտեսներին նրանց հասցրած վնասը կազմում է 36 միլիոն դրամ: Ես առաջարկում էի փոխհատուցել էդ պարտքը: Այդ ընթացքում երկու հատ գյուղնախարար ա փոխվել, եւ մեզ վերջին անգամ պատասխանեցին, թե իրենք նման բան չեն խոստացել: Ես էլ կարդացի այն մարդկանց անունները, որոնք եկել են գյուղնախարարությունից ու հողերը նշել: Այսինքն` հայտարարվել է էդ բանը: Եւ ասի` չեմ մեղադրում ձեզ, որովհետեւ վերջին մի քանի տարվա մեջ գյուղնախարարներն ավելի արագ են փոխվում, քան մեր նամակներն են գնում գյուղնախ. ու հետ գալիս: Հիմա ասում եմ` բերենք, գարնանացանի սերմը տանք մարդկանց, որոնց աշունը քաշել ենք: Գոնե էդ լուծումը տանք: Հետո մեղադրում ենք, թե գյուղատնտեսությունը անցած տարի 16 տոկոս անկում ապրեց: Սրա մեջ 6 տոկոսից ավել կլիման չի միջամտել, 10 տոկոսը սխալ կառավարման ֆակտորն ա:-Իսկ ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ փոխանակ Ձեր նշած խնդրին ընթացք տալուն, հանդես են գալիս սերմնացուն Մայր Աթոռի կողմից օրհնել տալու նախաձեռնությամբ: -Անկեղծ ասած փիլիսոփաներից մեկն ասել ա` «ասա՛, որ Աստված կա», ու դրանով վերջանում ա: Կարող է դրական լինի, կարող է` ոչ: Բա լա՛վ, եթե օրհնվեց ու չստացվավ, ի՞նչ ենք ասելու: Հետո, երբ մեկի խորհրդով գյուղացին մի բան ա անում ու չի ստացվում, եթե բարձրաձայն էլ չասի, մտքի մեջ ինչ-որ բաներ ա «ասում» չէ՞: Էդ ժամանակ էլ են չէ՞ հնարավոր ինչ-որ արտահայտություններ: Մենք ո՞նց ենք դրա առիթը ստեղծում:- Ձեր մրցակիցը` Ախոյանը, ասել էր, որ դա այդպես չէ, գյուղացին վարկը վերցնում-տանում է մեքենա է առնում, մսխում:-Մենք կոլեգաներ ենք, եւ կարծում եմ` բարոյական չի մեկս մյուսի ասածները վերլուծելը:-Իսկ հաջորդ անգամ է՞լ եք նույն ընտրատեղամասում իր հետ պայքարելու:-Օրը կգա, բարին հետը: Այսօր դժվար է կանխագուշակել, թե ինչ կարող է լինել: Շատ հնարավոր է, որ նման բան չլինի կամ ուրիշ հակառակորդներ լինեն: -Պարո՛ն Խաչատրյան, վարչապետ Տիգրան Սարգսյանը միշտ խոսում է «Հայկական աշխարհ»-ի եւ նման ծրագրերի մասին: Հիմա էլ հանրային խորհուրդն է մշակել «Սիս, Մասիս, առողջարանային Հայաստան» կոչվող մի ծրագիր: Ներկայացվում են իդիլիկ պատկերներ, թե ոնց են կազինոները վերածվելու ընդհուպ մինչեւ սոցիալական հիմնարկների, որտեղ թոշակառուները իրար հետ կշփվեն, քիչ փողերով կխաղան…-Մի հատ անեկդոտ կարող եմ պատմել: Գյուղացին գալիս ա տերտերի մոտ, ասում ա` տե՛ր հայր, ձեւ չկա՞, որ բերքս այս տարի մի 10 անգամ շատ լինի: Տերտերը պատասխանում է` մի հատ ղա՛զ բեր, ասեմ: Ղազը բերում են, տերտերը վերցնում- նայում է այս կողմից, այն կողմից ու ասում` էդ ղազդ թող ստեղ, գնա սե՛նց արա, նե՛նց արա, բերքդ 10 անգամ ավել կլինի: Գյուղացին գնում ա, անում ա, անում, չի ստացվում: Գալիս ա նորից, նորից` ղազը, էլի ինչ-որ խորհուրդներ, էլի գնում ա, փորձում, հետ գալի: Երրորդ անգամ տեր հորն ասում ա` էլ ղազ չունեմ, նեուժելի՞ մի հատ մեթոդ չկա: Ասում ա` մեթոդ կա, ղազ չկա: Հիմա էս ա. ըտենց մեթոդ լիքը կա, ղազ չկա: Էլ տեղ չկա, որ խոսքերով համոզենք, էլ տեղ չկա, որ ժողովրդի գրպանը մտնենք, ղազ չկա, հավատացող չկա:-ՀՀԿ-ն ասում է` համաշխարհային տնտեսական ճգնաժամ:-Համաշխարհային տնտեսական ճգնաժամը ոչ մեկի չի արգելել ճիշտ տնտեսություն վարել, ներմուծում-արտահանումը ազատականացնել, օլիգարխներին մի փոքր սանձել եւ այլն: Ուղղակի կսկծու փառք Աստծու, պատճառ կա ինչ-որ բանի վրա անընդհատ հենվելու: Ի՞նչ ենք արել՝ բացի գայկեքը ձգելուց, որ բյուջե լցնենք… Խոսում ենք, թե աշխատավարձ ենք բարձրացնում: Մինչդեռ էսօր դպրոցի տնօրենները լցվել էին մոտս, փաստացի Արագածոտնի մարզում 11 տոկոսով աշխատավարձը կրճատվել է: -Պարո՛ն Խաչատրյան, Դուք կարծես չմասնակցեցիք ՄԻՊ-ի ընտրությանը: Ինչո՞ւ: -Օմբուդսմենի հետ կապված թողինք, դուրս եկանք, որովհետեւ ասում է` ինձ համար ամեն մարդու իրավունքը կարեւոր է, ես էլ հարց տվեցի` չգիտե՞ք, որ խորհրդարանը բաղկացած է խմբակցություններից եւ անկախ պատգամավորներից: Ուզում էի ճանաչեի էդ մարդուն, որովհետեւ ես չէի հասկանում` որտեղ ա ծնվել, որտեղ ա դպրոց գնացել, թե՞ արտասահմաններում սովորելուց հետո ա երեւի դպրոց գնալու, կարող ա տենց բան էլ կա: Դե որ ասեց հետո, մենք էլ մեծամասնականներով ասացինք` հետոյով Ձեզ համար կքվեարկենք: Կամ ո՞նց ես պատկերացնում` չճանաչելով մենք կքվեարկե՞նք: Ի՞նչ ա, բոլորին թվում ա` հրամանն եկավ ու վե՞րջ:ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ
ԱՐԱԳԱԾՈՏՆՈՒՄ 11 ՏՈԿՈՍՈՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ